HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Պաշտոնական տվյալներով աղքատությունը կրճատվում է, սակայն իրականությունը հակառակն է հաստատում

Անունդ ի՞նչ է:

Ռոբերտ Ղամբարյան:

Դպրոց գնո՞ւմ ես:

Երկրորդ դասարանում եմ սովորում:

Ձեր տունը ո՞րն է, ծնողներդ տա՞նն են:

Չէ, մամաս եղբորս հետ գնացել է քաղաք` Գյումրի: Իսկ պապաս... Պապայիս չեմ հիշում, ինքը Ռուսաստանում է:

Շիրակի մարզի Շիրակավան գյուղում 8-ամյա Ռոբերտի բախտակիցները քիչ չեն: Գյուղի տղամարդկանց մեծամասնությունը մեկնել է արտագնա աշխատանքի` հիմնականում Ռուսաստան: Գյուղապետ Գեւորգ Հարությունյանի խոսքերով` հատկապես այս տարի մեկնողներն անհամեմատ շատ են եղել: Նրանց մեծ մասը սովորաբար ձմռանը մեկ-երկու ամսով վերադառնում է: Բայց ոմանք տարիներով տանը չեն լինում:

«Երեւի գործները լավ չէ եւ հետ գալու փող չունեն,- եզրակացնում է գյուղապետը,- կամ էլ գերադասում են տոմսի գումարն էլ ուղարկել տուն, որ տնեցիներն այստեղ յոլա գնան»:

Շիրակավանը հիմնադրվել է 18-րդ դարի կեսերին` այսօրվա Ախուրյանի ջրամբարի տարածքում: Սակայն 1982 թ. ջրամբարի կառուցման պատճառով գյուղը մի քանի կիլոմետր տեղափոխվել է դեպի արեւելք` ավելի բարձրադիր գոտի:

«Սա գյուղ չէ, խաբկանք է, որ 25 տարի է` բնակավայրի տեսք չի ստանում,- դժգոհում է շիրակավանցի Սենիկ Բալոյանը:- Նախկին գյուղում ոռոգման ջուր կար, բոստան էինք մշակում, հարստություն ստեղծում: Ցանկացած տեղ 4-6 մ փորում էինք, որակյալ խմելու ջուր էր գալիս: Այստեղ Խորհրդային Միության փլուզումից հետո ոռոգման ջուր չկա: Իսկ խմելու ջուրն օրումեջ են տալիս, այն էլ` կես ժամով»:

«Խմելու ջուրը մղվում է էլեկտրականությամբ աշխատող պոմպի միջոցով, իսկ գյուղում ջրաչափեր տեղադրված չեն: Եթե շուրջօրյա ջրամատակարարում ապահովենք, բնակիչները ջուրը կուղղեն տնամերձին: Դա հոսանքի սպառումը կմեծացնի, որի դիմաց վճարելու հնարավորություն չունենք»,- պարզաբանում է գյուղապետ Գ. Հարությունյանը: Նա վստահեցնում է, որ երկու-երեք տարի հետո ոռոգման ջրի խնդիրը կլուծվի. ««Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով նախատեսված է, որ Կապսի ջրամբարի հաշվին 7-8 համայնքներ, այդ թվում` Շիրակավանը, կունենան ինքնահոս ոռոգման ջուր»:

«Մարդիկ հոգնել են սպասելուց եւ էլ ոչ մի բանի չեն հավատում,- շարունակում է Ս. Բալոյանը,- այսօր գյուղացին ջրի բացակայության պատճառով արտադրողից դարձել է սպառող: Եվ այնքան վատ վիճակում ենք, որ երբ վաճառականներն ապրանք են բերում, եթե բնակիչներից 10-ից մեկն ինչ-որ բան գնի, լավ է: Միայն նայում ենք, ու վերջ»:

Շիրակավանում անասնապահությունը զարգացած չէ: Անկախությունից հետո բնակիչներին բաժանված վարելահողերը գյուղից մոտ 45 կմ հեռու են` Թուրքիայի հետ սահմանագծի ուղեկալից այն կողմ: Արգելափակոցը հաղթահարելու համար հողատերը պետք է ունենա հատուկ անցագիր: Գյուղապետի փոխանցմամբ` այս հողերը թեեւ բերրի են, սակայն անջրդի լինելու պատճառով մշակվում է դրանց միայն 30 տոկոսը:

«Մշակողները ցորեն ու գարի են ցանում: Բայց քանի որ չեն ջրում, բերքատվությունը կրկնակի նվազում է: Մյուս կողմից, հեռու լինելու հետեւանքով, ծախսատարությունը բավականին ավելանում է: Միայն մեկ միավոր տեխնիկան հողատարածք հասցնելու համար գյուղացին վարորդին տալիս է 60 լ դիզվառելիք: Ու դեռ այսքանից հետո ամսվա մեջ 2-3 անգամ սահմանապահները հողատիրոջը չեն թողնում ցանկապատն անցնել` պատճառաբանելով, թե վերեւից ստուգողներ են եկել, կամ ինչ-որ միջադեպ է գրանցվել,- մանրամասնում է շիրակավանցի Միշա Գալստյանը:- Այսինքն` գյուղացու ծախսերը հասնում ու մի բան էլ եկամուտներից անցնում են: Դրա համար էլ շատերն իրենց հողը չեն մշակում»:

Շիրակավանում այսօր ապրում է 234 ընտանիք: Վերջին տասնամյակում ավելի քան 30 ընտանիք հեռացել է: Դպրոցի աշակերտների թիվը հստակ արտացոլում է արտագաղթի դինամիկան: 10 տարի առաջ այստեղ սովորում էր 180 երեխա, իսկ հիմա` 130:

«Երիտասարդության 80 տոկոսը դրսում է: Տղաները զորացրվելուց հետո գյուղից գնում են, որովհետեւ աշխատանք չկա»,- ասում է Մնացական Պետրոսյանը: Վերջինիս 4 որդիներն էլ մեկնել են արտագնա աշխատանքի, իսկ նրանցից երկուսը Ռուսաստան են տեղափոխել նաեւ իրենց ընտանիքներին: Մնացական պապը գնացողներին չի մեղադրում, «որովհետեւ Շիրակավանում ապրելն անտանելի դժվար է»:

«Մեր հարեւան գյուղում նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի պապն էր ապրում: Այդ գյուղը գազաֆիկացրին: Գազատար խողովակը մեր գյուղի կողքին է, բայց մենք գազ չունենք»,- բողոքում է Կարո Երանոսյանը:

«Նախագահական ընտրություններից առաջ բերեցին գյուղում խողովակներ լցրեցին, թե` մեր թեկնածուին կընտրեք (խոսքը Սերժ Սարգսյանի մասին է - Ա. Դ.), գազը կքաշենք: Ընտրեցինք, բայց մենք քաշվանք. գազն այդպես էլ չքաշեցին: Սա վիճակ չէ, ուղղակի անտերություն է»,- հավելում է Ս. Բալոյանը:

«Այս տարի ոչ միայն Շիրակավանը կգազաֆիկացվի, այլեւ Սոցներդումների հիմնադրամի միջոցներով հիմնովին կվերանորոգվի դպրոցի վթարային շենքը: Երկու դեպքում էլ նախագծային եւ նախահաշվային աշխատանքներն ավարտված են, եւ դեռ մարտին շինաշխատանքները պետք է սկսվեին: Պարզապես ֆինանսական ինչ-որ խնդիրներ կան, դրա համար էլ մի քիչ ձգձգվում է»,- ասում է հանրապետական Գ. Հարությունյանը եւ հավաստիացնում, որ առաջիկա տարիներին գյուղում առկա հիմնական պրոբլեմները կլուծվեն:

Սակայն գյուղապետի լավատեսությունը մեր զրուցակից շիրակավանցիները չէին կիսում: Վերջիններս նշում էին, որ, որպես կանոն, իրենց հիշում են միայն ընտրությունից ընտրություն: Հատկանշական է նաեւ, որ նրանցից ոչ ոք տարածաշրջանից պատգամավոր ընտրված Մխիթար Վարագյանի անուն-ազգանունը չգիտեր: «Նույնիսկ դեմքը չենք տեսել, որտեղի՞ց իմանանք»,- ասում էին գյուղացիները եւ նշում, որ «ընտրյալների» հետ իրենք առանձնապես հույսեր չեն կապում:

Շիրակի մարզը Հայաստանի ամենաաղքատ տարածաշրջանն է: Համաձայն Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի (08.05.2008թ.)` այստեղ բնակչության 42,5 տոկոսն աղքատ է: Նախորդ` 2005 թ. ծրագրում այս ցուցանիշը 75 տոկոս էր: Ըստ կառավարության` 3 տարվա ընթացքում մարզում աղքատությունը գրեթե կիսով չափ կրճատվել է` առանց որեւէ գործոնի ազդեցության: Իրականում, սակայն, պատկերը բոլորովին այլ է: Այս ընթացքում մարդիկ շարունակել են ընտանիքներով արտագաղթել, մարզում արտադրական ձեռնարկություններ եւ աշխատատեղեր, ըստ էության, չեն ստեղծվել, իսկ առաջին անհրաժեշտության ապրանքների գները զգալիորեն աճել են: Թե ինչպես է աղքատությունը նման պայմաններում հաղթահարվել, ուղղակի անհասկանալի է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter