HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Նախկին զինծառայողի գործով ՊՆ-ում ծառայողական քննություն է սկսվել

Նախկին զինծառայող Ցոլակ Խաչատրյանի իրավունքների խախտումները պարզելու, փոխհատուցման հնարավորությունը և կարգը հստակեցնելու նպատակով պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրատապ հանձնարարությամբ անցկացվում է ծառայողական քննություն։ Այս մասին «Հետք»-ին տեղեկացրեց Ցոլակ Խաչատրյանը՝ տրամադրելով վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին ուղղված՝ նախարար Դավիթ Տոնոյանի պատասխան նամակը։

Ցոլակ Խաչատրյանը նախորդ ամիս հացադուլ էր անցկացնում կառավարության շենքի դիմաց։ Նա պահանջում էր, որ ՊՆ-ն իրեն վճարի զինվորական ծառայությունից ազատ արձակելու ժամանակ հատկացվող աշխատավարձի միանվագ 15-ապատիկ գումարը, ինչպես նաև շաբաթ օրերին աշխատելու դիմաց փոխհատուցում տրամադրի։ Խաչատրյանը հացադուլ էր հայտարարել այն բանից հետո, երբ ՊՆ-ն չէր արձագանքել մարդու իրավունքների պաշտպանի կողմից՝ իր իրավունքների խախտումներն արձանագրող որոշմանը։

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն իր նամակում տեղեկացրել է, որ վարչապետի հանձնարարականը կատարելու վերաբերյալ հայտնում է, որ ՄԻՊ-ի որոշումը ՊՆ-ում մուտքագրվելուց հետո իր հանձնարարությամբ գործում առկա փաստաթղթերը ենթարկվել են մանրակրկիտ ուսումնասիրության։ «Գործն ուսումնասիրվել է նաև ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի կողմից, որը հանգել է այն եզրակացության, որ Ցոլակ Խաչատրյանին պահեստազոր արձակելու գործընթացում առկա են առերևույթ անճշտություններ և թերացումներ»,- հայտնել է Դավիթ Տոնոյանը։

Ուսումնասիրության արդյուքնները քննարկվել են նախարարի տեղակալի մոտ՝ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։ Նախարարի կողմից տրվել է հրատապ հանձնարարություն՝ անցկացնելու ծառայողական քննություն՝ առկա թերացումները պարզելու, փոխհատուցման հնարավորությունը, ինչպես նաև կարգը հստակեցնելու նպատակով։ 

Այս տեղեկությունը վարչապետի աշխատակազմին է փոխանցվել օգոստոսի 1-ին։ Ցոլակ Խաչատրյանը նկատում է, որ ՊՆ-ում ՄԻՊ-ի որոշումն ստացել են մարտ ամսին, և, փաստորեն, 5 ամիսը բավարար չի եղել, որպեսզի ուսումնասիրեն և խախտումները վերացնեն։

Բացի այդ պաշտպանության նախարարն անդրադարձել է միայն աշխատավարձի 15-ապատիկի խնդրի՝ անտեսելով կամ շրջանցելով շաբաթ օրերին աշխատեցնելու և չվճարելու խնդիրը։  Նախկին զինծառայողն այս ամենից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանին ևս մեկ նամակ է գրել՝ ներկայացնելով ՊՆ-ի կողմից խնդրի լուծումն արհեստական ձգձգելու վերաբերյալ իր մտահոգությունները։

Լուսանկարում՝ Ցոլակ Խաչատրյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter