HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

9։1. Հայաստանի հավաքականը կրեց իր պատմության մեջ ամենախոշոր հաշվով պարտությունը

Եվրո-2020-ի որակավորման փուլի վերջին՝ 10-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցակցի հարկի տակ 1:9 հաշվով պարտություն կրեց J խմբի առաջատար Իտալիայի ընտրանուց, որը գրանցեց հարյուր տոկոսանոց արդյունք՝ 10 խաղ 10 հաղթանակ: Հանդիպումը տեղի ունեցավ Պալերմոյի «Ռենցո Բարբերա» մարզադաշտում:

Հանդիպման հենց մեկնարկում՝ 6-րդ րոպեին, մեր ընտրանու խաղացողները կարող էին առաջ անցնել հաշվի մեջ, սակայն նպաստավոր դիրքում հայտնված Էդգար Բաբայանի հարվածից հետո Իտալիայի հավաքականի դարպասապահ Սալվատորե Սիրիգուն հետ մղեց գնդակը։ Այնուհետև իտալացիներն իրենց պատասխան գրոհի ժամանակ բացեցին հանդիպման հաշիվը, 8-րդ րոպեին աչքի ընկավ Չիրո Իմոբիլեն, իսկ մեկ րոպե անց Նիկոլո Ձանյոլոն արդեն կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ 22-րդ րոպեին արդեն լավ հնարավորություն ստացավ Ալեքսանդր Կարապետյանը, որը, օգտվելով դաշտի տերերի պաշտպանության սխալից, փորձեց դարպասապահի վրայով գնդակն ուղարկել դարպասը, սակայն այն դիպավ հորիզոնական դարպասաձողին։ Ի տարբերություն հայերի, իտալացիներն ավելի դիպուկ էին, 29-րդ րոպեին Նիկոլո Բարելան հաշիվը դարձրեց 3։0, իսկ 33-րդ րոպեին Չիրո Իմոբլիեն խփեց 4-րդ գոլը՝ դառնալով դուբլի հեղինակ։

Երկրորդ խաղակեսում տանտերերը շարունակում էին անդադար գրոհել և ի վերջո խփեցին իրենց հերթական գոլը, 64-րդ րոպեին դուբլի հեղինակ դարձավ նաև Նիկոլո Ձանյոլոն, իսկ 71-րդ րոպեին Ալեսիո Ռոմանյոլին հաշիվը դարձրեց 6։0։ 5 րոպե անց Աբրահամ Խաշմանյանի սաները 7-րդ գնդակն ընդունեցին։ Կամո Հովհաննիսյանը տուգանային հրապարակում խախտեց կանոնները Ռիկարդո Օրսոլինիի նկատմամբ, իսկ նշանակված 11 մետրանոցը հստակորեն իրացրեց Ժորժինիոն։ 78-րդ րոպեին արդեն աչքի ընկավ Օրսոլինին և հաշիվը դարձրեց 8։0։ 79-րդ րոպեին Հայաստանի հավաքականին հաջողվեց գրավել իտալացիների դարպասը, հեռվից կատարած հարվածով գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ էդգար Բաբայանը, սակայն մեկ րոպե անց Ֆեդերիկո Կյեզան խփեց Իտալիայի հավաքականի 9-րդ գնդակը՝ դնելով հանդիպման վերջակետը՝ 9։1։

Հարկ է նշել, որ սա Հայաստանի ազգային հավաքականի պատմության մեջ ամենախոշոր հաշվով պարտությունն էր։

Այսպիսով, Եվրոպայի 2020թ. առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականը 10 միավորով J խմբում զբաղեցրեց 5-րդ տեղը՝ գրանցելով 3 հաղթանակ, 1 ոչ-ոքի և 6 պարտություն: Իտալիան ու Ֆինլանդիան զբաղեցրին 1-ին և 2-րդ հորիզոնականները՝ համապատասխանաբար 30 և 18 միավորներով, ու Եվրո-2020-ի եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեցին: Հունաստանը 14 միավորով 3-րդն է, Բոսնիա և Հերցեգովինան 13 միավորով 4-րդը, իսկ Լիխտենշտայնը 2 միավորով եզրափակեց մրցաշարային աղյուսակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter