HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Նոր համաձայնագրով «Վեոլիա ջուր»-ը լրացուցիչ արտոնություններ է ստացել, իսկ Կառավարությունը լրացուցիչ պարտավորություններ է ստանձնել

«Վեոլիա ջուր» ընկերությունը նոր տնօրեն ունի՝ գլխավոր տնօրենի նոր պաշտոնակատար է նշանակվել ընկերության վարչական եւ ֆինանսական տնօրեն Մարիաննա Շահինյանը: «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրենի արդեն նախկին պաշտոնակատար Գոռ Գրիգորյանն աշխատանքից ազատվել էր օգոստոսի 29-ին, «Վեոլիա գրուպ» ֆրանսիական կազմակերպության որոշումով։

Վերջինս պաշտոնանկ արվեց այն բանից հետո, երբ «Հետք»-ի բացահայտումները  Կառավարությանը հարկադրեցին վերսկսել բանակցությունները «Վեոլիա Գրուպ»-ի հետ: Ինչպես նշել ենք մեր հրապարակման մեջ, «Վեոլիա ջուր» ընկերության գործունեության վերաբերյալ անցյալ տարվա կոռուպցիոն բացահայտումից հետո բարձրացված աղմուկը որոշ ժամանակ անց, ֆրանսիական կողմի հետ բանակցություններից հետո, մոռացության տրվեց: Կառավարությունն «արխիվացրեց» ընկերությունում տեղի ունեցող ֆինանսական չարաշահումների վերաբերյալ աղմկահարույց պատմությունը եւ սառեցրեց հարուցված քրեական գործի քննությունը:

«Վեոլիա ջուր» ընկերությունում տեղի ունեցող ապօրինությունների վերաբերյալ «Հետք»-ի շարունակական հրապարակումներից հետո՝ ««Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն ներմուծում է ստանդարտներին չհամապատասխանող ջրաչափեր, որոնց աշխատանքի ճշգրտությունը խիստ կասկածելի է», ««Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն բաժանորդների ջրաչափերը փոխարինելուց հետո անհիմն վերահաշվարկներ է ներկայացնում», «Թե ինչպես է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն անհիմն հարստանում՝ ունեզրկելով բաժանորդներին», Հայաստանի կառավարությունն այս ամռանը հարկադրված եղավ վերսկսել բանակցությունները: Ամռան վերջին, իբրև փոխզիջում, «Վեոլիա գրուպ»-ը պաշտոնանկ արեց տնօրենի պաշտոնակատար Գ. Գրիգորյանին:

Համացանցում հրապարակվեցին «Վեոլիա ջուր» ընկերության մյուս տնօրենների, նաեւ ընկերությունում առանցքային պաշտոններ զբաղեցնող այլ անձանց դիմումներն իրենց աշխատանքից ազատելու մասին: Ինչպես արդեն հայտնել ենք մեր հրապարակումներում, «Վեոլիա ջուր»-ը կառավարում էին Գ. Գրիգորյանն իր ուսանողական ընկերների և ազգականների հետ: Գլխավոր տնօրենի պաշտոնանկությունից հետո ընկերության ստորաբաժանումների տնօրենների պաշտոնները զբաղեցնող նրա ընկերները աշխատանքից ազատվելու դիմումներ են ներկայացրել նորանշանակ տնօրենին, սակայն դեռեւս շարունակում են աշխատել:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «Վեոլիա» ընկերության Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիի հետ այս անգամ բանակցում էր տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Նախարարությունը 2019 թ. հուլիսի 23-ին տեղեկացրեց, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ջրամատակարարման ոլորտում կատարողական ցուցանիշներին, համակարգի արդյունավետության բարձրացման ու կորուստների նվազեցման ուղղությամբ համատեղ ներդրումային ծրագրերին, սակագնային քաղաքականությանն առնչվող հարցեր։

«Ջրային համակարգի ենթակառուցվածքների զարգացման համար նախատեսված վարկային միջոցներին զուգահեռ՝ մեր Կառավարությունը նպատակ ունի ներդնել հավելյալ ֆինանսական միջոցներ, ինչի արդյունքում առաջիկա տարիներին հնարավոր կլինի լուծել բազմաթիվ համայնքներում ջրամատակարարման եւ ջրահեռացման հետ կապված հրատապ խնդիրներ»,- հանդիպման ժամանակ խոստացել էր նախարար Սուրեն Պապիկյանը։

Թե որքանով են կառուցողական եղել այս հանդիպում-քննարկումները, արտացոլված է նշված հանդիպումից անմիջապես հետո, հուլիսի 25-ին կողմերի միջեւ կնքված նոր համաձայնագրում։ Այս համաձայնագիրը 13-րդն է 2016 թ.-ի նոյեմբերի 21-ից հետո, երբ կնքվեց Հայաստանի խմելու ջրի համակարգը «Վեոլիա Օ-Կոմպանի Ժենեղալ դե Օ» ֆրանսիական ընկերության կառավարմանը հանձնելու պայմանագիրը:

Սույն համաձայնագրով, որը հաստատել են՝ Հայաստանի անունից Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը, «Վեոլիա ջրի» արդեն նախկին ժ/պ Գոռ Գրիգորյանը եւ «Վեոլիա Օ-Կոմպանի Ժենեղալ դե Օ» ընկերության անունից Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրին, Հայաստանի կառավարությունը էական զիջումների է գնացել:

Ներդրումների մասով համաձայնել են. «Հաշվի առնելով այն փաստը, որ Վարձատուի (Հայաստանի կառավարության) կողմից նախատեսված ներդրումները դեռեւս ամբողջովին չեն կատարվել, Վարձակալի (Վեոլիա ջրի) կողմից տարեկան գործունեության համար հիմնական կատարողական ցուցանիշները (ՀԷՑ) չկատարելու դեպքում նախատեսվող տուժանքները 2018-21 թթ.-ի համար չեն կիրառվում վարձակալի նկատմամբ

Համաձայնագրով ավելի քան 9 մլրդ 323 մլն դրամով նվազեցվել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի ստանձնած ներդրումները: Ընկերությունն առաջիկա երկու տարիներին՝ 2020-21 թթ.-ին ազատվել է պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրով (ՊԿԱԾ) ստանձնած տարեկան մինչեւ 2,7 մլրդ դրամի ներդրում կատարելու պարտավորությունից: 

Ջրակորուստների մասով, որը  80 %-ի է հասնում, որոշել են՝ ջրաչափեր տեղադրել բարձրահարկ շենքերի մուտքերին, որով կիրականացնեն «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ջրի ծավալի չափումը շենքում տեղադրված յուրաքանչյուր եւ բոլոր անհատական ջրաչափերով եւ կհամեմատեն այդ շենքի բոլոր բաժանորդների համար գրանցված ջրաչափված ընդհանուր ծավալի հետ: Այն դեպքում, երբ մոնիտորինգը ցույց տա շենքերի մուտքագծերին չափված ջրի ծավալների եւ նշված շենքում բնակվող բաժանորդների համար գրանցված ջրաչափված ընդհանուր ծավալի միջեւ տարբերություն, կողմերը պետք է ուսումնասիրեն եւ գտնեն որեւէ հնարավոր լուծում չհաշվառված ջրի հաշվարկման մեթոդաբանության վրա դրա ազդեցությունը մեղմացնելու նպատակով:

Փոխզիջման արդյունքում՝ Կառավարությունը պետական բյուջեից խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համար սուբսիդավորում չի հատկացնի «Վեոլիա ջրին»: Բնակիչներս նշված ծառայությունների համար կշարունակենք վճարել գործող սակագներով:

Նախկին տնօրեն Գոռ Գրիգորյանը օգոստոսի սկզբին նոր սակագնային հայտը ներկայացրել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ) եւ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հանձնաժողով ներկայացված խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) սակագների ճշգրտման հայտը 07.08.2019 թ. ընդունվել է ուսումնասիրության (գրություն):

Համաձայնագիրը կնքելու օրն իսկ Կառավարությունն իր ստանձնած պարտավորությունների մասով առաջին որոշումը կայացրել է. պետական բյուջեից Ջրային կոմիտեին հատկացրել է 450 մլն 517 հազար դրամ՝  համաձայնագրով նախատեսված 12 օբյեկտներից 10-ի գծով պատշաճ ջրամատակարարում ապահովելու կապիտալ աշխատանքների իրականացման համար:

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն էլ բարձրահարկ շենքերի մուտքերի մոտ ջրաչափեր է տեղադրել:

Նախարար Սուրեն Պապիկյանը Մալիկա Գենդուրիի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել էր նաեւ Երեւանի «Աէրացիա» կեղտաջրերի մաքրման կայանի վերագործարկման հնարավորության հարցին: Նոր կնքված համաձայնագիրը, սակայն, շրջանցում է այս կարեւորագույն հարցը: Կեղտաջրերի մաքրման, մասնավորապես «Աէրացիա» կայանի չաշխատելու հետեւանքով առաջացած խնդիրներին մանրամասնորեն անդրադարձել ենք մեր հրապարակման մեջ: Հայաստանում ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցումը ստանձնած «Վեոլիա ջուր»-ը կեղտաջրերի մաքրում չի իրականացնում, սակայն բաժանորդներից բոլոր գանձումները պարտաճանաչ կատարում է: Կեղտաջրերի մաքրման ծառայություն չմատուցելու համար դարձյալ վերահաշվարկ չի կատարվել եւ գումարից չի նվազեցվել, բավարարվել են միայն պետական բյուջեից սուբսիդիա չհատկացնելով:

Սուբսիդավորում չտրամադրելը այս հարցի լուծում չի կարող համարվել, քանի որ բնակիչները շարունակելու են վճարել չմատուցվող ծառայության դիմաց: Նշենք, որ չմաքրված կեղտաջրերը կայանից դուրս են գալիս եւ լցվում Հրազդան գետ, իսկ գետի ջուրն էլ օգտագործվում է Արարատյան դաշտի մշակովի հողատարածքները ոռոգելու նպատակով:

Համաձայնագիրը չի անդրադարձել նաեւ նախորդ իշխանության հետ կոռուպցիոն գործարքների արդյունքում ընկերությանը տրված արտոնյալ կարգավիճակին, որով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) խմելու ջրի մատակարարին չի դիտարկել հանրային ծառայություն մատուցող: Այդպիսով, «Վեոլիա ջուր»-ն ազատվել է հրապարակային գնումներ կատարելու պարտավորվածությունից եւ գործում է բացառիկ արտոնյալ կարգավիճակով, անվերահսկելի ու անպատասխանատու գործելաոճով:

Հիշեցնենք, որ ՀԾԿՀ-ն հաստատել էր «Գնումների կարգերի նկատմամբ լրացուցիչ պահանջների սահմանման ենթակա հանրային կազմակերպությունների ցանկը...», որում «Վեոլիա ջուր» ընդգրկված չէ: ՀԾԿՀ-ն, եթե չվերանայի իր 2017 թ. սեպտեմբերի 13-ի թիվ 391 Ա որոշումը եւ «Վեոլիա ջրին» չպարտավորեցնի գործել «Գնումների մասին» օրենքի սահմանած կանոններով, կնշանակի պաշտպանում է այն կոռուպցիոն սխեման, որն ընկերությունում հաստատել էին նախկին գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյանն իր ընկերների հետ:

Վերջիններս համակարգում աշխատել են դեռեւս «Երեւան ջուր» ընկերության գործունեության ժամանակվանից, հիմնել են իրենց ընկերությունները` այդ գործում ներգրավելով համակուրսեցի այլ ընկերների:

Նկարում Գոռ Գրիգորյանի ու համակուրսեցիների ընկերություններն են (տես՝ գրաֆիկական պատկերը) 

veolia-jur-schema.png (594 KB)

Հիշյալ ընկերությունների բաժնետերերը եւ տնօրենները դարձյալ նրանց համակուրսեցիներն են, որոնք այդ տարիներից սկսած՝ իրականացրել են նախկինում՝ «Երեւան ջուր» ՓԲԸ-ի, այնուհետեւ «Վեոլիա ջրի» շինարարական աշխատանքները, դարձել են մրցույթների հաղթողներ:

Ս. Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ Մալիկա Գենդուրին կարեւորել էր փոխվստահության մթնոլորտի վերականգնումը: Գլխավոր տնօրենին աշխատանքից ազատելը չի կարող փոխվստահություն ստեղծել, դրա համար հարկավոր է օրինականության դաշտում գործել: 

Մեկնաբանություններ (1)

Արտուր
Ջրագողության համար հայտնել եմ ձեզ եվ իմ տան տակից հեռացնեն ջրագիծը եվ ջրահեռացումը իրենք եկել են եվ արձանագրել են փաստերը բայց հարեվանը իրենց հեռանալուց հետո ինտենսիվ աշխատանքներ է տանում իմ տան տակը քանդելով եվ խողովակ փոխելու պատրվակով , ուստի իմ դիմումը անտեսվել է վիոլյա ջրի կողմից խնդրում եմ իմ տան տակից 20տարի ապորենի ջրագիծը եվ ջրահեռացումը հանել քանիվոր հետագա պատնություններից զերց մնամ իրենք ուրիշ տեղից երշու գծեր ունեն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter