HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Հայաստանն ամենաշատն արտահանում է ոչխարի միս, ներկրում՝ թռչնի

Եվրասիական տնտեսական հանձնաժողովն օրերս ընդունել է ստանդարտների նոր փաթեթներ, որոնք վերաբերում են Մաքսային միության ՝ 034/2013՝ «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգին:

Այդ ստանդարտների ցանկը պատրաստվել է ԵԱՏՄ անդամ երկրների առաջարկների հիման վրա, ինչպես նաև՝ հաշվի են առնվել ԵՏՀ Կոլեգիայի № 28 որոշմամբ արդեն իսկ հաստատված մեթոդաբանությունները, որոնցով սահմանվում է անասնաբուժական դեղամիջոցների ցանկն ու չմշակված արտադրանքներում դրանց թույլատրելի մնացորդային քանակը։

Ցանկում առաջին անգամ ներառվել են 20 միջպետական ստանդարտներ 70 անուն մսային ապրանքների վերաբերյալ։ Որոշումն ուժի մեջ է մտնելու 2020թ հունիսի 1-ից՝ դրա պաշտոնական հրապարակման օրվանից:

Թեև 2015-2018թթ․ Հայաստանում մսի և մսամթերքի ներկրումն ավելացել է 12,7% -ով, իսկ արտահանումը՝ 70 %, այնուամենայնիվ միս և մսամթերք 22 անգամ ավելի շատ ներկրվում է, քան՝ արտահանվում։ 

Մասնավորապես, վերջին 5 տարիների ընթաացքում՝ 2015-2019թթ սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, արտահանվել է 9782,49 տոննա միս և մսամթերք (50 մլն 363 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ), իսկ ներկրել՝ 212 063 հազար տոննա:

Մսի առևտրաշրջանառությունը
Infogram

Ամենաշատն արտահանվում է ոչխարի միս, իսկ ներկրվում՝ ընտանի թռչնի միս և մսամթերք։

2015-2019թթ սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում արտահանված մսի 95%-ը բաժին է հասել հենց ոչխարի մսին։ Մասնավորապես, 5 տարիների ընթացքում Հայաստանն արտահանել է 9333,6 տոննա ոչխարի միս՝ ընդհանուր մոտ 50 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ։ Մնացած 5 %-ը կազմում են տարբեր տեսակի մսամթերքն ու ընտանի թռչնի միսը։

2015-2019թթ Հայաստան է ներկրվել է 151 589 տոննա ընտանի թռչնի միս (160 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ), ինչը կազմում է ներկրվող մսի մոտ 72%-ը։ Հաջորդ ամենաշատ ներկրվող տեսակը խոզի միսն է՝ մոտ 34 հազար տոննա, ապա՝ տավարի սառեցված միսը՝ 16,7 հազար տոննա և մսամթերքը՝ մոտ 7 հազար տոննա։

Մսեղեն
Infogram

Ընդհանուր առմամբ՝ 2015-2019թթ սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում ներկրվել է 287,9 մլն ԱՄՆ դոլարի միս և մսամթերք։

Միսը համարվում է բարձր ռիսկային։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2019թ․ սեպտեմբերի 6-12-ն ընկած ժամանակահատվածում զննել և/կամ փորձաքննության է ենթարկել մոտ 800 տոննա ներկրված միս, որից 332 տոննան՝ միս-մսամթերք և մոտ 470-ը՝ թռչնամիս։ Արտահանված մսեղենից փորձաքննվել է 10 անգամ ավելի քիչ՝ մոտ 81 տոննա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter