HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Ղազարյան

Խաչենի ջրամբարի ափերին սատկած ձկները հավաքել են

Հոկտեմբերի 19-ին, հղում անելով ֆեյսբուքյան օգտատեր Վլադիմիր Դոլուխանյանի տարածած տեսանյութին, գրել ենք, որ Ասկերանի և Մարտակերտի շրջանների սահմանագլխին գտնվող Խաչեն ջրամբարի ափերին հազարավոր սատկած ձկներ են հայտնվել:

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, մեր այցելության ժամանակ, Խաչենի ջրամբարի ափերին հատուկենտ սատկած ձկներ էին մնացել։

Սակայն, չնայած ձկների զանգվածային անկմանը, Խաչենում ձկնորսներ կային: Նրանք հայտնեցին, որ առավոտյան, իրոք, սատկած ձկներով լցված էր ափամերձը:

«Պարկերով ձկներ էին հավաքում»,- ասացին ձկնորսները:

Այսօր Արցախի գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հաղորդագրություն է տարածել` հայտնելով, որ տեղամասը սպասարկող անասնաբուժական կայանի աշխատողները տարածքի մաքրման ու ախտահանման կանխարգելիչ միջոցառումներ են իրականացրել:

«Սույն թվականի հոկտեմբերի 20-ի առավոտյան ԱՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչությունը ստուգողական այց իրականացրեց Խաչենի ջրամբար՝ պարզելու համար ափամերձ գոտում ձկների անկման պատճառները, որի արդյունքում լաբորատոր փորձաքննության իրականացման համար նմուշներ վերցվեցին և՛ ջրից, և՛ ձկներից: Այնուհետև ​​​​​​​​​​լաբորատոր փորձաքննության արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մեզ հանդիպած ձկնորսները մտավախություն չունեին որսն օգտագործելուց: Ըստ նրանց, կամ թունավորում է տեղի ունեցել, կամ էլ պայթեցրել են: «Պայթեցման դեպքում մեծ ձկները հավաքում են, փոքրերը՝ թողնում», - ասաց նրանցից մեկը:

Սակայն մոտակա Արմենակավան գյուղում մեզ հանդիպած ոչ մի բնակիչ պայթյունի ձայն չի լսել: Նրանցից ոմանք տեղյակ էլ չէին կատարվածի մասին, տեղեկացվածներն էլ ոչ մի բացատրություն չունեին, առաջին անգամ էին նման բան տեսնում:

Գյուղացիներից մեկն ասաց, որ հնարավոր է քլորակրի պատճառով լինի, քանի որ որոշ մարդիկ ձուկ որսում են այդ փոշու միջոցով. «Շատ հնարավոր է` վերին հոսանքներում գետի մեջ քլորակիր են թափել, և հոսանքը ջրամբար արդեն սատկած ձկներ է բերել»:

Արմենակավանի գյուղապետ Արայիկ Բաղդասարյանն ասաց, որ Խաչենի ջրամբարը  Բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության ջրային ռեսուրսների կառավարման բաժնի ենթակայության տակ է։

Գյուղապետի կարծիքով, հնարավոր է թունավորում է եղել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter