HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչական վարույթներ` դեղերի առքուվաճառքով զբաղվող 15 օրինախախտ ընկերության և 12 բուժհաստատության նկատմամբ

Հունվարի 21-ին ՏՄՊՊՀ նիստում ամփոփվեցին դեղերի գծով պետական գնումների ոլորտում իրականացված լայնածավալ ուսումնասիրության արդյունքները: Մասնավորապես ուսումնասիրվել են պետական գնումների ոլորտում ներգրավված 134 առողջապահական հաստատության և դեղերի վաճառքով զբաղվող 314 ընկերության գործունեությունը` տնտեսական մրցակցության օրենսդրության հնարավոր խախտումների բացահայտման նպատակով:

Բուժհաստատություններն օրենսդրությամբ սահմանված կարգով մրցույթներ չեն հայտարարում, իսկ որոշ դեպքերում դրանք կրում են ձևական բնույթ

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 134 բուժհաստատությունից 109-ի մոտ կա մրցույթ չհայտարարելու գծով խախտում: Ընդ որում 66 բուժհաստատություն ընդհանրապես մրցույթներ չի հայտարարում, իսկ 43-ը դեղերի ձեռքբերման վերաբերյալ մրցույթներ հայտարարել են միայն առանձին դեպքերում:

Հանձնաժողովը բացահայտել է, որ 26 բուժհաստատության կազմակերպած 37 մրցույթները ձևական բնույթ են կրել: Այդ մրցույթներին մասնակցել են դեղերի վաճառքով զբաղվող 7 ընկերություններ, սակայն մշտապես մրցույթը շահել է նույն ընկերությունը,  իսկ մյուսները դուրս են մնացել ինչ-ինչ տեխնիկական խնդիրների պատճառաբանությամբ:

Չարաշահումներ են տեղի ունեցել նաև սոցիալապես անապահով խավերին պետության կողմից անվճար կամ զեղչերով տրամադրվող դեղերի ձեռքբերման ժամանակ

28 բուժհաստատություններ, որոնք սոցիալապես անապահով խավերին անվճար կամ զեղչերով տրամադրվող դեղերը պետք է ձեռք բերեին մրցութային կարգով, մրցույթներ չեն հայտարարել և դեղորայքը ձեռք են բերել իրենց ցանկությամբ ընտրված կազմակերպություններից: Ընդ որում, որպես կանոն դրանք մեկ, երկու կազմակերպություններ են, որոնք մշտապես դեղեր են վաճառել այս ծրագրի շրջանակներում պետական գնումներ իրականացնող բուժհաստատություներին:

Բուժհաստատությունները մրցույթների ավարտից հետո ինքնակամ հրաժարվել են մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպության հետ պայմանագիր կնքելուց

Հանձնաժողովը հայտնաբերել է 3 դեպք, երբ դեղերի առքուվաճառքով զբաղվող ընկերությունը մրցույթից հետո բուժհաստատություններին կատարել է նվիրատավություն, ինչի արդյունքում խաթարվել է մրցութային գործընթացը; Արդյունքում մրցույթը հայտարարող բուժհաստատությունը գնման պահանջի վերացման պատճառաբանությամբ, պայմանագիր չի կնքել հաղթող ճանաչված կազմակերպության հետ:

Եզրակացություն
  
Թեև վերոնշյալ բացահայտումները անմիջականորեն առնչվում են գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջների խախտումներին, սակայն դրանք իրենց մեջ պարունակում են մրցակցության սահմանափակման լուրջ տարրեր:

Մրցույթներ չհայտարարելու դեպքում բուժհաստատություները անհրաժեշտ դեղորայքը ձեռք են բերել շատ ավելի բարձր գներով, ինչն առավել ակնհայտ է դրսևորվել այն դեպքերում, երբ վերջինները մատակարար ընկերությունների հետ եղել են փոխկապակցված:

Բացի դրանից՝ պետական գնումների շրջանակում կազմակերպված մրցույթների ժամանակ դեղերի շուկայում գործող որոշ խոշոր տնտեսվարողներ չարաշահել են իրենց գերիշխող դիրքը:

Այսպիսով, պետական գնումների ոլորտում բուժհաստատությունների և դեղեր մատակարարող ընկերությունների միջև պայմանավորվածությունները և օրենսդրության պահանջների խախտումները, ուղեկցվելով պետական բյուջեի միջոցների օգտագործման անարդյունավետությամբ, լրջորեն սահմանափակել են մրցակցային միջավայրը:

Ուսումնասիրությունների 1-ին փուլը ավարտելուց հետո ՏՄՊՊՀ նիստում վարույթներ հարուցվեցին դեղերի առքուվաճառքով զբաղվող 15 ընկերության (Նատալի ֆարմ ՍՊԸ, Վիոլա ՍՊԸ, Ամիկուս ՍՊԸ, Եվրոֆարմ ՍՊԸ, Դելտա ՍՊԸ, Մեդտեխսերվիս ՍՊԸ, Անիկոֆարմ ՍՊԸ, Ռուսֆարմ ՍՊԸ, Գրիմոս Գրուպ ՍՊԸ, Շախ ԷՄ Գրուպ ՍՊԸ, Դիանա ֆարմ ՍՊԸ, Ա/Ձ Հ. Գևորգյան, Կամելիա ՍՊԸ, Էգդանի ՍՊԸ, Մեգի Էլ ՍՊԸ  ) և 12 բուժհաստատության (Նոր Արաբկիր առողջության կենտրոնՀՀ ԱՆ Նորք ինֆեկցիոն հիվանդանոց ՓԲԸ, Ալավերդու բժշկական կենտրոն ՓԲԸ, Գրիգոր Նարեկացի բժշկական կենտրոն ՓԲԸ, Սևանի հիվանդանոց ՓԲԸ, Հրազդանի բժշկական կենտրոն ՓԲԸ, Դիլիջանի բժշկական կենտրոն ՓԲԸ, Կապանի բժշկական կենտրոն ՓԲԸ, Արմավիրի բժշկական կենտրոն ՓԲԸ, Մեծամորի բժշկական կենտրոն ՓԲԸ, Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա ՊՓԲԸ և թիվ 20 պոլիկլինիկա ՓԲԸ) նկատմամբ: Այս մասին հայտնում է ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter