HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Այսօր՝ Հայաստան-Հունաստան. մեծ փորձություն մեր թիմի համար

Այսօր՝ 21:00-ին, Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում սկսվելու է «Եվրո-2020»-ի ընտրական փուլի Հայաստան-Հունաստան հանդիպումը: Սա լինելու է մեր թիմի մասնակցությամբ 9-րդ խաղը ընտրական մրցաշարում, ամսի 18-ին էլ Աբրահամ Խաշմանյանի սաները հյուրընկալվելու են Իտալիային:

Հիշեցնենք, որ առաջին հանդիպումն Աթենքում ավարտվել է մեր թիմի 3-2 հաշվով հաղթանակով: Գոլերի հեղինակ են դարձել Ալեքսանդր Կարապետյանը, Գեւորգ Ղազարյանը, Տիգրան Բարսեղյանը: Դա մեր թիմի առաջին հաղթանակն էր հույների նկատմամբ, իսկ մինչ այդ կայացած 4 հանդիպումներում Հայաստանի հավաքականը կարողացել էր 1 անգամ ընկերական հանդիպմանը 0-0 խաղալ, իսկ մնացած 3 մրցավեճերում մերոնք պարտվել էին 0-2, 0-1 («Եվրո-2004»-ի ընտրական փուլում) եւ 0-1 (ընկերական խաղ) հաշիվներով: Այսինքն՝ մինչ օրս կայացել է հայ-հունական ֆուտբոլային 5 հանդիպում, որոնցից 3-ում հաղթել են բալկանցիները, 1 անգամ՝ մերոնք, 1 անգամ էլ գրանցվել է ոչ-ոքի, մերոնց խփած եւ բաց թողած գոլերը՝ 3-6:

Ֆուտբոլասերները տեղյակ են, որ այսօրվա հանդիպումից առաջ Հայաստանի ընտրանին ծանր կացության մեջ է հայտնվել, քանի որ տարբեր պատճառներով բացակայելու է թիմի առաջատար 7 խաղացող, ինչը, թերեւս, աննախադեպ է մեր հավաքականի պատմության ընթացքում: Վնասվածքների պատճառով թիմին չեն կարող օգնել առաջատարն ու ավագը՝ Հենրիխ Մխիթարյանը, բացի նրանից՝ կիսապաշտպանությունում չենք տեսնի նաեւ Գեւորգ Ղազարյանին, ով միացել էր թիմին, սակայն ցավեր է զգացել ծնկի շրջանում, հավաքականում ելույթներն ավարտելու մասին հայտարարել է մեր բրազիլացին՝ Մարկոս Պիզելին, անձնական պատճառներով թիմին չի միացել Արաս Օզբիլիզը, հենակետային գոտում չի լինի առանցքային խաղացող Կառլեն Մկրտչյանը, հարձակման գծում կբացակայի Սարգիս Ադամյանը, իսկ որակազրկման պատճառով պաշտպանության կենտրոնում այսօրվա խաղին չի մասնակցի Վարազդատ Հարոյանը: Ստացվում է, որ պաշտպանության, հենակետային կիսապաշտպանության եւ գրոհային թեւի ամենաառանցքային խաղացողները չեն մասնակցի Հունաստանի հետ դիմակայությանը:

Այդուհանդերձ, Խաշմանյանը նշել է, որ այս խաղացողների բացակայությունը հնարավորություն է մյուսների համար դրսեւորել իրենց: Բայց արդարության համար պիտի նշենք, որ բացակա խաղացողների մակարդակը նրանց հնարավոր փոխարինողներից ավելի բարձր է:

Ինչպես հայտնի է, «Եվրո-2020»-ի ընտրական 10-րդ խմբում առաջին տեղն ապահովել է Իտալիան, որը 24 հնարավորից վաստակել է նույնքան միավոր: Այսօր Ֆինլանդիան, որն ունի 15 միավոր, թերեւս, կապահովի երկրորդ տեղը, քանի որ հանդիպելու է խմբի հետնապահ Լիխտենշտայնին: Հայաստանն ու Բոսնիա եւ Հերցոգովինան ունեն 10-ական միավոր, Հունաստանը՝ 8, Լիխտենշտայնը՝ 2: Երեւանի ժամանակով 21:00-ին կմեկնարկի նաեւ Ֆինլանդիա-Լիխտենշտայն խաղը, իսկ 23:45-ին՝ Բոսնիա եւ Հերցեգովինա-Իտալիա մրցավեճը:   

Լուսանկարում՝ Հունաստան-Հայաստան խաղում Ղազարյանը հաշիվը դարձնում է 0-2 (ffa.am)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter