Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հանրային հեռուստաընկերություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հանրային հեռուստաընկերություն։ Վարչապետը տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում։
Վարչապետի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել հեռուստաընկերությունում, մասնավորապես, եղել է արխիվի նոր մասնաշենքում՝ ծանոթացել կատարված աշխատանքներին և տեղադրված նոր տեխնիկական միջոցներին: Արխիվային նոր մասնաշենքը համալրվել է թվայնացման և արխիվային նյութերի վերականգնման ժամանակակից սարքավորումներով՝ JICA պետական գործակալության աջակցությամբ:
Կառավարության ղեկավարը եղել է նաև եթերային բաժնում, որտեղ նրան են ներկայացվել հեռուստաեթերի բովանդակային և տեխնիկական որակի բարձրացման ուղղությամբ իրականացված աշխատանքները:
Այնուհետև վարչապետը խորհրդակցություն է անցկացրել Հանրային հեռուստաընկերության ղեկավար անձնակազմի և ստեղծագործական խմբի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ներկայացվել է Առաջին ալիքի աշխատանքային հաշվետվությունը:
Կառավարության ղեկավարը ներկա է գտնվել նաև Հանրային հեռուստաընկերությունում կազմակերպված «Ժամանակների խաչմերուկ» համերգ-նախագծի նկարահանմանը:
Մեկնաբանել