HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բախշյան. «Օրենքի հետ կապված այն հույսը, որ հայտնում է հանրապետության նախագահը, կրկին չի իրականանալու»

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի հայտարարությունը Հանրային հեռուստաընկերության «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակներում

Մենք` Ազգային ժողովի պատգամավորներս, ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության ամենաներկայացուցչական մարմինը, որը մեծ պատիվ է յուրաքանչյուրիս համար առանձին - առանձին եւ այն  քաղաքական ուժի համար, որը ներկայացնում ենք:

Մեր վարքագիծը խոշորացույցի տակ է եւ հասարակության համար օրինակ է ծառայում թե լավ, թե վատ տեսակետից:

Անշուշտ ԱԺ-ում գործող խմբակցությունների համար շատ կարեւոր պետք է լինի իրենց մեջ ունենալ օրինակելի պատգամավորներ, որոնք հասարակության համար ներկայանալի լինեն հատկապես իրենց օրինական վարքագծով ու ենթարկվեն ՀՀ Սահմանադրությանն ու գործող ԱԺ կանոնակարգ օրենքին եւ իրենց գործունեությամբ նպաստեն Ազգային ժողովի նկատմամբ վստահության ու հարգանքի ձեւավորմանը:

Այս օրերին Ազգային ժողովում քննարկվում է կանոնակարգ օրենքի փոփոխության նախագիծ, որի մի հոդվածը` պատգամավորի էթիկայի կանոնները վերնագրով, պատգամավորի ամենօրյա վարքագծին ներկայացվող պահանջներն են` պատգամավորներն անհարգելի չբացակայեն, հարգեն եւ ենթարկվեն օրենքին, որն արգելում է միմյանց փոխարեն գրանցվելն ու քվեարկելը, հարգեն հանրության բարոյական նորմերը, հարգալից վերաբերմունք դրսեւորեն միմյանց նկատմամբ, չզբաղվեն ձեռնարկատիրական գործունեությամբ:

Հասարակությունն անշուշտ լրատվական միջոցներից տեղյակ է, թե ինչպես են պատգամավորներն առանց ամաչելու գրանցվում ու քվեարկում միմյանց փոխարեն, որը գործող օրենքով արդեն անթույլատրելի է, սակայն այս երեւույթը պատշաճ հակազդեցության չի հանդիպում Ազգային ժողովի նախագահության կողմից:

Նշեմ, որ ուրիշի փոխարեն քվեարկող պատգամավորներից  է նաեւ սույն նախագծի հեղինակներից մեկը:

Ես սեւեռվում եմ այս անօրինականության վրա, որովհետեւ ուրիշի ձայնը կեղծելը կամ խլելը սկսվում է հենց այստեղից ու այստեղ է երեւում մոտակա ընտրությունների ժամանակ արդար քվեարկություն անցկացնելու իշխող քաղաքական ուժերի իրական կամքը:

Այսօրվա ԱԺ-ում գործող կոալիցիոն պատգամավորների մի մասը` հատկապես մեծամասնականով ընտրված, ընտրությունների ժամանակ այլ մեխանիզմ, քան կաշառք բաժանելու միջոցով ձայները առնելը, չեն պատկերացնում, որովհետեւ քաղաքացու ընտրելու անձեռնմխելի իրավունքի` քվեարկության նկատմամբ ունեն այնպիսի վերաբերմունք, ինչպիսին դրսեւորում են այս դահլիճում:

Հետեւաբար, չգիտեմ` ի՞նչ է փոխվելու այս օրենքն ընդունելով:

Կամ, այսօր էլ գործող պատգամավորներից շատերը, ովքեր հասարակությանը հայտնի են ձեռնարկատիրական գործունեությամբ, հայտարարում են, որ իրենց անունով բիզնես չունեն կամ, որ այն հանձնել են հավատարմագրային կառավարման:

Այսինքն, այս օրենքի ընդունմամբ ոչինչ չի փոխվի, եւ բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատելու օրենքի հետ կապված այն հույսը, որ հայտնում է հանրապետության նախագահը, կրկին չի իրականանալու:

Արժե այստեղ հիշատակել արդեն մեկ ամիս գործող Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի մասին, որը գործունեության լայն դաշտ ունի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից իրենց դիրքը չարաշահելու մասին լրատվությունը ողողած տեղեկատվությամբ, սակայն նրանից դեռեւս ոչ մի ձայն դուրս չի եկել:

Վերջապես, այս նախագծով ի՞նչ ավել լիազորություն է տրված այս հանձնաժողովին, որը պակասում էր գործող Կանոնակարգով, որպեսզի ԱԺ-ի նախագահությունը ցանկության դեպքում կարգի հրավիրեր օրինախախտ պատգամավորին` ոչ մի:

Այ, եթե սույն փոփոխությամբ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովին տրվի պատգամավորին ետ կանչելու կամ անձեռնմխելիությունից զրկելու որոշումով Ազգային ժողովին դիմելու լիազորություն, ապա ամեն ինչ կընկնի իր տեղը:

Ինչեւէ, տպավորություն ունեմ, որ այս նախագիծը գրվել է գրելու եւ ընդամենը հայտարարելու համար, թե իշխանությունը պայքարում է օլիգոպոլիայի դեմ:

Հետո էլ ասելու ենք.«ուզում էինք լավ բան անել, բայց ստացվեց ինչպես միշտ» եւ ցավոք, ավելի ենք հեղինակազրկելու Ազգային ժողովը, այսինքն` պետությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter