HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կենտրոն վարչական շրջանում կայանված «Մերսեդեսներից» գողություններ են կատարվել

Օգոստոսի 22-ի գիշերը Կենտրոն վարչական տարածքում` փողոցներում, բակերում կայանված «Մերսեդես» մակնիշի մեքենաներից գողություններ էին կատարվել: Գողության մասին առաջին ահազանգը ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից ժամը 10:50-ին ստացվեց: Հայտնում էին, որ գիշերը գողացել են Թումանյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված օտարերկրյա դիվանագիտական ծառայության «Մերսեդես» մակնիշի մեքենայի կողային հայելիները:

Ինչպես հաղորդում է ոստիկանության լրատվական ծառայությունը, մեկնած օպերատիվ խումբը դեռ դեպքի վայրում էր, երբ օպերատիվ կառավարման կենտրոնից նոր ահազանգ ստացվեց: Գիշերը Սարյան փողոցի շենքերից մեկի բակում դարձյալ «Մերսեդեսի» կողային հայելիներ էին գողացել: Երկու ժամ անց բաժնում հաղորդում տվեց ևս մեկ քաղաքացի` նույնաբովանդակ մի գողություն էլ Լեոի փողոցում էր կատարվել: Մեքենան կրկին «Մերսեդես» մակնիշի էր:

Հետաքննություն իրականացնող մարմինը անհայտ անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեց: Ուսումնասիրվեցին հարակից շենքերի և օբյեկտների մոտ տեղադրված տեսախցիկների տեսագրությունները: Տեսահսկող սարքերը ֆիքսել էին գողություն անող երիտասարդին: 

Սակայն կասկածյալի միայն արտաքին նկարագիրը պարզելը բացահայտման համար քիչ էր. անհրաժեշտ էր ճշտել անձնական տվյալները, գտնվելու վայրը և, որ ամենակարևորն էր, հայտնաբերել նրան: 

Ըստ հաղորդագրության վերջին հաղորդումից րոպեներ անց քրեական հետախույզները պարզեցին կասկածյալի ինքնությունը: 21-ամյա երիտասարդը, որ Ամիրյան փողոցի բնակիչ էր, բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին: Նա տվել է խոստովանական բացատրություն: 

Գողոնը մասամբ հայտնաբերվել է:  Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter