HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թող մի գյուղ էլ վերանա...»,- համաձայն է Թեղուտի համայնքապետը

Լոռու մարզի Թեղուտի համայնքապետ Հարություն Մելիքսեթյանի ասելով՝ 2005 թ.-ից, երբ սկսվեց Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագիրը, համայնքի բյուջեն էականորեն աճել է: «2005 թ.-ին  մեր վարչական բյուջեն  կազմել է 7,5 մլն դրամ, այս պահին այն մոտ 16 մլն դրամ է, 2011 թ.-ին բյուջեի եկամուտները կազմել են 70 մլն դրամ, իսկ 2012 թ.-ի բյուջեում եկամուտների մասով 40 մլն դրամ մուտքեր են նախատեսվել»: Թեղուտ համայնքի բյուջեի տարեկան եկամուտների աճ պայմանավորված է բացառապես գյուղի վարելահողերը,  արոտավայրերն ու  այլ հողեր «Թեղուտ» ՓԲԸ-ին օտարելով: «1999 թ. կարկտահարությունից հետո գյուղի այգիները դուրս են գրվել եւ բոլորը դարձել են վարելահողեր, դրանք վաճառվել են «Թեղուտ» ՓԲԸ-ին»,- ասում է համայնքապետը:

Վերջինիս ասելով՝ ընդհանուր առմամբ, 133 հա հող է  տրվել «Թեղուտ» ՓԲԸ-ին: Դրանից  71 հա-ը  Կառավարության որոշմամբ  ընկերությանը տրվել է վարձակալության իրավունքով` 50 տարի ժամանակով, մյուս 62 հա-ը վաճառվել է:   Հարություն Մելիքսեթյանն ասում է, թե տեղյակ չէ գյուղացիներից որքան հող է գնել «Թեղուտ» ՓԲԸ-ն: Օտարված հողերի դրամական հոսքերը շլացուցիչ են եղել նախկինում  նվազ  բյուջե տնօրինող  համայնքապետի համար:

2011 թ.-ի համենատ 2012 թ.-ին 30 մլն դրամով  բյուջեի եկամուտների նվազման պատճառների վերաբերյալ համայնքապետը այսպիսի մեկնաբանություն տվեց. «Մեր գյուղատնտեսական նշանակության հողերը արդյունաբերական նշանակության փոխելու ժամանակ սկզբում ճիշտ չէին վճարել օտարված հողերի արժեքը: Վերահսկիչ պալատի 2011 թ.-ի ստուգումներից պարզվել է, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն մեզ 76 մլն դրամ պակաս է վճարել: Դրանից առաջ ընկերությունը վճարել էր հողերի կադաստրային արժեքի տարբերությունը՝ 14,3 մլն դրամը, նաեւ՝ օտարված հողերի արժեքը 7,8 մլն դրամը»,- ասում է համայնքի ղեկավարը: Գյուղատնտեսական նշանակության հողերը օտարելու պատճառով ավանդական հողագործությունը Թեղուտում գրեթե վերանում է: Հարություն Մելիքսեթյանն ասում է, որ գյուղի 31 հա վարելահողերից հազիվ 6 հա-ն է մշակվում:

«Հետքի» հարցին, թե Թեղուտին արդյոք չի սպառնում  բանվորական ավան դառնալու վտանգը,  համայնքապետը  պատասխանեց. «Գիտե՞ք ինչ, «Թեղուտ» ՓԲԸ-ն շատ լավ շուկա է գյուղմթերքների համար: Նրանք անսահման քանակությամբ պանիր կարող են գնել գյուղացիներից: Ինձ թվում է, որ գյուղացիներն իրենց տնամերձ հողամասերում կզբաղվեն  գյուղատնտեսությամբ: Բացի այդ, գյուղացիներն սկսել են ավելացնել անասունների գլխաքանակը: Ներկայումս համայնքապետարանում 131 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ են հառվառված»: 

Հարություն Մելիքսեթյանը Թեղուտի գրեթե ամբողջ վարելահողերը օտարելու հետ կապված բերում  էր նաեւ այլ հանգամանքեր: «Թեղուտի հողերը այն հողերը չեն, որ ցորեն մշակվի: Մեզ մոտ հիմնականում կարող է զարգանալ  այգեգործությունը եւ բանջարաբուծությունը: Մենք ներկայումս ունենք 2 հա խաղողի այգի»,- ասաց նա: Համայնքապետը տեղեկացրեց, որ գյուղից մոտ 8 կմ հեռու գտնվող Կարծախ հանդամասի 133 հա խոտհարքները գյուղացիները չեն օգտագործում:  

Թեղուտցի Վառլեն  Բաբայանը, ով արդեն 24 տարի ղեկավարում է գյուղի  միջնակարգ  դպրոցը, իր հայրենի գյուղում հանքարդյունաբերության լայն թափից ոգեւորված «Հետքին» պատմեց, որ թեղուտցիների  գյուղատնտեսությամբ զբաղվելու հակումները պարզելու նպատակով  2011 թ.-ին  դպրոցի աշակերտների շրջանում հարցումներ է արել, թե  նրանցից  քանի ընտանիք է  բանջարաբոստանային կուլտուրաներ ցանում վարելահողերում եւ տնամերձ հողամասերում: «Եվ պատասխանն ի՞նչ է եղել՝ ինչո՞ւ ցանենք, ինչո՞ւ չարչարվենք:  Եկամուտը կա, աշխատավարձը ստանում ենք»: Սպասում են Արարատյան դաշտի   բանջարեղենին:  Ո՞վ է հիմա Թեղուտում բանջարեղեն կամ այլ մթերքներ արտադրում»,- ասում է Վառլեն Բաբայանը, ով նաեւ փորձում էր մեզ համոզել, որ դա թեղուտցու կենսամակարդակի բարձրացման  արդյունք է:

Թեղուտում   2011 թ.-ին  համայնքի բյուջեի գյուղատնտեսական նշանակության  հողերից նախատեսված 749 հազար դրամ հարկային մուտքերից ապահովվել է 413 հազար դրամ փաստացի մուտքեր, որը փաստում է այստեղ հողագործության  ծանր վիճակի եւ  հողատեր գյուղացիների անվճարունակության մասին: Թեղուտ համայնքի բյուջեի ամենամեծ հարկատուն «Թեղուտ» ՓԲԸ-ն է, որը   Թեղուտի 71 հա հողերի վարձակալության դիմաց տարեկան համայնքի բյուջե է  վճարում է 3,4 մլն դրամ վարձավճար, վճարում է նաեւ 638 հազար դրամ հողի հարկ: «Նրանք առայժմ շատ քիչ գույքահարկ են վճարում` 16 հազար դրամ, դա մի շենքի գույքահարկ է»,- ասում է Հարություն Մելիքսեթյանը, ով, այնումենայնիվ,  խոստովանում  է, որ համայնքում տնտեսական աճ հիմնականում արձանագրվում է «Թեղուտ» ՓԲԸ-ում աշխատող 170 թեղուտցիների աշխատավարձի հաշվին:

«Թեղուտ» ՓԲԸ-ն անցած տարիներին վերանորոգել է գյուղի մշակույթի տունը եւ համայնքապետարանի շենքը, 48 % ներդրումով մասնակցել է նաեւ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով գյուղի դպրոցի հիմնանորոգմանը: Գյուղի օտարված հողերի Վերահսկիչ պալատի վերականգնած եւ Թեղուտի համայնքի բյուջե մուտքագրված 76 մլն դրամից համայնքի ղեկավարը 57 մլն դրամով  Թեղուտի 22 երեխաների համար 2011 թ.-ին մանկապարտեզի նոր շենք է կառուցել, որը կշահագործվի առաջիկա օրերին: Համայնքի բյուջեից 6 մլն դրամ է հատկացրել համայնքապետարանի շենքի կահավորմանը:

Համայնքային բյուջեից, բյուջետային օրենքի խախտմամբ, համայնքապետը 7,5 մլն դրամի ներդրում է կատարել դպրոցի հիմնանորոգման համար: Անօրինական հատկացումը օրինականացվել է Թեղուտի ավագանու 2011 թ.-ի մայիսի 23 որոշումով, ուր ասվում է. «Համաձայնություն տալ համայնքի բյուջեի միջոցներով գնված 800 քմ գունավոր  ալիքավոր ցինկապատ  թիթեղ, 250 քմ գունավոր ցինկապատ  թիթեղ,  2000 հատ պտուտակ  անհատույց տրամադրել Թեղուտի միջնակարգ դպրոցի տանիքի վերանորոգման համար»: Ներկայումս  19,3 մլն դրամ նախահաշվային արժեքով Թեղուտում կառուցվում  է գյուղամիջյան 1կմ երկարությամբ ճանապարհի ջրահեռացման համակարգ:  

Թեղուտի հանքավայրի մակաբացման եւ շահագործման հետ կապված  թեղուտցիներին սպասվող մարտահրավերների մասին փորձեցինք  ստանալ Հարություն Մելիքսեթյանի կարծիքը: «Բնականաբար, ցանկացած արդյունաբերական գործունեություն ունենում է իր բացասական կողմերը: Թեղուտի հնարավոր բացասական  երեւույթները կարող է լինել փոշին, առայժմ մենք զգում ենք տրանսպորտի փոշու ազդեցությունը, չնայած ընկերությունը խոստանում է, որ ճանապարհներն անընդհատ կջրցանվեն: Ես չգիտեմ, թե դա ինչքանով կստացվի:  Երեւի պոչամբարից որոշակի մտահոգություններ ունենք: Չեղած բանի մասին խոսելն  էլ մի քիչ ճիշտ չէ»,- ասաց նա:  Ինչպե՞ս է վերաբերվում համայնքի ղեկավարը հանքը բաց շահագործելու խնդրին մյուս հարցին նա այսպես պատասխանեց. «Դե, լավ կլիներ, որ հանքը փակ լիներ, բայց մասնագետներն էլ ասում են, որ Դուքանաձորում հնարավոր չէ փակ հանք շահագործել, քանի որ դա ընդհանուր հանքային մարմին ա: Գիտեք ի՞նչ, նախ՝ ես հանքարդյունաբերության մասնագետ չեմ, ես լսում եմ ընդամենը մասնագետների կարծիքը, բնականաբար, ընկերությունը պետք է ասի վնասը համեմատաբար քիչ է լինելում, բնապահպանն էլ պետք է ասի՝ ավելի շատ է լինելու, ես կարծում եմ երկուսն էլ կարելի է լսել, ընդունել միջինը»:

Համայնքապետ Հարություն Մելիքսեթյանը նաեւ ասաց, որ համայնքի բյուջե մոտ 40 մլն դրամ եկամուտներ է կանխատեսում նաեւ «Թեղուտ» ՓԲԸ-ի լեռնահարստացման կոմբինատի կառուցումից հետո: «Թող մի գյուղ էլ վերանա, դառնա բանվորական ավան»,- վերջում ասաց  Թեղուտի համայնքապետը: 

Մեկնաբանություններ (8)

M Y
Հարգելիներս ես բոլորիդ շատ լավ եմ հասկանում, բոլորիդ մտահոգությունների ու ուրախանալու առրթները: Գյուղի բնակչությանը չճանաչողների համար դժվար ա վերլուծել, մեկնաբանել: Իսկ այդքան գյուղացիներով, որ կարդացիք ես հոդվածը, ինչի մեկը պարոն Բաբայանին չհարցրեց. Հարգելիս դու ինչպես դառձար թեղուտցի, չէ որ Թեղուտում աշխատելը դեռևս չի նշանակու թեղուտցի լինել: Իսկ էտ հարցի պատասխանը ցանկացած Թեղուտցի` 1-100 տարեկան, լավ գիտի /մեկնաբանությունները թողնում եմ կարդացողին/: Լավ... պարոն Բաբայանին խնդիրն այդքան էլ էական չի... Իսկ Ձեր մեջ հարց չառաջացավ, որ մեր գյուղի բյուջեն գնալով աճում ա, գյուղացու օգուտն որն ա դրանից: Ըստ իս պետք էլ չէր արձանագրել բյուջեի չափերը, մեր գյուղապետի ավտոմեքենաներից ու իր կեցվածքից արդեն ամեն ինչ պարզ ա դառնում: Հարգելի գյուղապետ, եթե մեր գյուղի բնուջեն ամեն տարի, անասելի արագությամբ աճում ա, ինչի չի ինչ որ կերպ նկատվում գյուղի բարելավման ` թե սոցիալական, թե կենցաղային վիճակը... Իսկ ինչի համար չի ինչ որ մեկն արձանագրում, որ գյուղում գոյություն ունեն բավականին լուրջ խնդիրներ. գյուղը դեռևես չունի խմելու ջուր, գյուղում չկա գազ, իսկ ճանապարհների մասին կարծում եմ կարիք չկա ևս մեկ անգամ բարձրաձայնելու: Ու հիմա կեչով դիմում եմ Թեղուտի բնակչությանը, ինչ կլինի մի քիչ շրջահայաց ու հեռատես եղեք, փորձեք ստեղծված իրավիճակից օգուտ քաղել: Ինչքան էլ աղմկենք մեկ ա հանքերը շահագործվելու են ու գյուղի ապագա տեսքը պարզ ա բոլորիս, դուք աղմկեք իմ նշած կարևոր խնդիրների համար, փորձեք մի քանի տարի գոնե մարդավայել ապրել, իսկ թե ինչի , կապրենք կտեսնենք...
Nazik
Երբ կարդացի վերնագիրը,սարսափեցի,երբ ոսկեպարյան հայտնի դեպքերից հետո,բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ասել էր. հանուն մեծ գործերի թող մի Նոյեմբերյան էլ չլինի,հետո եղավ մի պահ,որ շշուկներ տարածվեցին Նոյեմբերյանը հանձնելու մասին:Քանի որ նոյեմբերյանցիները չէին մոռացել վերոնշյալ հայտարարությունը,ում ձեռքին ճար կար սուս ու փուս հավաքում էին իրեց հագ ու կապն ու լքում հայրենի վայրերը:Միայն երջանիկ պատահականությաբ դա տեղի չունեցավ,որի մասին շատ քչերը գիտեն:
yyyy
Հետք ջան, տարվա լավագույն քոմենտը թիվ 4, Կամո յի քոմենտն ա: Կամո ջան , դու միշտ կոմենտներ գրի:
Mher
Այ քեզ խայտառակություն երբ որ խոսվում է Թեղուտի հեքիաթային բյուջեի մասին և տեսնում ես կատարված աշխատանքները - նոր մանկապարտեզ որը սեպտեմբերի մեկից պետք է շահագործվեր հիմա էլ մոտ օրերս տեսնես երբ է գալու այդ օրը? Ջրահեռացման համակարգ որի աշխատանքները կանգնած են և խանգառում է թե ոտքով քայլելուն թե մեքենաների երթևկությանը.Վերանորոգված մշակույթի տուն որը կարծես ձևի համար է չի ծառայում իր նպատակին կարողա ներքին հարդարումը կամ գույքը փչանա.Շնողցի ԲԱԲԱՅԱՆ ՎԱՌԼԵՆ էտ երբ դարձաք ԹԵՂՈՒՏՑԻ? Զբաղվում եք նայև գյուղատնտեսությամբ հավատացեք եթե Թեղուտեցին հող ունենա և ապահոված լինի ջրով կզբաղվեն հողագործությամբ .
Կամո
հետք ջան, որ քոմենտս մուտք էի անում, գրվեց որ ադմինը կնայի, նոր կդրվի: էտ ինչ եք նայում, եթե ինչ-որ մեկը կարա անկապ տեղը վիրավորական բան գրի: ուշադիր աշխատեք, տենց ֆալշիվի քոմենտների պատճառով կայքը խայտառակվում ա: հանեք էտ անկապի քոմենտը: որպես թեղուտեցի էլ ստորագրել ա: սուտը ... թե դու թեղուտից ես: սա հենց ադմինին էլ վերաբերում ա, հրապարակելու համար չեմ գրում: որ ուշադիր կարդաք հոդվածն ու էդ անկապի քոմենթը, ձեռագիրը շատ ա նման, վայթե քոմենթի տակից ականջներ են երևում, լոռվա բարբառը շատ արհեստական ա օգտագործում: տենց բաները հետքի վրով չի, չի սազում
Գեւորգ
Հարգելի Թեղուտցիներ,լավ ասենք այդ ձեւով վիճակներդ բարվոքվեց մի քսան տարով: Իսկ հետո? Ձեր որդիներին ու թոռներին ինչ է մնալու?
texuteci
Կամո, Ռուսաստանի ամենահզոր ցարը` Պետրոսը իր բոյարներին խորհուրդ էր տալիս, որ գյուղացիներին չնեղել , քանի որ նրանք երկիր կերակրող երակ են: Գյուղացիները հողը մշակելով են երկիր կերակրում: Հլա վիզդ թեքիր ու քո շրջակա գյուղերի հողի մշակության վիճակին մտիկ արա: Բա սա թշնամի պետություններով շրջապատված ու պատերազմական վիճակում գտնվող երկրի գյուղատնտեսության վիճակ ա: Ինչ էր եղել Թեղուտին, պետությունը թող օգներ մեր ժողովրդին հողը մշակեինք, այգիները վերականգնեինք: Տեղյակ ես էսօր շուկայում խնձորի ու մյուս մրգերի կիլոն ինչ արժե: Որ հանկարծ թշնամին մեր երկրի վրա հարձակվի, մտածում եմ, որ դու, մեր գեղի դպրոցի դիրեկտոր Վառլենը ու գեղապետ Հարութը Վալերիկ Մեջլումյանի խտանյութը կուտեք ու կտկզեք: Երկրին կերակրողը հողն ա, գյուղն ա: Ու էնքան խելոք ես, որ մտածում ես բանվորական ավան դառնալը բնակավայրի մեծանալ ա հա նշանակում: Հլա դեռ սպասիր պայթեցումները շարունակվեն, սպասիր հանքը բացեն, պոչամբարը սարքեն ու էլի շատ բաներ, Թեղուտի մեծանալը էնդով կտենաս, այ ուզուն ախմախ:
Կամո
այ մարդ, վերնագիրը կարդացի, վախեցա: փաստորեն գյուղը ոչ թե վերանում ա, այլ՝ մեծանում, դառնում ավան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter