HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դեռեւս Իսրայելի կարգավիճակում չենք, որ յուրաքանչյուր նման քայլը թմբկահարենք»

«Հետքի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Անուշ Սեդրակյանը

-Տիկին Սեդրակյան, օրեր առաջ ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հաստատել է լուրը, որ Տավուշում՝ Ադրբեջանի հետ սահմանագծում, հայկական զինուժը բարելավել է մարտական դիրքերը: Ռազմավարական ու նաեւ հոգեբանական առումով ի՞նչ ազդեցություն սա կարող է ունենալ հակամարտող կողմերի վրա:

-Իհարկե, դա ֆենոմենալ լավ լուր է բոլորիս համար, եւ դա չի կարելի ժխտել, բայց տեսեք. մի կողմից՝ բանակցությունները, մյուս կողմից՝ Հայաստանի կնճռոտ վիճակը, Հայաստանին սպասվող տարբեր դատավարությունները՝ մարտի 1-ից սկսած, «Լիդիանի» արբիտրաժային դատավարությամբ վերջացրած, որը, հուսով եմ, կլինի, հասկանում ենք, որ այս պարագայում ՊՆ-ի այդ հրապարակումն օբյեկտիվորեն ուներ դրական գործունեության, շարժը ներկայացնելու դեր:

Սակայն կարծում եմ, որ շատ լավ կլիներ, եթե դա ներկայացվեր որպես մամուլի արտահոսք, այլ ոչ որպես ՊՆ-ի պաշտոնական հայտարարություն, քանի որ կան նաեւ դրա կողմնակի ազդեցությունները, որոնք ոչ ոք դեռևս չի կանգնեցրել եւ դրանց դեմը չի կարող առնել: Իհարկե, լուրն անչափ ուրախալի է, սակայն պետք է մտածել դրա մատուցման ձեւերի մասին՝ չափակշռելով: Ո՛չ վատ լուրերը, որոնք թշնամին կարող է օգտագործել, ո՛չ լավ լուրերը, որ կարող են օգտագործել միջազգային հարթակներում, բացեիբաց հայտարարել պետք չէ: Ինչքան էլ մենք խաղաղության քարոզ անենք, դա հասու չէ մեր թշնամուն, մենք գտնվում ենք բավականին լարված սահմանային իրավիճակում:

-Խոսքն ի՞նչ կողմնակի ազդեցության մասին է:

-Օրինակ, դա կարող են ներկայացնել որպես ագրեսիա, կամ որ նույնիսկ ՊՆ-ն դրանով պարծենում է: Մենք դեռեւս Իսրայելի կարգավիճակում չենք, որ յուրաքանչյուր նման քայլը թմբկահարենք: Դեռեւս հեղհեղուկ կարգավիճակում ենք: Դա խորհրդի կարգով եմ ասում, քանի որ երեւի չկա ավելի ուրախ մարդ այդ լուրից, քան ես:

Բոլորս էլ գիտենք, թե ինչ կարեւոր է բարոյական, մարտունակ բանակի ամեն հաղթանակը Հայաստանի համար՝ լինի դիրքային, գործնական, թե մարտունակության եւ մարզունակության հրաշքներ ցույց տալու օրինակ, բոլոր պարագաներում բանակը Հայաստանի համար ամենակարեւոր մարտահրավերն է՝ առանց չափազանցնելու, ավելի կարեւոր, քան բնապահպանությունը, ժողովրդավարությունը, որովհետեւ բանակը միակ կայացած կառույցն է այս ամբողջ տարիներին, եւ մենք պետք է շատ ամուր պահենք այն:

ախորդ շաբաթ ՊՆ-ն հայտնեց, որ Չինարիի հատվածում հակառակորդը կորցրել է երբեմնի բացարձակ դիրքային առավելությունը, ինչն անիմաստ է դարձնում նրա կողմից նախահարձակ լինելը: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ նշել է, որ մեր բանակը վերահսկողություն է հաստատել Վրաստանից Հայաստան մտնող գազամուղի եւ ավտոմայրուղու, ինչպես նաեւ ադրբեջանական մի քանի գյուղեր տանող ճանապարհների նկատմամբ: Քաղաքական առումով սա ինչպիսի՞ առավելություն կարելի է համարել ռազմաշունչ հայտարարություններով աչքի ընկնող պաշտոնական Բաքվի հանդեպ:

-Քաղաքականության մեջ չկա ավելի հզոր խաղաքարտ, քան սեփական սահմանները պաշտպանելու տվյալ պետության կարողությունը: Ոչ մի պետություն, որ սկսում է դրսից մարդ կանչել ու ասել՝ եկեք պաշտպանեք իմ սահմանները, հաղթելու շանս չունի: Տեսնում ենք բազմաթիվ կոնֆլիկտների մեջ գտնվող պետություններ, որոնք պահպանում են իրենց տարածքը, որովհետեւ իրենք են պաշտպանում այդ սահմանը, ինչպես ասենք, Իսրայելը: Տեսնում ենք բազմաթիվ պետություններ, որոնք կորցնում են տարածքը, քանի որ դրսից մարդ են կանչում, արդարություն են պահանջում:

Մեր պատմության ընթացքում մենք հասկացել ենք, որ չի կարելի դրսից արդարություն եւ օգնություն պահանջել ու ակնկալել: Ներսում այդ հարցերը լուծելու կարողությունը լավագույն կարողություններից է, եթե այն զուգորդվում է ճիշտ իրավական, դիվանագիտական, ինֆորմացիոն մատուցմամբ: Իհարկե, դա պետք է շատ գեղեցիկ փաթեթավորել նաեւ դրսի լսարանի համար, որպեսզի անշեղորեն ցույց տանք, որ մենք ընդամենը պաշտպանվում ենք, բայց պաշտպանվում ենք շատ արդյունավետ: Ինչպես չհիշեմ իսրայելցի դոկտորի այն նախադասությունը, որ ասում է՝ եթե հարձակվում ես թշնամու վրա, որ կանխես նրա հարձակումը, ուրեմն դու պաշտպանվում ես: Հրեական ինչ գեղեցիկ փաթեթավորմամբ է ներկայացվում, եւ կարելի է որդեգրել սա:

-Վերջերս Արցախի պաշտպանության բանակի զինծառայողը հայտնվեց ադրբեջանական կողմում: Ի տարբերություն նախորդ դեպքերի, երբ Տավուշի հատվածից հակառակորդի մոտ էին հայտնվում մեր քաղաքացիական անձինք, որոնց ադրբեջանցիները, իրենց զինվորական հանդերձանքը հագցրած, ներկայացնում էին որպես դիվերսանտ, այս անգամ հակառակորդը հայ զինծառայողի վերաբերյալ այդպիսի բան չի հայտարարել, այնինչ թվում է, թե դրան ոչինչ չէր խանգարում: Ի՞նչ է փոխվել Բաքվի դիրքորոշման մեջ, Արցախում դատապարտված իրենց 2 դիվերսանտին վերադարձնելու հույսը մարե՞լ է:

-Ոչ միայն դա, իսկ գուցե նրանք մտածում են հետագայում օգտագործել այդ խաղաքարտը: Կարծում եմ՝ ադրբեջանաթուրքական դիվանագիտության երկերեսանիությունը, խարդախությունն անսպառ է: Նրանցից միշտ պետք է ակնկալել ամենավատը եւ մտածել, որ ոչ թե վախեցած են, այլ մտմտում են հերթական ստորությունն անել: Հավատացնում եմ՝ շատ հեռու եմ ազգային դիսկրիմինացիայից, խոսում եմ զուտ պետական ռեժիմային պահվածքի մասին, իսկ թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան բռնապետություններ են, եւ իրենց ռեժիմի (ոչ ժողովրդի) քայլերը այդ կողմից են ներկայանում: Դեռ պետք է սպասենք եւ տեսնենք, թե ուր են տանում Բաքվի այդ քայլերը, դեռեւս վստահաբար չենք կարող ասել:

Մեկնաբանություններ (2)

Վահագն
Աստված մի արասցե, որ հանկարծ, ինչ որ մի օր ֆաշիստական, մարդասպան Իսրայելի կարգավիճաճում լինենք։
Արտակ Չալւուշյան
Հին իմասությունը ասում է «ճանաչիր թշնամուտ որպեսզի հաղթես նրան»։ Իսկ «Կումայրի մեծ տիկնոչ պատմություններ» գրքում ասվում է «որսորդը պիտի իր որսի պես դատի, գործի և նույնանա իր որսի հետ որպեսզի կադողանա որսալ նրան»։ Այս Ա Պետդոսյանի գիրքը կարդագի կնոչս հրդորով և շատ զարմացա գեղեցիկ շարահյուսության, մտքի և իհարկե ընդհանուր պատկերի վրա։ Խորհուրդ եմ տալիս կարդալ այս գիդքը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter