HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անցած, բայց ոչ մոռացված

Դոկտոր Քրիստին Ալիսոնը չի գրավում հայերի ուշադրությունը, երբ Երեւանի Հանրապետության հրապարակի սրճարանում սահուն կուրմանջի քրդերենով խոսում է բջջային հեռախոսով, սակայն եզդիական փոքրիկ Օրթաչայա գյուղում նա ուշադրության կենտրոնում է։ Արագածոտնի մարզի եզդիական գյուղերի կողքին գտնվող Օրթաչայան միգուցե Հայաստանի եւ դրսի հայերի ու քրդերի ուշադրությունից դուրս մնա, բայց երբ Ալիսոնն է զբաղվում դրանով, ամեն ինչ, անկասկած, կփոխվի։

41-ամյա բրիտանացի գիտնականը այժմ ապրում է Փարիզում եւ, որպես եզդիների եւ քրդերի բանավոր պատմական ավանդության ուսումնասիրության մի մաս, ծրագրում է Օրթաչայա գյուղի պատմական հիշողության օնլայն ինտերնետային էջ պատրաստել։

Հիմա Ալիսոնը Հայաստանում է երրորդ անգամ: Նա եկել է՝ հատուկ մասնակցելու գյուղի եզդիների նախնիների և նոր մահացածների ամենամյա հիշատակի արարողությանը: Ըստ քրդագետի՝ Հայաստանը կարող է կուրմանջիագիտության կենտրոն լինել։

«Ինձ հիմնականում հետաքրքրում է այս գյուղի պատմությունը,-ասում է նա,- եւ այն փաստը, որ մարդիկ կարեւորում են իրենց հարազատներին հուղարկավորել այստեղ, եթե նույնիսկ նրանք լքել են այն, եւ կանոնավոր կերպով այցելում են գյուղ։ Ինձ հատկապես հետաքրքրում է, թե ինչպես է բանահյուսությունը պատմություն դառնում։ Սա ավանդական բանավոր պատմության աշխատանք չէ, այլ՝ հետազոտություն, թե ինչպես է անցյալի մասին ինֆորմացիան, որը մինչև վերջերս համարյա բացառապես բանավոր էր, կառուցվում եւ փոխանցվում քրդերի կողմից։

Լինելով աշխարհի ամենամեծ ազգն առանց պետության՝ քրդական ազգային քննախոսությունը զարգացել է այն մակարդակի, որ «քուրդ ազգ» հասկացությունը հիմնավորված է շատ քրդերի համար, հսկայական ազդեցություն ունի նրանց պատմության գործում»:

Ալիսոնն ասում է, որ Հայաստանի շրջանների ներկայիս տնտեսական վիճակի արդյունքում գյուղերն, ընդհանուր առմամբ, դատարկվել են, այդ թվում նաեւ շատ եզդիներ գաղթել են Ռուսաստան՝ աշխատանք գտնելու։ «Քանի որ նրանք փոքրաթիվ են, բնակիչների դատարկվելը լուրջ նշանակություն ունի նրանց յուրահատուկ մշակույթի եւ ավանդույթների գոյատեւման համար,-բացատրում է նա,-իմ ինտերնետային էջը նախնական փուլում է, բայց դա իմ աշխատանքի մի մասն է, եւ գաղափարը՝ այն հասանելի դարձնել նաեւ համայնքի անդամների համար։

Այսպիսի ինտերնետային էջը կարող է օգտակար ռեսուրս դառնալ տեղի մարդկանց համար, եւ հատկապես ինձ համար՝ որպես հետազոտողի, հետաքրքիր փորձանյութ լինել»։

Տեքստը եւ լուսանկարները՝ Օնիկ Գրիգորյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter