HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Քոչարյանի գործով ներկայացվեցին դատախազության և տուժողների վերաքննիչ բողոքները

Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արմեն Դանիելյանին ներկայացված ինքնաբացարկի մի շարք միջնորդություններից ու նիստի ընթացակարգի վերաբերյալ քննարկումներից հետո այսօր սկսվեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբորտ Քոչարյանի կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխելու և «Մարտի 1-ից» անջատված մասով գործի վարույթը կասեցնելու որոշման դեմ բողոքների բուն քննությունը:

Վերը նշված որոշումները, հիշեցնենք, կայացրել է առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, ում մակագրվել է Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործի քննությունը:

Մայիսի 18-ին Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ փոխելու և մայիսի 20-ին գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու որոշումների դեմ բողոքներ են ներկայացրել դատախազությունը, տուժող Արթուր Ավագյանի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն ու տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը: Վերջինս, հիշեցնենք, երեկ ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր և Վերաքննիչ դատարանում բողոքի քննությանը չի մասնակցում: Գրիգորյանի բողոքը դատարանում ընթերցեց Սեդա Սաֆարյանը:

Դատական նիստի ընթացքում «Մարտի 1-ի գործի» նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազ Պետրոս Պետրոսյանը հայտարարեց, որ առաջին ատյանի դատարանն իր կայացրած որոշումներով դատական սխալ է թույլ տվել, որը էական ազդեցություն է ունեցել գործի ելքի վրա:

Ըստ դատախազի` թեև դատարանը գտել է, որ Քոչարյանին վերագրվող Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածում հիմնավոր կասկած կա՝ առանց պատճառաբանության միտք է արտահայտել այն մասին, թե առկա են որոշակի կասկածներ Քոչարյանին վերագրվող արարքի սահմանադրականության հարցում:

Նշենք, որ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը սահմանում է Քոչարյանին վերագրվող «սահմանադրական կարգի տապալումը»:

Պետրոս Պետրոսյանի խոսքով` այս արարքում հիմնավոր կասկածի առկայությունը փաստելուց հետո դատարանը չէր կարող բարձրացնել սահմանադրականության հարց:

Ըստ դատախազի՝ Քոչարյանին վերագրվող արարքում նրա առնչության վերաբերյալ հիմնավոր կասկածից վեր դատողություններ հնարավոր էր անել միայն դատաքննության փուլում՝ գործում առկա փաստական հանգամանքները հետազոտելով:

Անդրադառնալով Քոչարյանին վերագրվող կաշառքի դրվագի վերաբերյալ դատարանի արած դատողություններին՝ Պետրոսյանը նշեց, որ առաջին ատյանի դատարանը ոչ թե իր ձեռքի տակ եղած մեծածավալ նյութերի ուսումնասիրության, այլ այս դրվագի վերաբերյալ այլ դատարանների դատական ակտերի է հղում կատարել:

Նշենք, որ առաջին ատյանի դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը, գործի նախաքննության փուլում քննելով Քոչարյանի խափանման միջոց կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) միջնորդություններից մեկը, գտել էր, որ նրան մեղսագրվող կաշառքի դրվագում առկա չէ հիմնավոր կասկած, և Վերաքննիչ դատարանն այս որոշումն ուժի մեջ էր թողել:

Ըստ Պետրոս Պետրոսյանի՝ Քոչարյանին վերագրվող կաշառքի դրվագն ապացուցող բազմաթիվ ապացույցներ կան, գործում առկա է Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի, երեք ընկերությունների բանկային գաղտնիք համարվող տվյալներ, ցուցմունքներ գործարար Սիլվա Համբարձումյանի՝ Վարդան Օսկանյանի միջոցով Քոչարյանին դիմելու և նրա համաձայնությունը ստանալու, Սամվել Մայրապետյանի միջոցով Քոչարյանին կաշառք փոխանցելու վերաբերյալ:

Պետրոսյանն ասաց, որ մեղադրյալ Քոչարյանի խափանման միջոցի գործով որոշում կայացնելիս դատարանը հաշվի չի առել նրա կապերը, նախկինում զբաղեցրած բարձր պաշտոնը, ֆինանսական մեծ կարողությունները:

«Որևէ ուշադրութան չեն արժանացել մեղադրյալին մեղսագրված արարքների կատարման հանգամանքները, հատկապես կախված՝ այդիպիսիք բացահայտելու հեռանկարը առավելագույնս բացառելու, հնարավոր հետքերը թաքցնելու ուղղությամբ դրսևորած համակողմանի վարքագիծը, մասնավորապես՝ սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողությունների ընթացքում մերձավոր շրջապատի, թիկնազորի անդամներին կամ վստահելի, այդ թվում՝ հանցավոր հեղինակություն ունեցող անձանց ինքնությունը դեպքերի մասնակցության իրական շարժառիթները քողարկելու նպատակով զինվորական համազգեստով հանդերձավորելը, զինծառայողների համազգեստի տարբերանշաներն ու զինվորական համարանիշերը փոփոխելու, իսկ դեպքից անմիջապես հետո դեպքի «բացահայտման» գործողություններն իրականում դեպքի հանգամանքները թաքցնելուն ծառայեցնելը, դեպքի վայրից հայտնաբերված պարկուճները փոխելը, ՀՀ նախագահի օգնականների անմիջական մասնակցությամբ բանակի ներգրավման հանգամանքները, ոստիկանության ծառայողների գործողությունների իրական շարժառիթը թաքցնելու նպատակով ձեռնարկված գործողությունները»,- ասաց Պետրոսյանը

Վերջինս շեշտեց նաև, որ դատարանն ուշադրություն չի դարձել այն հանգամանքին, որ գործի վերաբերյալ տեղեկություն ունեցող անձինք հիմնականում մեղադրյալ Քոչարյանի անմիջական ենթականեր են հանդիսացել, ովքեր տևական ժամանակ կախվածություն են ունեցել վերջինիցս, ուշադրություն չի դարձվել այն հանգամանքին, որ այդ անձանց ճնշող մեծամասնության գործողությունները  քրեաիրավական գնահատման հեռանկար ունեն, ինչն արդեն իսկ գործի օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննության համար լուրջ խոչընդոտ է:

Ըստ Պետրոս Պետրոսյանի՝ ստեղծված պայմաններում Քոչարյանի պատշաճ վարքագիծը հնարավոր չէ ապահովել որևէ այլ միջոցով, քան կալանավորմամբ:

Մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանն իր խոսքում անօրինական և անհիմն որակեց առաջին ատյանի դատարանի որոշումը գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ:

Բիշարյանի խոսքով` դատարանը գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշում կարող է կայացնել, եթե իր վարույթում գտնվող գործով  հիմնավոր կասկածներ է ունենում, որ կիրառման ենթակա օրենքը կամ այլ իրավական ակտը հակասում է Սահմանադրությանը, և տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառմամբ:

Ըստ Բիշարյանի՝ դատավոր Դավիթ Գրիգորյանն իրենց վիճակած դատական ակտում նշել է, որ հիմնավոր կասկածներ ունի Քոչարյանին վերագրվող 300.1 հոդվածի և մինչև Քրեական օրենսգրքի փոփոխությունները, պայմանականորեն ասած, նախկին Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի սահմանադրականության հարցում, իսկ Քոչարյանի և «Մարտի 1-ի գործով» մյուս մեղադրյալների դեպքում այդ իրավիճակը չէր: Ըստ դատախազի` Քոչարյանին վերագրվող 300.1 հոդվածն անձի վիճակը վատթարացնող չէ:

Դատարանում ելույթ ունեցավ նաև գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը` ըստ էության իր խոսքում ամփոփելով Բիշարյանի և Պետրոսյանի բողոքում մատնանշած հանգամանքները, և դատարանում ևս կրկնեց այն, ինչ նիստի մեկնարկին ասել էր լրագրողների հետ զրույցում:

«Այս դատավարությունը վատ օրինակ է, որ ամեն մարդ պատասխան է տալու իր արարքի համար»,- ասաց Արթուր Դավթյանը: Վերջինս իր խոսքում նաև հարց բարձրացրեց, թե ինչպես կարող էր արդարադատությանը հակված դատավորի մոտ պարզաբանման անհրաժեշտություն չառաջանալ, թե ինչպես է մեղադրյալի 26-ամյա որդու (խոսքը Սեդրակ Քոչարյանի մասին է, այդ ժամանակ նա 26 տարեկան էր, հեղ.) բանկային հաշիվներին շուրջ 18 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի և արտաժույթների մուտքեր եղել:

Այսօր դատարանում ելույթ ունեցան նաև մարտին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ սպանված Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը, Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը, Տիգրան Աբգարյանի մայրը՝ Ռուզաննա Հարությունյանը:

Սարգիս Քլոյանը հիշեց իր տղայի մահվան հանգամանքները:

«Մարտ 1-ին՝ ժամը 9:10-ին, զանգահարել եմ իմ տղային, զանգը գնում էր, վերցնող չկար, վերջապես վերցրեց մեկ աղջիկ, ասեց՝ ում զանգում եք, գտնվում է վիրահատարանում: Ես գնացի մինչև Զաքյան փողոց, անցա փշալարարերը, մոստի վրա տեսա արյան լճակ: Գնացի, կանգնեցի էդտեղ: 3 ամիս հետո քննիչի հետ գնացել եմ դեպքի վայր, որտեղ քննիչը հաստատեց, որ դա իմ երեխայի արյան լճակն ա եղել: Ի՞նչ եմ տեսել, ավտոմատ կալաշնիկովներ, դիպուկահարները վերևից խփում էին, ներքևից հատուկ միջոցները խփում էին, իմ տղային խփել են 40 մետր հեռավորության վրա՝ 90 աստիճանի անկյան տակ»,- ասաց Քլոյանը՝ նշելով թե քննիչն իրեն շարունակ ասել է, թե իր երեխան մահացել է զենքի ոչ ճիշտ օգտագործման հետևանքով:

«Ինչ եմ ուզում ասել. ի՞նչն էր խանգարում Ռոբերտ Քոչարյանին, մի հատ հրաման արձակեր, ասեր՝ չկրակեք ժողովրդի վրա, ինչ ուզում եք, արեք՝ ձերբակալեք, ծեծեք, չկրակեք ժողովրդի վրա»,- ասաց Սարգիս Քլոյանը:

«Իմ որդուն 33 տարեկան հասակում գնդակահարեցին իր, ժողովրդի ազատության գնով»,- հայտարարեց Վաչագան Ֆարմանյանը:

«Ես երանի կտայի, որ իմ որդին խփվեր Ղարաբաղի սահմանում, ոչ թե Հայաստանի կենտրոնում: Ո՞վ էր իրավունք տվել նրանց, որ իմ տղի կյանքը խլեին, իրե՞նք էին պահել, մեծացրել: Իմ փոքր որդին Ղարաբաղում սահման էր պահում, երբ որ եղբորը սպանեցին, եւ նա եկավ, մի շաբաթում հնարավորություն կար նրան ետ չուղարկելու, բայց ես ասացի՝ տղա՛ ջան, գնա եւ ծառայի: Ո՞վ է պատասխան տալու 10 զոհերի համար, մեկն ու մեկը պե՞տք է պատասխան տա: Այդ ժամանակ գերագույն գլխավոր հրամանատարը, և հանրապետության նախագահը եղել է Ռոբերտ Քոչարյանը, գոնե մեկ անգամ գոնե հայտարարություն աներ՝ ուղղված զոհերի ծնողներին: Անպատիժ չեն մնալու»,- ասաց Վաչագան Ֆարմանյանը:

Ոստիկանության զորքերի ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանի մայրը նշեց, որ եթե ցուցարարները խանութներ էին թալանում ու անկարգություններ անում, ու կրակելու հրաման էր տրվել, ապա իր որդին սպանվել է Լեոյի փողոցում, որտեղ ցուցարարներ չեն եղել, անկարգություններ չեն եղել:

«Ինչի՞ համար իմ էրեխեն զոհվեց, ով եկավ, հասավ Լեոյի փողոց ու սնայպերով գնդակով խփեց, իմ էրեխու վիզը ջարդեց»,- ասաց Ռուզաննա Հովհաննիսյանը:

Այսօրվա նիստը հետաձգվեց, կշարունակվի վաղը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter