HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Լիլիթ Գալստյան. «Ո՞նց կարողացանք անկախ երկրում էսքան ստրուկ և ծառա բուծել»

ՀՀԿ-ական պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը փետրվարի 12-ի ՏԻՄ ընտրությունները գնահատում է նորմալ: Ըստ նրա՝ դրանք անցել են առանց խնդիրների: Գրանցված արդյունքները խոսուն փաստեր են. ՏԻՄ ընտրությունների հաղթողների մոտ 82%-ը ՀՀԿ ներկայացուցիչ է: Նման արդյուքներ եղել են նաև նախորդ ընտրությունների ժամանակ, ինչը խոսում է ՀՀԿ-ի հաջողությունների մասին:

«Այս ընտրությունների արդյունքները մեզ համար լավ հիմք են, այնպիսի հաջողություններ, որ կարող ենք նաև արձանագրել առաջիկա ԱԺ ընտրություններին»,- այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Մինչդեռ ասուլիսի մյուս բանախոսը՝ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը, ասաց, որ եթե ՏԻՄ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն արձանագրել է 80 և ավելի տոկոս հաջողություն, ապա օգտագործվել է «քաղաքական մեծամասնության ադմինիստրատիվ ռեսուրս»: Նրա կարծիքով՝ ՀՀԿ-ն միակ քաղաքական ուժը չէ, որի հետ հույս է կապում հայ ժողովուրդը:

Ա. Հովհաննիսյանն առաջարկեց չշահարկել ընտրությունների արդյունքների թվերը, քանի որ դրանք միանգամից չեն ծնվում. ՀՀԿ ներկայացուցիչները տեղերում պայքարում են և ստանում բնակչության վստահության քվեն:

Այնինչ, Լ. Գալստյանի կարծիքով՝ Հայաստանում ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտը, սոցիալական ծանր վիճակը, քաղաքական իրադրությունը նպաստում են, որ Հայաստանում չլինի ազատ քաղաքացի: Եվ եթե ՀՀԿ-ն վստահ է իր ձայների հարցում, ապա ՀՅԴ ներկայացուցիչն առաջարկում է դրսևորել քաղաքական կամք և մայիսին անցկացնել լրիվ համամասնական ընտրություններ:

Ի պատասխան՝ ՀՀԿ ներկայացուցիչը նշեց, որ ընտրության ձևը կարևոր չէ՝ համամասնական, թե մեծամասնական: Կարևոր են ներկայացված ծրագրերն ու մթնոլորտը և այն, թե ինչպիսի ընտրություն է անցկացվում: Նրա կարծիքով՝ փետրվարի 12-ի ՏԻՄ ընտրությունները ապացուցում են ՀՀԿ-ի, ինչպես նաև Սերժ Սարգսյանի այն հայտարարությունները, թե ընտրություններն անցնելու են բարձր մակարդակով: Կան խնդիրներ, բայց դրանք լուծվում են: Ա. Հովհաննիսյանը համոզված է, որ առկա վիճակը բարելավվելու է:

Լ. Գալստյանը հակադարձեց, որ եթե ժողովուրդը 80 և ավելի տոկոսով վստահում է ՀՀԿ-ին՝ իշխող քաղաքական ուժին, ապա ինչո՞ւ է ամեն տարի երկրից արտագաղթում պաշտոնական տվյալներով 50 հազար մարդ: Անընդհատ խոսվում է էթիկայի հանձանժողովի ստեղծման մասին, սահմանադրական իրավունքերից, ՀՀԿ-ն դառնում է ԵԺԿ անդամ, այնուհետև ՀՀԿ ներկայացուցիչները ԱԺ-ում քվեարկում են միմյանց փոխարեն: Լ. Գալստյանը նշում է, որ փաստորեն այդ համոզմամբ ու բարոյականությամբ է ՀՀԿ-ն գնում ընտրությունների:

Լ. Գալստյանը հավելեց, որ այսօր հայ մարդը Հայաստանում արժեք չունի և լքում է երկիրը: Հիմա երևանցիները պայքարում են կանաչ տարածքի համար, նրա համար, որ հանրային զբոսայգին տոնավաճառ չդառնա: 90-ականների «գավառական տոնավաճառի մտածողությունից» ու «սեղանիկի հոգեբանությունից» այն կողմ ոչինչ չի փոխվել:

Լ. Գալստյանի կարծիքով՝ արժեքների հեղափոխության, քաղաքակրթության համար պայքարի խնդիր կա. պետք է արթնացնել այն քաղաքացուն, որն արժանապատվություն ունի: «Ես անընդհատ ինձ հարց եմ տալիս՝ ո՞նց կարողացանք անկախ երկրում էսքան ստրուկ և ծառա բուծել»,- հավելեց Լ. Գալստյանը:

Մեկնաբանություններ (2)

Царукян
Читайте Пушкина )))
Armen
Մեր 20 տարիներ ձեռքբերումներից մեկն էլ հենց անկախ պետության անկախ քաղաքացու ձևավորումն էր հայկական ձևաչափով` տեր ու ծառայի հոգեբանությամբ, Գիքորի հնարավորությամբ, Քաջնազարի բախտով: Մի խոսքով կեցե մեր ժամանակների գուշակ լուսահոգի մեծն Թումանյան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter