HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ջորջ Նաջարյանի ներկայացուցիչն առաջարկում է կալանավորել մեղադրյալին

Գրիգոր Իգիթյանին մեղադրանք է առաջադրվել ամերիկահայ բարերարներ Ջորջ եւ Քերոլայն Նաջարյանների գույքին խարդախությամբ տիրանալու համար:

Մինչ այդ երեք տարի շարունակ դատախազությունը հրաժարվում էր մեղադրանք առաջադրել, իսկ այդ ընթացքում բարերարները դատարաններով փորձում էին պայքարել դատախազության դեմ: Ի վերջո, դատախազությունը մեղադրանքն առաջադրեց, սակայն այժմ էլ գործը շրջապտույտի մեջ է հայտնվել դատարանում: 2007 թ. մարտից գործը դատավոր Ժորա Վարդանյանի նախագահությամբ լսվում է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում:

Դեռ անցյալ տարվա մայիսի 24-ի նիստին Նաջարյանների շահերի ներկայացուցիչ Հրայր Ղուկասյանը դատարանին խնդրեց կանխել պաշտպանական կողմի «տարաբնույթ կիսախելամիտ, իսկ երբեմն էլ անհեթեթ պատճառաբանություններով» դատավարությունը հետաձգելու փորձերը:

«... Շուրջ 2,5 ամիս տեւող դատական քննության ընթացքում հարցաքննվել է ընդամենը երկու վկա, ինչն ակնհայտորեն ցույց է տալիս այս պարզ գործի քննությունն արհեստականորեն ձգձգելու, այն «հավերժական դատավարության» վերածելու` ամբաստանյալի եւ նրա պաշտպանի չքողարկված մտադրությունը»,- այն ժամանակ հայտարարել էր Նաջարյանների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Հ. Ղուկասյանը:

Անցել է ավելի քան մեկ տարի: Բուն դատաքննությունը, ըստ էության, ավարտվել է, եւ հերթը հասել է ճառերին, որից հետո դատավորը պետք է կայացնի վճիռ: Սակայն այս տարվա մայիսի 6-ից դատական նիստերը հաջորդաբար հետաձգվում են:

«Պաշտպան Կրոմվել Գրիգորյանը սիստեմատիկ չի գալիս դատական նիստերին: Հիմնական պատճառաբանությունները նրանք են, թե իբր ինքն այդ ժամին մի ուրիշ տեղ դատական նիստ ունի կամ մասնակցում է հարցաքննության, ինչը, ըստ էության, ստուգել հնարավոր չէ»,- ասում է տուժողի փաստաբանը: Նրա խոսքերով` սա նախեւառաջ անհարգալից վերաբերմունք է դատարանի նկատմամբ եւ արժեր, որ վերջինիս միջնորդությամբ Փաստաբանների պալատը քննության առներ Կ. Գրիգորյանի վարքագիծը:

«Մինչեւ հիմա դատարանում հետազոտված բոլոր ապացույցները եղել են ամբաստանյալի դեմ, եւ պաշտպանության կողմը շատ լավ հասկանում է, որ մեղադրանքի հաստատումն անխուսափելի է: Ուստի, սա դատավճռի հետաձգման վերջին ճիգն է»,- համոզված է Հ. Ղուկասյանը:

Եթե մեղադրանքը հաստատվի, Գ. Իգիթյանին սպասվում է 4-ից 8 տարվա ազատազրկում` գույքի բռնագրավումով: Նրա փաստաբանի գործելակերպը կարող է «ստիպել» դատավորին` գործում ներգրավել նոր պաշտպան: Ըստ էության, պաշտպանական կողմը հենց սրան էլ ձգտում է: Որովհետեւ նոր փաստաբանը, գործի նյութերին ծանոթանալու համար, դատարանից ժամանակ պետք է խնդրի, կարող է տարբեր միջնորդություններ անել եւ ինչ-որ մարդկանց նորից հարցաքննելու պահանջ ներկայացնել: Այս պարագայում դատավարությունը կարող է շարունակվել եւս մեկ տարի, իսկ գործի քննությունը կվերածվի Ղուկասյանի կանխատեսած «հավերժական դատավարության»:

«Փաստաբանի փոփոխության հարցը դատարանը պետք է լուծի` հաշվի առնելով գործի բարդությունը եւ ծախսված ժամանակը: Դատաքննությունը տեւել է մեկ տարուց ավելի, եւ այսօր պաշտպանին անհրաժեշտ է ընդամենը մեկ ժամ` ճառն արտասանելու համար: Ակնհայտ է, որ սրա պատճառով նրան փոխելն արդարադատության շահերից չի բխի»,- ասում է տուժողի ներկայացուցիչ Հ. Ղուկասյանը: Նրա կարծիքով` փաստաբան Կ. Գրիգորյանի վարքագիծն իրականում ուղղորդված է մեղադրյալի կողմից, «որովհետեւ, վերջին հաշվով, պաշտպանը ներկայացնող սուբյեկտ է եւ գործի ձգձգմամբ անձնական շահագրգռություն չունի»:

«Սա այն վիճակի հետեւանքն է, որ ժամանակին Իգիթյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը չընտրվեց, թեեւ դրա համար գործում կան բավարար հիմքեր: Եթե նա կալանավորված լիներ, մի բան էլ ինքը կխնդրեր, որ ամեն օր նիստ նշանակվեր ու դատավարությունը շուտ ավարտվեր»,- ասում է Հ. Ղուկասյանը եւ նշում, թե ստեղծված իրադրությունից դուրս գալու ամենակարճ ճանապարհը մեղադրյալին կալանավորելն է:

«Ճիշտ է` նա բոլոր նիստերին ներկայանում է եւ արտաքուստ, կարծես թե, դատաքննությանը չի խոչընդոտում, բայց բոլորիս համար էլ պարզ է, թե ինչն ինչոց է: Ըստ էության, պաշտպանության կողմը դատարանին ստիպում է դիմել այդ ծայրահեղ քայլին եւ ընդունել կալանավորման որոշում»,- ասում է տուժողի շահերի ներկայացուցիչը:

Թե ինչպես կվարվի դատավոր Ժ. Վարդանյանը, առաժմ հայտնի չէ: Վերջին օրերին պաշտպան Կ. Գրիգորյանը նույնիսկ չի պատասխանում դատարանի եւ Նաջարյանների փաստաբանի հեռախոսազանգերին, ինչի պատճառով էլ չեն կարողանում նշանակել դատական նիստի օրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter