HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը կալանավորվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արտակ Թադևոսյանի, հրապարակել է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ՄԱՊ-ի Ալիկ անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանի խափանման միջոցի գործով դատական ակտը, համաձայն որի՝ Պետրոսյանը կալանավորվեց: Վերջինս արգելանքի վերցվեց դատարանից:

Հիշեցնենք, որ փողերի լվացմանն օժանդալու մեջ մեղադրվող Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու ՀՔԾ-ի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար դատավոր Թադևոսյանը խորհրդակցական սենյակ էր հեռացել ժամեր առաջ` նոյեմբերի 15-ին, ժամը 19:00-ի սահմաններում:

Ալեքսան Պետրոսյանի մեղադրանքն առնչվում է Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործին:

Հարությունյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ: Ըստ քրեական գործի՝ նա, զբաղեցնելով բնապահպանության նախարարի պաշտոնը, գործարար Սիլվա Համբարձումյանին հանքերևակումների ուսումնասիրության 10 հատուկ լիցենզիաներ տրամադրելու գործընթացն իրականացնելու, հետագայում ուսումնասիրության ժամկետները երկարացնելու և հանքերի շահագործման թույլտվություն ստանալու հարցը նրա օգտին լուծելուն նպաստելու համար գործարարից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 4.2 մլրդ դրամին համարժեք 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք: Համբարձումյանը բանկային իր հաշվեհամարներից կանխիկացրել և Արամ Հարությունյանի մտերիմի միջոցով նրան է տվել 6 մլն ԱՄՆ դոլար կաշառքի գումարը: Պահանջված կաշառքի գումարի մյուս մասը` 8 մլն ԱՄՆ դոլար գումարը, Արամ Հարությունյանն իր մտերիմների օժանդակությամբ ստացել է Արաբական Միացյալ Էմիրություններում բացված տարբեր հաշվեհամարներին փոխանցումներ կատարելու եղանակով, այնուհետև գումարի ծագման իրական աղբյուրը քողարկելու և դրանց օրինական տեսք հաղորդելու նպատակով հանցավոր ճանապարհով ստացված գումարները փոխանցել է միջազգային ընկերության՝ Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող բանկային հաշվեհամարին, ապա կազմակերպել հիշյալ հաշվեհամարից գումարների պարբերաբար փոխանցումն իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձին պատկանող և ՀՀ տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ընկերության հաշվեհամարին:

 

Լուսանկարում ձախից՝ Ալեքսան Պետրոսյանը, դատավոր Արտակ Թադևոսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter