HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Դատախազ Պետրոսյանը պրոֆեսիոնալ է, բայց կողմնակալ». Քոչարյանի և մյուսների գործով պաշտպանները բացարկի միջնորդություն ներկայացրին դատախազին

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործն արդեն ուղիղ երկու ամիս է` դատարանում է, սակայն դեռևս գտնվում է նախապատրաստման փուլում, դատարանը չի անցել դատաքննության:

Այսօրվա դատական նիստի մեկնարկին, ինչպես արդեն նշել ենք, ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացվել դատավոր Աննա Դանիբեկյանին, որը մերժվեց: Դրանից հետո Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող Պետրոս Պետրոսյանին, ով Քոչարյանի և մյուսների գործի նկատմամբ դատավարական հսկողություն է իրականացրել, հաստատել նրանց մեղադրանքը:

Հովհաննես Խուդոյանի կարծիքով՝ Պետրոս Պետրոսյանը պրոֆեսիոնալ է, բայց կողմնակալ

Խուդոյանը թվարկեց բացարկի միջնորդության համար հիմք հանդիսացող հանգամանքները, որոնք ինքն էր առանձնացրել: Պաշտպանը նշեց գործի նախաքննության ընթացքում թույլ տրված մի շարք խախտումներ, որոնք ինքն էական է համարում և բացատրեց, որ դրանց պատասխանատուն Պետրոս Պետրոսյանն է, քանի որ նա է հսկողություն իրականացրել գործի քննության նկատմամբ:

Պաշտպանն ասաց, որ 2018 թվականի հուլիսի 30-ին Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչյա Մուշեղյանը որոշում է կայացրել Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու վերաբերյալ: Օգոստոսի 2-ին քննիչը առերեսում է իրականացրել Արշակ Կարապետյանի և Քոչարյանի միջև՝ առանց Քոչարյանի ներկայության:

Վերաքննիչ դատարանի կողմից Քոչարյանին ազատ արձակելու պայմաններում, երբ նրա նկատմամբ  այլ խափանման միջոց ընտրված չէր, քննիչը սեփական նախաձեռնությամբ չի վերադարձրել Քոչարյանի անձնագիրը և մերժել է իրենց միջնորդությունը՝ այն վերադարձնելու մասին, ապա դատական բողոքարկման արդյունքում արձանագրվել է այդ գործողություններում Քոչարյանի իրավունքների խախտումը:

Խուդոյանը նշեց, որ վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի կողմից Քոչարյանին անձեռնմխելիության հիմքով ազատ արձակելուց հետո նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել` ստորագրություն չհեռանալու մասին, որն, ըստ Խուդոյանի, արվել է վարույթն իրականացնող մարմնի ապօրինությունը ծածկելու և Քոչարյանի անձնագիրը չվերադարձնելու համար:

Խուդոյանը նշեց նաև, որ քննիչն առանց փաստական հանգամանքների առկայության համարել է, որ Քոչարյանի որդիների գույքը պատկանում է Քոչարյանին և նրա որդիների գույքը ևս դրվել է կալանքի տակ, նշեց նաև, որ 2018-ի օգոստոսի 6-ին Քոչարյանի աշխատասենյակում կատարված խուզարկության արդյունքում գործի համար նշանակություն չունեցող գույք և օրինական զենք է առգրավվել, որոնք առ այսօր չեն վերադարձվել: Ըստ Խուդոյանի` Քոչարյանի կալանքի հարցով դատական նիստերի ընթացքում քննիչը կալանավորման համար միակողմանի ընտրված նյութեր է ներկայացրել:

«Մեզ համար անհասկանալի է նաև Մարտի 1-ի գործից այս գործի՝ 79 հատորի առանձնացման սկզբունքը: Ձեզ ներկայացված մասով կան ցուցմունքներ՝ 2008, 2009, 2010-2011 թվականներին վերաբերող: Մենք կասկած ունենք, որ վարույթն իրականացնող մարմինը պաշտպաններից թաքցնում է այն նյութերը, որոնք կարող են վնասել իրենց պնդումներին: Այդ առիթով մենք ժամանակին դիմել ենք վարույթն իրականացնող մարմնին և մերժվել ենք: Մերժման որոշման մեջ նշվել է, որ գործին կցված են մեղադրանքն ապացուցող փաստաթղթեր, մինչդեռ օրենքի համաձայն՝ պիտի ներկայացվեն մեղադրանքը ինչպես հիմնավորող, այնպես էլ հերքող ապացույցներ»,- ասաց Հովհաննես Խուդոյանը: Վերջինս ընդգծեց, որ քրեական գործով 2018-ի հուլիս ամսից ձեռք բերված նյութերը չի առանձնացվել:

Խուդոյանը համոզմունք հայտնեց, որ դատախազ Պետրոսյանը պրոֆեսիանալ է, թույլ տրված խախտումները ոչ թե պրոֆեսիոնալիզմի պակասի հետևանք են, այլ նրա՝ կողմնակալ և կանխակալ լինելու:

«Պետրոս Պետրոսյանը պարտավոր էր քրեական գործ հարուցել դատարաններն արգելափակելու գործողությունների առթիվ»,- ասում է Հայկ Ալումյանը:

Պաշտպան Ալումյանը միացավ Խուդոյանի միջնորդությանը՝ ինքն իր հերթին ևս բացարկի միջնորդություն ներկայացնելով:

«Ինքս իմ հերթին բացարկ եմ հայտնում և միջնորդում վարույթից հեռացնել Պետրոս Պետրոսյանին»,- ասաց Հայկ Ալումյանը: Վերջինս հիշեցրեց, որ մայիսի 18-ին Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով արգելափակվել են դատարանների մուտքերը, և արգելափակման գործողություններին մասնակցել են բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում՝ պատգամավորներ:

«Սա ոչ այլ բան է, քան Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն»,- ասաց Հայկ Ալումյանը՝ նշելով, որ ակնհայտ է եղել, որ այս գործողությունները կատարվել են դատարաններին ահ ու սարսափի մեջ պահելու, Քոչարյանին կալանավորելու համար:

«Դատախազ Պետրոս Պետրոսյանը պարտավոր էր իր իրավասության սահմաններում քրեական գործ հարուցել»,- ասաց Ալումյանը՝ շեշտելով, որ իր  գործողությունները Պետրոս Պետրոսյանի դեմ չեն, ինքը բացարկ կհայտներ դատարանում գտնվող  ցանկացած դատախազի, ով ներկայացնում է այն  վարչությունը, որը ներկայացնում է Պետրոսյանը:

«Պետրոսյանի անգործության պատճառով հնարավոր դարձավ այս գործի ընթացքը շեղել: Նրանք նպաստել են, որ դատարաններն իրենց զգան ճնշված վիճակում, չունենան համարձակություն պարոն Քոչարյանի խափանման միջոցը փոխելու եւ նրան ազատ արձակելու համար: Ամբողջ նպատակը եղել է դատական համակարգում սարսափ առաջացնելը»,- աաց Հայկ Ալումյանը:

Ռուբեն Սահակյանն ընդգծեց, որ Սահմանադրական դատարանի դատավորներին հարցաքննելու փոխարեն հարցաքննել են հավաքարարներին:

Պաշտպան Ռուբեն Սահակյանը բացարկի միջնորդությանը միանալով` ինքը ևս նման միջնորդություն ներկայացրեց: Արդեն իսկ ներկայացված փաստական հանգամանքներից բացի՝ Ռուբեն Սահակյանը նշեց ևս մի քանիսը: Պաշտպանը նշեց՝ Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ քրեական գործի քննությունը պետք է կատարվի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ, պետք է բացահայտվեն ինչպես մեղադրյալի մեղքն ապացուցող, այնպես էլ արդարացնող ապացույցները:

Ռուբեն Սահակյանը գտնում է, որ գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազ Պետրոս Պետրոսյանը պատշաճ չի կատարել իր պարտականությունները: Պաշտպանն ընդգծեց, որ քրեական գործով ամենաշատ քննարկման առարկա դարձած 0038 հրամանը կապվում է Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի հետ, որը, սակայն, քրեական գործով չի հարցաքննվել: Այս անձին հարցաքննելը, ըստ Ռուբեն Սահակյանի, վարույթն իրականացնող մարմնի պարտականությունն  էր:

«Հարցաքննելու ձև չկա՞ր, Միքայել Հարությունյանը գտնվում էր Մոսկվայո՞ւմ, գոյություն ունի «փոխադարձ իրավական օգնության մասին» կոնվենցիա, որի միջոցով Միքայել Հարությունյանը կարող էր հարցաքննվել և շատ հարցերի պատասխաններ տալ, որոնց մեջ այսօր մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանը: Ի դեպ, միանգամից կանխորոշելով, որ վաղը կարող են տարածել, թե Ռոբերտ Քոչարյանը մեղքը գցում է Միքայել Հարությունյանի վրա, ասեմ՝ ոչ, Ռոբերտ Քոչարյանը միշտ ասել է, որ ընդունում է այն հրամանի բոլոր կետերը, որը Միքայել Հարությունյանը ստորագրել է, համարում է, որ նա ճիշտ է վարվել այն իրավիճակում, որը ստեղծվել էր»,- ասաց Ռուբեն Սահակյանը:

Անդրադառնալով 2008-ի փետրվարի 23-ին Ռոբերտ Քոչարյանի հրավիրած խորհրդակցությանը` Սահակյանը նշեց, ըստ տարբեր տվյալների՝ դրան մասնակցել են 50-ից 60 անձինք, սակայն քրեական գործում առկա է 12 անձի ցուցմունք: Սահակյանը համոզմունք հայտնեց, որ մյուս անձինք ևս հարցաքննվել են, սակայն նրանց ցուցմունքները չեն կցել գործին:

Պաշտպանը հիշեցրեց, որ գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանին և Արմեն Գևորգյանին վերագրվում է Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ ճնշում գործադրելու արարք, սակայն այդ դատավորները չեն հարցաքննվել՝ բացառությամբ Ֆելիքս Թոխյանի:

«Հարցաքննվել է միայն Ֆելիքս Թոխյանը, իսկ Սահմանադրական դատարանի 4 անդամ դատավորները՝ Կիմ Բալայանը, Գագիկ Հարությունյան, Վլադիմիր Հովհանիսյանը, Հրանտ Նազարյանը չեն հարցաքննվել կամ հարցաքննվել են, բայց նրանց ցուցմունքները ձեռնտու չեն եղել, որպեսզի ներկայացվի այս գործով, որովհետև դրանք կապացուցեին, որ ճնշում չի եղել: Մենք հակված ենք այդպես մտածել: Դրա հետ մեկտեղ հարցաքննվել են Սահմանադրական դատարանի 3-րդ, 5-րդ հարկի հավաքարարները, 77 տարեկան մի կին, որին ուղղակի հարցախեղդ են արել` ճնշում գործադրվել է, թե՞ ոչ: Մարդն ասում է` ես առավոտյան 9-ին գալիս եմ, 6-ին` գնում, ոչնչից խաբար չեմ, ասում են` 10 տարի առաջ ճնշում գործադրվել է, թե՞ ոչ»,- ասաց Ռուբեն Սահակյանը:

Վերջինս նշեց, որ մեղադրանքի մեջ կա ձևակերպում, որ բաժանվել է զինվորական արտահագուստ:

«Անուններ են նշված, 9 անուն է նշված, բայց միայն մեկն է հարցաքննվել կամ հարցաքննվել են բոլորը, բայց գործին կցվել է միայն մեկի ցուցմունքը, քանի որ նրանց ցուցմունքներով հերքվում է մեղադրանքը: Այս բանն արվել է դատախազ Պետրոսյանի թողտվությամբ: Սա ուղղակի վրիպո՞ւմ է: Ոչ, նա բազմափորձ է: Մենք բոլորս էլ նկատում ենք, որ նրա գիտելիքները շատերից են շատ: Ուրեմն միտումնավոր է արել, այլ կերպ ես մտածել չեմ կարող»,- ասաց Սահակյանը:

Պաշտպանը նշեց, որ ըստ մեղադրանքի՝ ցույցերը եղել են խաղաղ, մինչդեռ քրեական գործում առկա են փաստեր, որ այդ ցույցերը խաղաղ բնույթ չեն կրել:

«Փորձագետի եզրակացություններ կան, որ զինվորականները, ոստիկանները մարմնական վնասվածներ են ստացել բեկորային նռնակի գործողության հետևանքով: Էստեղ կարող ենք ասել, որ եղել են խաղաղ ցույցե՞ր»,- ասաց Սահակյանը և օրինակ բերեց Մակիչ Մեջլումյանի, Արմեն Մեսրոպյանի, Ռուբեն Միրզոյանի և վնասվածք ստացած այն անձանց անուններ, որոնց ցուցմունքները չկան քրեական գործում: Սա, ըստ Ռուբեն Սահակյանի, ևս մեկ ապացույց է այն մասին, որ գործը մեղադրական թեքումով է քննվել, և Պետրոս Պետրոսյանը մեղադրական թեքումով է ղեկավարվել:

Պաշտպանը նշեց, որ ԱԱԾ-ում դեռևս 2008 թվականին հարուցվել է սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ քրեական գործ, որում շոշոփվել են Նիկոլ Փաշինյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, Ալեքսանդր Արզումանյանի և այլ անձանց անուններ: Խոսքը «7-ի գործի» մասին է: Երեք հատորից բաղկացած այդ գործի 1-ին հատորում առկա է գրություն այն մասին, որ գործի նյութերն Ազգային անվտանգության ծառայությունը փոխանցել է դատախազությանը, որպեսզի այն փոխանցվի Հատուկ քննչական ծառայությանը:

«Ո՞ւր են այդ երեք հատորները: Այս դատական նիստերի դահլիճում կա՞ մեկը, ով կարող է ասել, որ այդ երեք հատորները տեսել է»,- ասաց Սահակյանն ու նշեց, որ Մարտի 1-ի գործից ծաղկաքաղ է արվել ու միայն մեղադրող ապացույցներն են առանձնացվել Քոչարյանի և մյուսների գործում:

Ըստ Ռուբեն Սահակյանի` պաշտպաններից յուրաքանչյուրը կարող է հարյուրավոր օրինակներ բերել գործի նկատմամբ ոչ պատշաճ հսկողություն իրականացնելու վերաբերյալ:

«Մենք պարոն Բաղդասարյանին այս մեղադրանքները չենք վերագրում, մենք խոսում ենք պարոն Պետրոսյանի մասին, որովհետև ինքն է մեղադրանքները հաստատել»,- ասաց Ռուբեն Սահակյանը:

Արամ Վարդևանյանը նկատեց, որ Դատախազությունը կարող էր դիմել Սահմանադրական դատարան,  ինչը չի արել:

Արամ Վարդևանյանը միացավ Խուդոյանի միջնորդությանը: Անդրադառնալով Քոչարյանին վերագրվող 300.1 հոդվածի սահմանադրականության հարցին՝ Վարդևանյանը նշեց, որ թեև նախաքննության ընթացքում բազմիցս քննարկվել է այդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանել-չհամապատասխանելու հարցը՝ դատախազությունն ու գլխավոր դատախազը, լիազորություն ունենալով, չեն դիմել Սահմանադրական դատարան: Վարդևանյանն ընդգծեց, որ իբրև ՍԴ դիմելու լիազորություն ունեցող սուբյեկտ՝ դատախազությունը նախկինում դիմել է ՍԴ, այնպես չէ, որ երբևէ չի օգտվել իր այդ լիազորությունից:

«Այնպես ստացվեց, որ 300.1 հոդվածի սահմանադրականության հարցի հետ կապված, այնուամենայնիվ, դիմում ներկայացվեց Սահմանադրական դատարան, նույնիսկ ՄԻԵԴ Մեծ պալատը վարույթ ընդունեց ՍԴ դիմումը, ու հարցը քննության փուլում է գտնվում»,- ասաց Արամ Վարդևանյանը և նշեց, որ այս հանգամանքը ևս որևէ ազդեցություն չի ունեցել դատախազության համար, և այս առնչությամբ որևէ գործողություն չի իրականացվել:

Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն ընդգծեց, որ ՍԴ դատավոր Վալերի Պողոսյանը հերքել է, թե իր նկատմամբ ճնշում է եղել:

Արմեն Գևորգյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ թեև Գևորգյանին վերագրվում է Սահմանադրական դատարանի դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ ճնշում գործադրելու արարք՝ ինքը՝ Պողոսյանը, հերքել է, թե իր նկատմամբ ճնշում է գործադրվել:

«Սակայն անհասկանալի պատճառով նախ հարուցվում է քրեական գործը, իսկ հետագայում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն իր հրապարակային ելույթներում խոսում է մեղադրանքի «հիմնավորվածության» մասին, իսկ քրեական հետապնդման մարմիններն էլ ոչ միայն չեն դադարեցրել քրեական հետապնդումը, այլև Արմեն Գևորգյանի մեղադրանքը փոփոխել են ավելի ծանր մեղադրանքով, ինչից ակնհայտ է դառնում, որ քննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազներն ունեցել են կանխակալ վերաբերմունք»,- ասաց Ալեքսանյանը:

Վերջինս նշեց, որ քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ նշված է Արմեն Գևորգյանի անունը, մինչդեռ քրեական գործ հարուցվում է ոչ թե անձի դեմ, այլ փաստի վերաբերյալ:

«Ուսումնասիրելով որոշումը՝ կնկատենք, որ այնտեղ տրված են այնպիսի ձևակերպումներ, որոնք անաչառ դիտորդի մոտ կարող են ստեղծել այնպիսի տպավորություն, որ Արմեն Գևորգյանը կատարել է այդ որոշման նկարագրական մասի մեջ ներկայացված գործողությունները՝ հանցավոր արարքը։ Մինչդեռ բոլորիս հայտնի է, որ քրեական գործի հարուցման որոշման մեջ չեն կարող տրվել այնպիսի ձևակերպումներ, որոնք անաչառ դիտորդի մոտ կարող են ստեղծել այնպիսի տպավորություն, որ անձը կատարել է այդ հանցագործությունը»,- ասաց Էրիկ Ալեքանյանը՝ նշելով, որ այս դեպքում գործ ունենք կողմնակալ վերաբերմունքի հետ։

Էրիկ Ալեքսանյանը հիշեցրեց, որ 2018 թվականի դեկտեմբերի 14-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, քննության առնելով նախաքննության մարմնի միջնորդությունը, Արմեն Գևորգյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որոշել է, որ առկա չէ հիմնավոր կասկած այն մասին, որ Գևորգյանը կատարել է իրեն վերագրվող արարքը, սակայն նման պայմաններում ոչ թե քրեական հետապնդումը դադարեցվել է Գևորգյանի նկատմամբ, այլ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել դատարան:

Կարեն Մեժլումյանը նշեց, որ առանձնացրել է ամբաստանյալներին առերևույթ արդարացնող ապացույցներ, որոնք չեն կցվել քրեական գործին

Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը ևս միացավ բացարկին: Վերջինս նշեց, որ իրենք պահանջել են քրեական գործի բոլոր նյութերը, սակայն իրենց դրանք չեն տրամադրվել, ստիպված են եղել «Դատալեքսից» գտնել Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ դատավճիռներ, վկաների տուժողների ցուցմունքներ, որոնցում մարդիկ նկարագրում են, թե ինչ է տեղի ունեցել 2008-ի մարտին: Կարեն Մեժլումյանը օրինակ բերեց ցուցմունքներից մեկը, որում խոսվում է այն մասին, որ մարտի իրադարձությունների ժամանակ զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել, պետական գույք է ոչնչացվել: Կարեն Մեժլումյանը նշեց, որ ինքն առանձնացրել է 90 անձանց ցուցմունք և քննիչին միջնորդել դրանք ևս կցել քրեական գործի նյութերին, որպեսզի հնարավոր լինի դրանք համեմատել  Օհանյանի և մյուսների գործով անցնող անձանց ցուցմունքների հետ և հասկանալ՝ դրանցից որն է ճիշտ, սակայն քննիչն այս միջնորդությունը մերժել է: Քննիչի որոշումը բողոքարկվել է, սակայն դատախազությունը ևս մերժել է իրենց բողոքը: Կարեն Մեժլումյանը ևս փաստեց, որ, ըստ էության ամբաստանյալներին արդարացվող ցուցմունքները թաքցվում են դատարանից:

Միհրան Պողոսյանն ընդգծեց, որ Յուրի Խաչատուրովին չի տրամադրվել մեղադրական եզրակացության ռուսերեն տարբերակը

Միհրան Պողոսյանը վստահություն հայտնեց, որ դատախազ Պետրոս Պետրոսյանն արձանագրել է քրեական գործում առկա խախտումները, սակայն դրանց ուղղությամբ գործողություններ չի իրականացրել:

Պողոսյանը նշեց, որ հուլիսի 26-ի մեղադրանքի որոշումը ներկայացնելու որոշումից հետո Յուրի Խաչատուրովը հայտնել է, որ Սահմանադրության համաձայն՝ ինքն իրավունք ունի ծանոթանալ քրեական գործով մեղադրանքի որոշմանն իր տիրապետած լեզվով: Վարույթն իրականացնող մարմնի ներկայացուցիչ քննիչ Հրաչ Մուշեղյանը, սակայն, որևէ գործողություն չի իրականացրել այս ուղղությամբ և չպարզաբանված մեղադրանքի պայմաններում դատախազ Պետրոսյանը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Այնուհետև, ըստ Միհրան Պողոսյանի, 2018 թվականի հուլիսի 26-ին ինքը դիմում է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին և հայտնել, որ ինքը հանդիսանում է Խաչատուրովի  պաշտպանը, միջնորդել իրեն տրամադրել բոլոր այն որոշումների պատճեները, որոնք Խաչատուրովն իրավունք ունի ստանալու, Խաչատուրովին տրամադրել դրանց ռուսերեն տարբերակները, իրեն ծանոթացնել քննչական գործողություններին, որոնց մասնակցել է Խաչատուրովը, սակայն վերը նշված գործողությունները քննիչի կողմից չեն իրականացվել, և դատախազ Պետրոսյանը նման պայմաններում հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Պաշտպանը նշեց նաև, որ 2019-ի ապրիլին դիմում է ներկայացրել գլխավոր դատախազին՝ խնդրելով տրամադրել քրեական գործով մեղադրական եզրակացության ռուսերեն տարբերակը, ինչը չի արվել, բայց մեղադրանքը Պետրոս Պետրոսյանը հաստատել է:

Պողոսյանն ասաց, որ գործի նախաքննության ընթացքում ինքը Խաչատուրովի հակընդդեմ հարցման իրավունքը ապահովելու միջնորդություն է ներկայացրել, պահանջել, որ առերես հարցաքննություն իրականացվի այն անձանց հետ, ովքեր Խաչատուրովի դեմ ցուցմունք են տվել, ինչը ևս չի արվել:

Պաշտպան Պողոսյանի խոսքով՝ քրեական գործն ընթացել է որոշ պաշտոնատար անձանց ձեռնտու վարկած առաջ քաշելու, այլ ոչ թե գործի օբյեկտիվ, ամբողջական ու լրիվ քննություն իրականացնելու ուղղությամբ:

Այսօրվա դատական նիստի ընթացքում ամբաստանյալները, տուժող և մեղադրող կողմը բացարկի վերաբերյալ դիրքորոշում չհայտնեցին, քանի որ աշխատանքային օրվա ավարտի պատճառով նիստը հետաձգվեց մինչև հաջորդ շաբաթ՝ նոյեմբերի 19-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter