HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Ավագյան

Հարգելի՛ քաղաքացիներ, իսկ ի՞նչ կա ձեր գրպանում

Իշխանություններից եկող անհասկանալի ուղերձները վտանգ ունեն հյուծել հասարակական ներուժը: Կառավարությունը, ԱԺ-ն չեն ճանաչում, չեն հասկանում այն հասարակությանը, որի համար որոշումներ են կայացնում ու օրենքներ գրում:  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բոլոր որոշումները հիմնավորելու ունիվերսալ պատասխան ունի. «Իշխանությունը լեգիտիմ է, մենք ունենք հայ ժողովրդի վստահության մանդատը»: Ինչ-որ մեկի գլխից դուրս եկած որոշում պարտադրել հասարակությանը՝ ինչ է թե՝ ընտրություններին «Իմ քայլը» դաշինքը ստացել է ընտրողների ձայների 70 %-ից ավելին, չի նշանակում՝ ստանալ մանդատ՝ անելու խելքին եկած առաջին անմտությունը: Ինչպես՝ մաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելը (որն, ի դեպ, 5 միլիոն դոլարից ավելի նստեց բյուջեի վրա), երբ կարող էին գործել միաժամանակ թե՛ Երևանի, թե՛ Գյումրիի մաքսատները՝ ներմուծողների կյանքը լրացուցիչ չբարդացնելու համար:

Որքան նախկինում անտանելի ու նվաստացուցիչ էր թվում պետության անտարբերությունն իր քաղաքացիների նկատմամբ, ոչ պակաս անտանելի է հայտնվել պետության հոգատարության տիրույթում: Որքան էլ քաղաքացիներին տհաճ է նման հոգատարությունը, պետությունն անդրդվելի է՝ անպատճա՛ռ պիտի հոգ տանի՝ հայացքը հարկատուների գրպանին ուղղելով: Կառավարությունը վստահեցնում է, որ մարդիկ ուղղակի լավ չեն պատկերացնում`որպիսի հրաշալի գաղափար է, դիցուք, աշխատողներից  6% լրացուցիչ հարկ գանձելն  ու բուժապահովագրությանն ուղղելը: 

Ցանկացած նոր գաղափարի հիմքում քաղաքացիների հավատն է կառավարության հանդեպ՝ կարո՞ղ է արդյունավետ ու խելամիտ տնօրինել հարկատուների հարկերից ձևավորվող բյուջեն: Բայց կառավարությունը չի կատարում անգամ բյուջեով նախատեսված ծախսերը. բյուջեում եղած փողը չգիտեն՝ ինչի վրա ծախսել, ու առաջին գաղափաներից մեկը՝ վարչապետին նոր ինքնաթիռ գնելն է: Ու այստեղից սկսվում է ֆալշը:

Հեղափոխությունից հետո իշխանություն-քաղաքացիներ հարաբերության առաջին պայմանը փոխադարձ ազնվությունն է: Երբ կառավարությունը մեկ անգամ ստում է, ապա ստիպված է լինում ստել պերմանենտ:

Նախարարների, փոխնախարարների ու աշխատակազմերի ղեկավարներին գաղտնի աշխատավարձ տալը, նրանցից նախապես ստորագրություն վերցնելը, որ պարտավոր են պահպանել գաղտնիությունը, իսկ հետո ԱԺ-ում բոլորին պտտեցնելը, թե սա ԱԺ-ի համաձայնությամբ է եղել և ոչ գաղտնի, ազնիվ չէր:

Կրթության ոլորտում փոփոխություններ անելու ռազմավարություն չունենալը, այստեղից-այնտեղից ինչ-որ բան փոխելու փորձը հիմնավորել, թե գիտնականները գիտահետազոտական ինստիտուտ գնում են սուրճ խմելու  և տուն վերադառնալու նպատակով, ազնիվ չէ: Նման գնահատականը չափազանց անմտածված է՝ երկրի ղեկավարի շուրթերից հնչելու համար: Իսկական ինտելեկտուալ ռեսուրսը գուցե թե շատ մեծ չէ, սակայն այն կա: Իշխանությունների՛ խնդիրն է, որ այդ ռեսուրսը ոչ մի ազդեցություն չունի իրադարձությունների զարգացման վրա:

Իսկ եթե գիտնականներն էլ հակադարձե՞ն՝ վարչապետ աշխատել՝ նշանակում է հարկատուների հաշվին շքեղ կյանք վարել, շրջել տասնյակ թիկնապահներով, աշխարհով մեկ պտտվել ու համեղ սնվել: 

Ազնիվ չէ, երբ  բուհական ծրագրերում հայագիտական առարկաները ոչ պարտադիր դարձնելու բազմաթիվ հիմնավորումներ են բերվում,պատրաստ են գնալ անգամ «Լեզվի մասին» օրենքը փոխելուն՝ իբրև թե՝  1993-ին, երբ ընդունվում էր «Լեզվի մասին» օրենքը, այն միտված էր հայոց լեզուն պաշտպանել ռուսական ազդեցությունից, հիմա նման վտանգ չկա: Այդ վտանգը հիմա, առավել քան երբևէ, մեծ է: Հետևաբար՝ բերված հիմնավորումը ևս ազնիվ չէ: 

«ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի՝ սկսած պաշտոնյաներից, շարունակած գնորդով ու վաճառողով, պետական բյուջեին պետք է վերաբերվի այնպես, ինչպես ընտանեկան բյուջեին են վերաբերվում»,- հայտարարում է կառավարության ղեկավարը: Դժվար է հավատալ՝ տեսնելով այն ծախսերը, որոնք արվում են վարչապետի կողմից ու վարչապետի համար: 

Եթե իշխանություններին ինչ-որ բան հաջողվում է, ապա միայն ՝ հակառակ որևէ տրամաբանության և ոչ թե համակարգված աշխատանքի արդյունքում:

Այսօր հասարակության ներսում արդարության վերականգնումը գերակա խնդիր է: Հարկավոր է բարոյական դիրքորոշում, ու ինտելեկտուալ ուժերը, ժողովուրդը կհասկանան ու կաջակցեն:

Ո՛չ «Իմ քայլը» դաշինքի, ո՛չ վարչապետի նախընտրական ծրագրերում «Լեզվի մասին» օրենքը փոխելու խոստում չի եղել, հարկատուների աշխատավարձերը շաուրմայի նման ամեն կողքից փոքր-փոքր կտրտելու մասին խոստում չի եղել, բայց եղել է Սահմանադրությունը փոխելու խոստում, եղել է ԱԱԾ-ն ու ոստիկանությունը վարչապետի անձնական վերահսկողությունից հանելու խոստում, եղել է նախկինների արժեհամակարգը մերժելու խոստում:

Պետությունը՝ իբրև իր քաղաքացիների արժանապատիվ գոյության երաշխավոր, պետք է դադարի ճարպիկ, աշխույժ , իրեն բարեկրթությամբ չկաշկանդող առևտրականի մոտեցումից: Կառավարությունը  պետք է դադարի ամեն ինչի համար իր քաղաքացիների գրպանը մտնելուց, անգամ նրա մեկ գավաթ սուրճի գումարի անհրաժեշտությունը զգալուց: Իհարկե, դժվար չէ սուրճի գումարը փոխանցելը «Հայաստան» համահայկական հիմնադրամին: 2016-ի ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ բոլորս ոչինչ չենք խնայի ու պարտավոր ենք չխնայել պետության համար: 

Սակայն գյուղերի ոռոգման կամ խմելու ջրի, ճանապարհների հարցը պետության համար ռազմավարական առաջնահերթություն է։ Այն այսպես ֆրագմենտալ, պատահականության սկզբունքով, դրամահավաքներով չի լուծվում։ Մարդկանց՝ ջուր կամ ճանապարհ ունենալու իրավունքը ոչ մի կերպ չի կարող կախված լինել այս կամ այն բարերարի կամ սփյուռքահայի՝ հայրենիքի հանդեպ ունեցած զգացմունքից։ Այն չի կարող կախված լինել սրա կամ նրա չխմած սուրճի գումարից կամ հեռախոսից փոխանցված 500 դրամից, դպրոցականի նվիրաբերած պաղպաղակի գումարից։ Դա ուղղակի լուրջ չէ։

Պետությունը շարունակում է իր քաղաքացիների հետ ազնիվ չլինել: 

Մեկնաբանություններ (1)

Վանիկ Բաղդասարյան
Պետք էթարգը տալ այդ բառախաղին "ժողովուրդը տվել է իր ձայնը Իմ Քայլ դաշինքին": Ժողովուրդը ոչ մի ձայն էլ չի տվել որև է դաշինքին-առաջի հերթին նա մերժել է Սերժիկին իսկ երկրորդը նա վստահելով փոխանցել-զիճել է իր ընտրելու իրավունքը կոնկրետ մի անձի-Նիկոլ Փաշինյանին; Դրա համար բոլոր իշխանության մեջ հայտնվածները ոչ թե ժողովուրդի կողմից այ Նիկոլ Փաշինյանի ընտրվածներն են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter