HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Միջադեպ՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մեկնարկին. Քոչարյանին կողմ և դեմ բանակներից մարդիկ հեռացվեցին նիստերի դահլիճից

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում տևական ընդմիջումից հետո՝ րոպեներ առաջ մեկնարկեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի քննությունը: Երբ Քոչարյանը բերվեց նիստերի դահլիճ, ապակիներից այն կողմ գտնվող մարդկանց մի մասը, որոնք աջակցում են Քոչարյանին, սկսեցին բացականչել՝ «հերոս», իսկ մյուս մասը՝ «մարդասպան ու թուրք»: Դահլիճի երկու տարբեր հատվածներում գտնվող անձինք սկսեցին արձագանքել միմյանց բացականչություններին, և իրավիճակը լարվեց այնքան, որ դատարանի կարգադրիչների ծառայության պետը հրահանգեց ընդդեմ Քոչարյանի դահլիճում գտնվող կանանցից մեկին հեռացնել դահլիճից: Վերջինս հրաժարվում էր դուրս գալ, և դահլիճից նրան տարան ուժով: Շուտով մյուս կողմից՝ Քոչարյանի աջակիցներից մեկն էլ հեռացվեց:

Նշենք, որ Քոչարյանի գործով վերջին անգամ դատական նիստ էր տեղի ունեցել շուրջ 20 օր առաջ: Դատական նիստեր տեղի չէին ունենում, քանի որ դատավորն ամբաստանյալ Սեյրան Օհանյանին թույլատրել էր հոկտեմբերի 21-ից մինչև նոյեմբերի 4-ը բուժման նպատակով դուրս գալ երկրից: Բացի այդ՝ Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել էր:

Հիշեցնենք, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ:

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter