HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

«Մայիսին ստիպված կհեռացնենք»,- ասում է կոնսերվատորայի պրոռեկտորը

Լիլիթ Գեւորգյանն ուսանում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի մեներգեցողության բաժնում: Նա արդեն 3-րդ կուրս է, սովորում է գերազանց:

Սակայն բուհում դարձյալ քննարկման է դրվել Լիլիթի հեռացման հարցը` նա չի կարողանում վճարել ուսման վարձը:

Լիլիթը 21 տարեկան է, ապրում է Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում: Նա միակողմանի ծնողազուրկ է. հայրը տարիներ առաջ մահացել է: Ընտանիքը պահում է մայրը` ուրիշների համար լվացք անելով եւ տուն մաքրելով: Վաստակած գումարը հազիվ հերիքում է ապրելու համար:

Ավարտելով Քանաքեռավանի արվեստի դպրոցը` 2003 թ. Լիլիթն ընդունվել է կոնսերվատորիայի նախապատրաստական բաժին: Առաջին կուրս տեղափոխվելիս նախապատրաստականի քննությունները հանձնել է փայլուն: Սակայն աղջիկն ընդունվել է բուհի վճարովի համակարգ` տարեկան 400 հազար դրամ վարձավճարով:

«Սկզբում դասի չէի ուզում գնալ: Բայց հետո մեզ ասացին, որ իմ վարձը, որպես միակողմանի ծնողազուրկ եւ սոցիալապես անապահով ընտանիքի երեխա, կարող է էականորեն զեղչվել,- պատմում է Լիլիթը:- Դիմեցինք բուհի ռեկտորատ: Ռեկտորի օգնական Շուշան Մեհրաբյանն ասաց, թե առաջին կիսամյակում զեղչեր չեն արվում, որովհետեւ ուսանողներին դեռ չեն ճանաչում»:

«Կրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն` բուհի կանոնակարգով սահմանվել է ուսման վարձերի մասնակի զեղչման կարգ` որոշակի կարգավիճակ ունեցող ուսանողների համար: Թեեւ կարգում ընդգրկված 3 կետերով (միակողմանի ծնողազուրկ, սոցիալապես անապահով ընտանիքի զավակ եւ ուսման մեջ բարձր առաջադիմություն ունեցող) Լիլիթի վարձավճարը պետք է զեղչվեր, դա չի արվել նաեւ առաջին կուրսի 2-րդ կիսամյակում: Բուհի կողմից բերվել է դարձյալ նույն պատճառաբանությունը` «Առաջին կուրսում ուսանողին բավականաչափ չենք ճանաչում»:

«Բացառիկ դեպքերում ենք առաջին կուրսի ուսանողի վարձը զեղչում: Մարդիկ ընդունվում են ու հենց սկզբից պահանջում զեղչ: Որտեղի՞ց զեղչենք, առանց այն էլ բուհերից ամենավատ պայմաններում այսօր կոնսերվատորիան է»,- ասում է կոնսերվատորիայի վճարովի համակարգի գծով պրոռեկտոր Ստեփան Սուքիասյանը եւ զարմանում այն ուսանողների վրա, ովքեր գումար չունեն, բայց ընդունվելիս լրացնում են նաեւ վճարովի համակարգի հայտը. «Թող սպասեն հաջորդ տարի անվճարի համար կպայքարեն»:

Չնայած ուշացումով` Լիլիթի մայրը պարտքով գումար է վերցրել եւ դստեր առաջին կուրսի վարձը մուծել: Երկրորդ կուրսում Լիլիթից պահանջել են անհրաժեշտ փաստաթղթերը եւ 30 տկոսով վարձավճարը զեղչել: Մեկ տարվա համար 400 հազարի փոխարեն այն կազմել է 280 հազար դրամ:

«Այդ ժամանակ «Ծառուկյան» հիմնադրամն ակցիա էր կազմակերպել եւ վճարովի սովորող ուսանողների վարձը վճարում էր: Մենք դիմել էինք հիմնադրամին եւ հույսով սպասում էինք, որ գումարը կփոխանցեն: Բայց մի քանի ամսից հիմնադրամից զանգեցին մեր տուն եւ ասացին, որ ակցիան դադարեցվել է»,- հիշում է Լիլիթը: Վերջինս նշում է, որ իրենք փորձել են հանդիպել անձամբ ԱԺ պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանին. «Բայց ումո՞վ, մարդ չունենք, որ կարողանանք հասնել նրան»:

Անհետեւանք են մնացել նաեւ այն ժամանակ Կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանին եւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանին ուղղված նամակները:

«Ուսանողները տարբեր կառույցների են դիմում, եւ նրանք մեզ գրում են` հնարավորության եւ օրենքի սահմաններում օգնեք: Ո՞ր մեկին օգնենք: Մեկը կամ երկուսը չեն»,- նշում է Ս. Սուքիասյանը:

Լիլիթի մայրը դարձյալ պարտքով, ընդ որում` այս անգամ տոկոսով, գումար է վերցրել եւ ուսման վարձը վճարել: Մինչեւ հիմա նա մուծում է այդ գումարի տոկոսները:

«Մայրս կարողացավ ընդամենը 200 հազար ճարել: Երկրորդ կուրսի վարձից 80 հազար դրամ մինչեւ հիմա պարտք ենք»,- ասում է Լիլիթը: Նա նշում է, որ ժամանակին ինքն էլ է աշխատել եւ փորձել մոր հոգսը թեթեւացնել: «Մանկական սրճարանում որպես դերասանուհի առավոտվա 10-ից մինչեւ գիշերը 11-ն աշխատում էի եւ օրական ստանում ընդամենը 1000 դրամ: Բայց այդ գումարը, ըստ էության, ոչ մի բանով չէր օգնում, ուղղակի դասերից էի հետ մնում»:

Վարձավճարի պարտքի պատճառով Լիլիթին չեն թույլատրել քննություններին մասնակցել: Հետեւաբար, 3-րդ կուրսի առաջին կիսամյակում նրա վարձը չեն զեղչել: Ավելի ուշ, սակայն, դասախոսներն ընդառաջել են ուսանողին եւ քննություններն ընդունել` պայմանով, որ նա հետագայում վարձի պարտքը կվճարի: Իսկ 3-րդ կուրսի 2-րդ կիսամյակում Լիլիթի վարձավճարը զեղչվել է 50 տոկոսով։

«Զեղչերի չափը որոշվում է` ըստ մեր ունեցած գումարների: Այսինքն` եթե քիչ ուսանողների վարձավճարն է զեղչվում, բնական է` զեղչման տոկոսը մեծանում է, իսկ եթե զեղչից օգտվողների թիվը մեծանում է, արդեն փոքրանում է զեղչման չափը,- պարզաբանում է Ս. Սուքիասյանը,- վարձավճարը մոտավորապես զեղչում ենք 30-ից 50 տոկոս: Այն կարող է հասնել մինչեւ 70 տոկոս, եթե ուսանողը դառնա միջազգային որեւէ խոշոր մրցույթի դափնեկիր: Բայց դա հազվադեպ է լինում»:

Ուսման համար բուհին ունեցած Լիլիթի ընդհանուր պարտքն այսօր կազմում է 380 հազար դրամ: «Չգիտեմ` որտեղից հայթայթել նման մեծ գումար: Ես հիմա էլ աշխատանք եմ փնտրում: Բայց ստացվում է, որ կա՛մ պետք է մատուցող աշխատեմ, կա՛մ էլ` վաճառող: Երկու դեպքում էլ աշխատանքը հնարավոր չէ դասերի հետ համատեղել»,- ասում է նա:

«Վարձերը մուծելու վերջին ժամկետը մարտի 15-ն էր: Մենք նորից Լիլիթին ընդառաջել ենք: Բայց արդեն մայիսին ստիպված կհեռացնենք»,- ասում է պրոռեկտոր Ս. Սուքիասյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter