HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Տեղեր գյուղում վերջին անգամ երեխա է ծնվել 6 տարի առաջ

Արագածոտնի մարզի Տեղեր գյուղում վերջին անգամ երեխա է ծնվել 6 տարի առաջ։ Այս իրադարձության մասին տեղերցիները լավ են հիշում։ Սակայն երեխան արդեն մի քանի տարի է՝ չի բնակվում Տեղերում. ընտանիքի հետ տեղափոխվել է այլ գյուղ։

Տեղեր գյուղում չկան երեխաներ և աշակերտներ, գյուղը չունի դպրոց և մանկապարտեզ։ Չնայած գյուղամիջում կա մանկական փոքր խաղահրապարակ, սակայն այն նախատեսված է զբոսաշրջիկ կամ հյուր եկած երեխաների համար։

Տեղերը մի քանի անգամ լքվել ու վերաբնակեցվել է։ Վերջին վերաբնակեցումը եղել է 1989 թվականին։ Դրանից առաջ՝ 1962 թվականին, տեղերցիներին տեղափոխել և բնակեցրել էին Պռոշյան համայնքում։

Գյուղն այժմ ունի 195 բնակիչ, սակայն նրանց զգալի մասը գյուղ է վերադառնում ամռանը՝ ամառանոցային հանգստի։

Գյուղի փողոցներում հիմնականում մեծահասակներն են, որոնք գյուղը չեն լքում, թեև նրանց երեխաները բնակության են տեղափոխվել այլ համայնքներ։

Օրինակ, Վալյա Սարգսյանը Տեղերում է բնակվում 1960 թվականից։ Գյուղում այժմ միայնակ է, վերադարձել է՝ ամուսնու հայրական տունը վերականգնելու, իր ծերությունն այնտեղ անցկացնելու։

Վալյա Սարգսյանը Տեղերից Պռոշյան է տեղափոխվել հարս գալուց երկու տարի անց։ Պատմում է՝ 1962 թվականին իրենց տեղափոխել են Պռոշյան պատճառաբանելով, որ այդ կերպ գյուղն առավել կզարգանա, տեղում էլ կկառուցվի «ՀայԷլեկտրո» գործարանի «Մոր և մանկան» հանգստի գոտին։

Սակայն 1968թ․-ին, երբ որոշվել է գյուղը կրկին վերաբնակեցնել, Վալյան ամուսնու և երեխաների հետ վերադարձել է Տեղեր։

Տիկին Վալյան հիշում է՝ երբ նոր էր եկել հարս, գյուղն ուներ մի քանի հարյուր բնակիչ, երեխա ունեցող բազմաթիվ ընտանիքներ, գյուղում գործում էր միջնակարգ դպրոց։

Պատում է, որ վերաբնակեցումից հետո այնտեղ հիմնականում վերադարձել են տարեցները, երիտասարդներն էլ տարեցտարի լքել են գյուղը։ «Ու այդպես գյուղը սկսեց ծերանալ։ Շատ եմ ափսոսում, որ գյուղում այժմ երեխա ու դպրոց չկա։ Գյուղը շատ լավն է եղել։ Տեղի բնակիչներն էլ շատ լավն են»,- ասում է նա և հիշում, թե ինչպես էր Տեղերում ծնված վերջին երեխայի համար օժիտ պատրաստել։ 

Տեղերի համայնքապետ Գառնիկ Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ բնակչության թիվը նվազում է ծերերի մահացության պատճառով։ Գյուղի հիմնական խնդիր է համարում խմելու ջրի անբավարարությունը:

«Ինձ չի թվում՝ գյուղատնտեսությունն այստեղ լավ կզարգանա, քանի որ ոռոգման ջրի խնդիր էլ ունենք օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Գյուղում պետք է միայն տուրիզմը զարգանա և վերջ, պատմական տուրիզմը»,- ասում է Գառնիկ Հովհաննիսյանը։

 

Լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter