HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Լևոն Իգիթյանի կարծիքով՝ Մաշտոցի այգում նստացույց անող երիտասարդների մի մասը «չկայացած մարդիկ են» (վիդեո)

Երևանը վերածվել է էկոլոգիական աղետի գոտու, և վերջին 15 տարվա քաղաքաշինությունը սպանել է Երևանը: Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նման կարծիք հայտնեց բնապահպան Կարինե Դանիելյանը:

Նա նշեց, որ չի տեսել այն փաստաթուղթը, ըստ որի՝ իբր Երևանի գլխավոր հատակագիծը չի համապատասխանում ներկայիս չափանիշներին, և այդ պատճառով էլ սկսվել է կետային քաղաքաշինություն կոչվածը:

Բնապահպանի խոսքով՝ այժմ բակերում պատերազմ է, վերջին տարիների ընթացքում քաղաքը կորցրեց իր կանաչ տարածքների առնվազն կեսը:

Անդրադառնալով Մաշտոցի պուրակի կառուցապատման խնդրին՝ Կ. Դանիելյանը դրական գնահատեց Աբովյան փողոցը կրպակներից ազատելը, սակայն պուրակն այդ կրպակների համար անընդունելի տարածք է. դա կանաչ տարածք է, հարևանությամբ ծննդատունն է, և այդ ամենը չի բխում քաղաքի շահերից:

Բնապահպանի խոսքով՝ ինքը հասկանում և պայքարի դուրս եկած երիտասարդներին, և քաղաքապետին: Պարզապես «քաղաքապետի կողքի մարդիկ նրան այլ լուծում չեն առաջարկել»: Կ.Դանիելյանի կռիվը ոչ թե քաղաքապետի դեմ է, այլ նրա շրջապատի:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ իրավաբան, բնապահպան-ակտիվիստ Մերի Խաչատրյանը, դժգոհություն հայտնեց, որ քաղաքապետը չի գալիս խոսելու բնապահպանների հետ, փոխարենը նրանց հետ խոսում են բարձրաստիճան ոստիկաններ: Նա համոզված է, որ «Տարոն Մարգարյանին շփոթեցրել են»:

Ճարտարապետ Լևոն Իգիթյանը հակադարձեց՝ նշելով, որ կրպակների սեփականատերերը պայամանագրեր ունեն: Բացի դրանից՝ նա համոզված է, որ այդ կրպակներն այնտեղ ժամանակավոր են, հետևաբար այս մոտեցումը ճիշտ է:

Մ. Խաչատրյանի համոզմամբ՝ սեփականատերերի իրավունքը չակերտավոր է, իսկ այդ փաստաթղթերը բնապահպան-ակտիվիստները չեն տեսել: Կառուցապատման դեմ այս պայքարն էլ արդարացի է, առողջ շրջակա միջավայր ունենալու պահանջը՝ օրինական:

Մ. Խաչատրյանը Լ. Իգիթյանին խնդրեց չկուսակցականացնել երիտասարդական շարժումը և երիտասարդներին չմեղադրել: Իսկ Լ. Իգիթյանը հայտարարեց, որ այդ երիտասարդների մի մասը «չկայացած մարդիկ են»:

Լ. Իգիթյանը կարծում է, որ այս հարցը ճարատարապետներին չի վերաբերում: Նաև խոստովանեց, որ ինքը Մաշտոցի այգի չի այցելել՝ հավելելով, որ ժամանակ չունի և երևույթին ծանոթ է:

Մ. Խաչատրյանը առաջարկեց դադարեցնել շինարարությունն ու կազմակերպել հանրային քննարկում: Իսկ մինչ այդ բնապահպան-ակտիվիստներն ամեն օր շարունակելու են պայքարը. այգին պետք է լինի հանրային տարծք:

Կ. Դանիելյանն առաջարկեց նաև առանձին հանդիպում կազմակերպել տարածքի սեփականատերերի հետ: Մամուլում շրջանառվում են մասնավորապես Գագիկ Բեգլարյանի և Էդուարդ Մադաթյանի անունները: Այս առաջարկի հետ համաձայնեց նաև Լ. Իգիթյանը:

Վերջինս ասուլիսին հրավիրել էր նաև Երևանի ավագանու անդամ, Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանին, սակայն Ա. Երնջակյանը հայտնել էր, թե վատառողջ է և չի կարող ներկայանալ ասուլիսին:

Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին Ա. Երնջակյանը գնացել էրՄաշտոցի այգի և նստացույցի մասնակիցներին ասել, որ նրանց արածն անօրինական է, ակտիվիստները կարգ են խախտում, ցույց են անում մի բանի դեմ, որն օրինական է:

Լ. Իգիթյանի խոսքով՝ Արա Երնջակյանը իսկական մտավորական է. «մարդ գնահատել չգիտեք»:

Մեկնաբանություններ (2)

drizzlebrain
Այս իմաստուն կարծիքի դիմաց` մեկ կրպակ էլ Իգիթյանին է հասնում:
Baron
Ցավով պետք է նշել, որ այսօր մեր մտավորականներից շատերը վեր են ածվել մտաՎՈՌականների...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter