HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Մեր նմաններին իրանք մենակ ընտրության օրերին կհիշեն, էդ վախտ մեկ էլ կհասկնան, օր մարդ ենք, փողոցի անտեր շուն չենք»

Նկատելով հայացքս` կինը փորձում է թիկունքում թաքցնել սեւացած ձեռքերը: «Իրիկվա կողմ Լեննականի լուբոյ փողոցի աղբարկղի մոտ ընձի կըրնաք տեսնիք զիբլի արկղը քջջելով: Ըդուր համար էլ ձեռքերս էս օրին են, վառելիք կհավաքեմ` թուղթ, յուղի աման, պլասմասե շիշ, ինչ հնարավոր է վառել, կբերեմ տուն, օր պեչկը վառենք, յոլա էրթանք, գոնե նպաստն էլ տանք հաց առնինք ուտենք»,-մի տեսակ ամաչելով ու քաշվելով հայտնում է 55-ամյա Ժենյա Գրիգորյանը:

Կնոջ դեմքին գծագրվող ժպիտը բավական խղճուկ է ստացվում, ասում է հայ կնոջը վայել չէ, ինչ անում է, ամաչում է, երբ աղբարկղի մոտ իրեն ծանոթ մարդիկ են տեսնում, բայց ապրել պետք է` թեկուզ աղբարկղից վառելիք հայթայթելու գնով: «Հետո միշտ մտածել եմ, օր լավ մարդիկ հըլը չեն վերացել էս երկրի վրայից ու մե օրմ էլ իմ ու աղջկաս համար լույս կբացվի մե տեղիցմ»,-ինքն իրեն հուսադրում է Ժենյա Գրիգորյանը:

Չնայած ձայնի մեջ հնչող լավատեսական նոտային, այնուամենայնիվ խոստովանում է, որ մի պահ թույլ է գտնվել եւ ցանկացել ինքնասպան լինել, որովհետեւ ինքն ու 14-ամյա դուստրը օրերը կիսասոված են մթնեցնում, երեխան ցրտից կապտած մատները մի կերպ տաքացնելով է փորձում դպրոցում հանձնարարված գրավոր աշխատանքները կատարել ու ինքը` որպես ծնող, իրավիճակը շտկելու հնարավորություն չունի:

«Էդ օրն էլ էնքան էի հուսահատվել, օր կմտածեի` երեխուս ձեռից բռնեմ, էրթամ ընձի մոստից գցեմ: Ըսիկ ինչ ապրել է, օր մենք կապրինք, ոչ նորմալ տուն ունինք, ոչ աշխատանք ունինք: Հըմի մենակ 25-ից 30 տարեկաններին գործի կընդունեն: Ես գործից փախնող չեմ: Ես դվոռնիկ աշխատելու համար քաղաքապետարան էլ եմ գնացել, ընձի կըսեն գնա, գարունը բացվի գուկաս: Ըբը ես սաղ աշուն-ձմեռ ինչո՞վ ապրիմ: Օր 50 տարեկան ենք հաց ուտել չենք ուզե՞, օր 50 տարեկան ենք շոր հագնել չենք ուզե՞, մարդամեջ դուրս գալ չենք ուզե՞: Երեխա կպահենք վերջը: Միակ գործն օր արդեն եղավ 5-6 տարի կենեմ, Զբաղվածության կենտրոնի ծրագրերին մասնակցելս է: Ապրի տիկին Ադամյանի արեւն, օր ամեն անգամ էդ աշխատանքներում ընձի կընդգրկե»,-ասում է Ժենյա Գրիգորյանը:

Տիկին Ժենյան 14-ամյա դստեր`Սյուզաննայի հետ ապրում է նախկին թիվ 11 դպրոցի կիսաքանդ շենքի մի սենյակում, որտեղ ոչ զուգարան կա, ոչ ջրի ծորակ: Շաբաթներով չեն կարողանում լողանալ, լվացքն անում են ամիսը կամ 2 ամիսը մեկ անգամ: Ժենյա Գրիգորյանն անօթեւանի կարգավիճակ չունի, իսկ դա նշանակում է, որ պետությունը նրան բնակարան չի հատկացնելու: Ընդամենը 20 հազար դրամ նպաստ են ստանում Գրիգորյաններն ու շատ հաճախ չգիտեն հաց առնեն այդ գումարին, թե դեղորայք: Սյուզաննան լյարդ-լեղապարկի հիվանդություն ունի: Երեխան սովորում է Գյումրիի թիվ 29 դպրոցի 7-րդ դասարանում: Այս ուսումնական տարում արդեն 200 ժամ բացակայություն է գրանցվել Սյուզաննայի անվան դիմաց:

«Շատ ժամանակ չի գնացել, նեղվել է, օր դպրոցում դասագրքի, ֆոնդի փող են ուզել, չենք կարողացել տալ: Չի գնացել, որովհետեւ ցրտերին համապատասխան հագուստ ու կոշիկ չի ունեցել: Էս ձմռան ցրտին երեխես ուրիշի տված կարկատած սապոգներով դասի կերթա: Հիմի նորից մրսել, հիվանդացել է, արդեն շաբաթմ էղավ անկողնային պառկած է, կհազա, մենք էլ 3-րդ օրն է թաղային բժշկին կսպասենք, հըլը չի էկել, օր տեսնինք ինչ դեղ ու դարման պիտի էնենք երեխուս,-ասում է տիկին Ժենյան ու հետն էլ նեղսրտում,-չնայած օր դեղ էլ գրե, հեչ չիդեմ, թե ինչով պիտի առնիմ: Էն օրը գնացել էի`Ապարի` Վարդեւան Գրիգորյանի գրասենյակ, իրան չտեսա, բայց ընդեղ նստած աղջիկն ընպես կոպտեց, օր դռան տեղը մոռացա: Մեր նմաններին իրանք մենակ ընտրության օրերին կհիշեն, էդ վախտ մեկ էլ կհասկնան, օր մարդ ենք, փողոցի անտեր շուն չենք»:

Սյուզաննային հարցնում եմ, թե ինչ է անելու, եթե հանկարծ բացակայությունների պատճառով դուրս թողնեն հանրակրթական դպրոցից: «Եսիմ,-աղջիկն ուսերն է թոթվում,-կարողա դուրս չմնամ: Դե ինչ էնեմ, օր շուտ-շուտ կհիվանդանամ»: Սյուզաննան ասում է, որ դպրոցում սիրած առարկաները հայոց լեզուն ու հայ գրականությունն են, թեպետ միջին գնահատականներ է ստանում նույնիսկ այդ առարկաներից, իսկ աշխարհում ամենաշատը պարել է սիրում: Տարի ու կես է արդեն Սյուզաննան հաճախում է «Կումայրի» պարի ստուդիա: Մայրն անչափ գոհ է ստուդիայի ղեկավարից, ով հաշվի առնելով իրենց ընտանեկան սուղ պայմանները, հրաժարվում է վարձ վերցնել իր աշխատասեր ու ընդունակ սանուհուց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter