HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում մեկնարկել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի 10-րդ վեհաժողովը

Երևանում մեկնարկել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի 10-րդ ընդհանուր վեհաժողովը, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանել Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի նախագահ Քրիստոֆ Գրոլիմունդը և կրթության որակի ապահովման 100-ից ավելի հեղինակավոր մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից։ Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մասնակիցներին ողջունել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը` նշելով, որ վեհաժողովի անցկացումը մեր երկրում, ինչպես նաև 2015 թվականին Երևանում տեղի ունեցած եվրոպական բարձագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովը հավելյալ հնարավորություն են` եվրոպական կրթական հանրության ուշադրությունն ուղղելու դեպի Հայաստան, որտեղ բարձրագույն կրթության համակարգը դինամիկ փոփոխությունների փուլում է:

«Բարեփոխումներում մենք առանձնահատուկ կարևորություն ենք տալիս որակի ապահովման համակարգի հզորացմանը և ամրապնդմանը՝ հավատարմագրման գործընթացներն առանցքային խթան դարձնելով բարձրագույն կրթության ծրագրերի արդիականացման, դասավանդման, ուսումնառության և գնահատման եղանակների բազմազանեցման, որակավորումների ճանաչման դյուրացման, դասախոսների և ուսանողների շարժունության հնարավորությունների ընդլայնման, կրթության և հետազոտության հետագա ինտեգրման` ի շահ մեր հիմնական շահակիցների` ուսանողների:

Այժմ ակտիվ քննարկումներ են ընթանում Բարձրագույն կրթության և գիտության մասին մեր նոր օրենքի նախագծի շուրջ, որտեղ օրենսդրական անհրաժեշտ կարգավորումներ են տրվում թվարկված խնդիրների լուծման և գիտակրթական համակարգի` արդիական մոտեցումներին համահունչ զարգացման համար հնարավորություններ ապահովելու համար։ Մենք կարևորում ենք Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիային և եվրոպական ռեգիստրին անդամակցությունը, և կարծում եմ, որ այստեղ կայացվելիք որոշումները նոր քայլ կլինեն որակի ապահովման համակարգերի զարգացման համար»,- նշել է նախարարը` վեհաժողովի մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք:

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը հիշեցրել է, որ դեռևս 2015-ին վեհաժողովի` Հայաստանում տեղի ունեցած նախարարական գագաթնաժողովի ընդունած Երևանի կոմյունիկեով շեշտադրվել էր ուսանողակենտրոն կրթությունը: «Մենք մոտիվացված ենք լինել որակի ապահովման և ուժեղացման միջազգային չափանիշների տեղայնացման ջատագովներից մեկը»,- նշել է նա:

Վեհաժողովի աշխատանքները կամփոփվեն հոկտեմբերի 18-ին:

Կազմակերպիչներն են Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) և Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիան (ENQA): ENQA-ն եվրոպական ցանց է, որը միավորում է եվրոպական բարձրագույն կրթական տարածքում գործող որակի ապահովման գործակալությունները։ Կառույցի նպատակն է նպաստել բարձրագույն կրթության որակի ապահովմանը եվրոպական կրթական տարածքում և խթանել համագործակցությունը կրթության որակի բարելավման ոլորտում։ ՈԱԱԿ-ը 2017 թվականից ENQA լիիրավ անդամ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter