HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էսքիզներ դիմանկարների համար․ Արա Արծրունի

Մեկ տարի է անցել լիբանանահայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակագիր, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության բարձրագույն՝ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր Արա Արծրունու մահվանից, բայց կարծես ընդամենը երեկ էր․․․ երբ հանդիպում էինք ու վանեցու անթաքույց մտահոգությամբ Հայաստանի ներկայի ու ապագայի մասին իր խոհերի, մտածումների «բեռան տակ» ասում էր․ «Հայությամբ երկիրը կը շենանա, մեզի բարեպատեհ առիթ է ընձեռած» ու ժպտալով շարունակում էր․ «Դեպի երկիր»։

Ծնվել էր Հալեպում, հետագայում ապրել է Բեյրութում, բայց վերջին շուրջ երեսուն տարիներին Երևանն էր իր բնակավայրը․ հպարտանում էր Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելով, երբեմն անձնագիրն էր ցույց տալիս, երբ հումորով «անխոհեմաբար» ասում էի․ «Պարոն Արծրունի, ու՞ր ծնած եք»։ Հասկանում էր խոսքիս հումորախառն իմաստը, պատասխանը չէր ուշանում․ «Բայց Հայաստանով ապրած եմ ու կ՛ապրիմ»։ Իրապես այդպես էր, ընտանիքով էր տեղափոխվել Երևան, բայց իր գիտակցական կյանքը (իրեն իրավամբ կարելի է համարել Սփյուռքի վերջին մոհիկաններից) միշտ «պատնեշին վրայ»՝ իրենց սկզբունքներով, ազգային-գաղափարական մտածելակերպով և երբեմնի այն իրավ կուսակցականներից, որոնք կուսակցական պատեհապաշտ նեղմտությունն ու անհանդուրժողականությունը չեն հանդուրժել։

Սփյուռքյան վերջին շուրջ կեսդարյա ազգային, քաղաքական, մշակութային ոչ այնքան լայնորեն լուսաբանված իրադարձությունների անմիջական մասնակիցը լինելու հանգամանքը ինձ «ստիպել էր» Արա Արծրունու հետ իմ բարեկամությունը ավելի սերտացնել․ պատմում էր ամենքի և ամեն ինչի մասին․ մտերիմ է եղել այնպիսի երևելի ազգային, մշակութային գործիչների հետ, որոնք Սփյուռքում ժամանակին էական դերակատարություններ են ունեցել։ Այս ամենը ինձ ոչ միայն զարմացնում էր, այլև «բարելավում» իմ սփյուռքաիմացությունը։ «Ազդակ», «Բագին», «Արծիվ», «Կամար» և բեյրության այլ պարբերականներին աշխատակցելու  տարիներին, զուգահեռաբար զբաղվել է գրական գործունեությամբ, հրատարակելով վեպեր, պատմվածքներ, դրամաներ։ Երբեմն ասում էր․ «Երիտասարդ տարիներս քեզի կը հիշեցնեն, ես ալ խանդավառ էի, բայց շատ ալ խուսափուկ, գրել ուշ սկսած եմ, գործս՝ վաճառականությունն էր, կյանքը ճանչնալը։ Շատ պարզ կապրեի, ինչպես դուն, մեկ մը պետք է ըլլա, որ իմացությունդ օգտագործե։ Վստահ եմ ատենը կուգա։ Գիտեմ, այս տարիներու ընթացքին միշտ Սփյուռք ջատագոված ես, և Սփյուռքի գրողներ հրատարակած․․․»։ Դժվարությամբ գրեցի այս տողերը, որ ինձ բազմիցս էր ասել, որ երևի իր նկարագիրը ամբողջական դարձնելու համար «համարձակվեցի գրել»․․․

Արա Արծրունու հիմնական գործունեության ոլորտը դրամատուրգիան էր, հայ իրականության մեջ ընդհանրապես եզակիորեն առանձնացվող աբսուրդի թատրոնը․ նրա դրամատիկական երկերից շարք բեմադրվել է Հայաստանի և Սփյուռքի տարբեր գաղթօջախների թատերաբեմերում։ Եւ որքան էլ նվիրվածությունը անմնացորդ էր արևմտահայերենի նկատմամբ, այնուհանդերձ, ցանկություն հայտնեց իր պիեսները տեսնել․․․ արևելահայերեն․ այսպիսով հիմք դրվեց աննախադեպ համագործակցության, որ տևեց շուրջ տասը տարի։ Արդյունքը իրապես զարմանալի  ու գոհացուցիչ էր ոչ միայն իր, այլև շատերի համար։ Արա Արծրունու պիեսների եռահատորը (շուրջ հազար էջ)  հրատարակվեց արևելահայերեն՝ իմ վ ե ր ա ծ ու մ ո վ։

Եւ երբեմն ժպտալով կամ գուցե իմ աշխատանքը դրվատելու նպատակով ասում էր․ «Կարծես թե Արա Արծրունին արեւելահայ հեղինակ մըն է եղեր, ուրկե՞ գտնվեցան այդ համարժեք արտահայտությունները․․․»։  Իր հորդորով ես «հայտնագործեցի» այն հարցումի պատասխանը, որ երբեմն ինձ «տալիս են» ու հաճախ կրկնում եմ․ «Արւելահայերենը կենցաղիս լեզուն է, արևմտահայերենը՝ հոգվույս»։

Հիմա միշտ մտովի, երբ «խոսում եմ» բարեկամիս, ինքնեղ մտավորականի հետ, «անդրադառնում եմ» մեր հանդիպումների ժամանակ թերավարտ կամ ավարտուն ամենատարբեր զրույցների։ Ինքը երբեմն համակարծիք էր, երբեմն էլ անհամաձայն՝ խնդրահարույց շատ հարցերի, և այս ամենը հայության ազգային նկարագրի, տեղատվություն-մակընթացություն առաջ բերող հոգեկերտվածքին վերաբերող։ Եւ միշտ կարոտ արթնացնող․․․

2012 թվականն էր, երբ ցանկություն հայտնեցի ոչ ընդլայն շրջանակներում  նշել իր 80-ամյա հոբելյանը։ Դժգոհեց, նեղսրտեց։ Զտարյուն մտավորականի ինքնաբավությամբ ապրող հայ մարդու ևս մեկ ապացույց, որ ինձ ամենևին չզարմացրեց, այլ երևի իրեն․․․ զայրացրեց․ «Ինծի տակավին չես ճանչնար․․․», հարցումո՞վ, թե՞ պատասխանով, որ սկզբնապես պարզ էր։ Բայց մինչ այդ(2009) հաջողեցի, երբ Կամերային երաժշտության տանը իմ հորդորներից հետո համաձայնեց նշել պիեսների եռահատորի շնորհանդեսը։ Իսկ  2022թ լրանում է Ա․Արծրունու ծննդյան 90-ամյակը։ Մինչ այդ նախապատրաստական էական աշխատանքներ պետք է տարվեն։ Հիշում եմ, բեյրության  հերթական այցելությանս ժամանակ ասաց․ «Խնդրանք մը քեզի․ արդեն գիտես, շատոնց պատմած եմ, որ բավականին թուղթեր ունիմ, հիմա ատենը չէ, բայց կուզեմ որ ատոնցմով դուն զբաղիս, քեզի կվստահիմ, գրականությունս գոց գիտես, դժվար գործ է, կհասկնամ, ատենը գա Սևակին ալ կըսեմ, ինչ պիտի ըլլան ատոնք օր մը, չեմ գիտեր»։ (Այս գրառումը բեյրության իմ նոթատետրից է)։Ես չթողեցի, որ շարունակեր, երկուսս էլ հուզվել էինք․․․

«Աստված ստեղծես զիս․․․ և լքեց։

Ինձի տվավ կյանք և մահ․

Տվավ անծայրածիր մենություն․ ուրիշ ոչինչ․․․

«Ծվեններ» վեպից

Գոհանանք մենության մեջ ստեղծված Արա Արծրունու մեծարժեք գրական ժառանգությամբ։

Մեկնաբանություններ (1)

Արմինե Ստեփանյան
Գոհանում եմ նաև Ձեր հեղինակած այս հոդվածներից, պարոն Անդրանրիկյան, արժեքավոր գործ եք անում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter