HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

Փաստաբանի կյանքի խնդիրն է դարձել օրաթերթը փակե՞լը

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Արթուր  Գրիգորյանի՝ պատվի, արժանապատվության և գործարար  համբավի  պաշտպանության հայցով դատաքննությունն ընդդեմ  «Հրապարակ» օրաթերթի: 

Այսօրվա նիստին հայցվորի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը դատարանին ներկայացրեց «Հրապարակ» օրաթերթի 2011թ.-ի օգոստոսի 10-ի համարում տպագրված «Քաղաքացիներն անբարեխիղճ փաստաբանների զո՞հ» հոդվածը, որը, ըստ փաստաբանի, պարունակում է 6 մեկնաբանություն, որոնք հայցվորի պատիվը և արժանապատվությունը արատավորող արտահայտություններ են: Այդ մեկնաբանություններն են.

ՍԱՀԱԿ -Արթուր Գրիգորյանի պատճառով Հյուսիսային պողոտայում կորցրեցինք բողոքարկելու իրավունք զուտ իրա բողոքն ուշացնելու պատճառով… Հետո պարզվեց՝ էդ փողի դիմաց ա արել: Ինչքան ժամանակ փնտրում էի, որ սատկացնեմ շան պես… Բացի դրանից, ինչ այլանդակ վարքագիծ ունի, էդ արդեն Փաստաբանների պալատը թող փորձի կարգավորել: Նման փաստաբաններին սենց պաշտպանելով՝ Սահակյան Ռուբիկն իրան ա որակազրկում եւ ընդհանրապես փաստաբանների ինստիտուտը:

ԳԱՐԻԿ – Էս անդուր լակոտ փաստաբան կոչեցյալը ոչ այլ ինչ է, եթե ոչ ստահակ ու ստախոս: Մեր գործով նույն սցենարով՝ սկզբից պայմանագիր կնքեց 150 000-ի, հետո վերջում 600 000-ի հասցրեց ու ընդամենը փորձեց հարցը դատավորի հետ  միջնորդությամբ լուծել: Այսինքն ասեց՝ փող տվեք, դատավորի հետ պայմանավորվել եմ: Բա էդ դեպքում ինչո՞ւ էինք իրան էդքան փող տալիս, որ մի հատ էլ դատավորի հետ պայմանավորվում էր… Հետո ասում են կոռուպցիան դատարաններում որտեղից ա սկսվում, այ սենց մարդկային նկարագիր չունեցող վիժվածք փաստաբաններից:

ԻՍԿՈՒՀԻ – Ես ուղղակի զարմանում եմ, թե մարդիկ ոնց են վստահում նման… ներին, մենակ իր արտաքին տեսքը բավական է, որ դրան գործ չվստահես: Անգլերենի իմացության կեղծ իմիջ  են ստեղծում  իրանց համար ու ժողովրդին խաբում: Հայաստանի ԻԲՐ հաջողակ փաստաբանների 99 տոկոսը համագործակցում են ոչ պակաս …… ու կաշառակեր դատավորների հետ: Ոչ մի վճիռ առանց կաշառքի չի կայացվում, ու բոլորը գիտեն դրա մասին՝ եւ ժողովուրդը, եւ իշխանությունը: Հարգելի փաստաբաններն էլ մինչեւ գործին ծանոթանալը պարզում են, թե այդ գործի համար մարդիկ ինչքան են պատրաստվում վճարել, հետո նոր գնում են դատավորի հետ «խոսալու»: Եթե մեկը կա, որի դատական հայցն այս տարբերակով չի լուծվել, թող բարձրաձայնի, որ գրանցենք Կարմիր գրքում:

ԱՆԱՀԻՏ – Ցավ եմ ապրում հենց մենակ նրա համար, որ նման… էլ են փաստաբան համարվում… ինքս, լինելով փաստաբան, պետք է նախեւառաջ ասեմ, որ նա պարտավոր էր տեղյակ պահել իրեն դիմած քաղաքացիներին, որ Եվրոպական դատարան գործերն ընդունվում են հայերենով, եւ անգլերենի իմացության կարիք չկա: Իսկ սա, իհարկե, չի ասել, բացի այդ՝ նա շատ հանգիստ կարող էր ճշտել, թե ինչ ընթացքում է գործը, որը, իմ համոզմամբ՝ նա արել է, բայց թաքցրել է իր պաշտպանյալներից… ստորագույն արարք, եթե ինքն ագահ չլիներ, գումարը պետք է վերադարձներ, իսկ ինչ վերաբերում է սեմինար պարապմունք եւ նման ողորմելի ստերին, ավելի լավ է նման ցնդաբանությունների փոխարեն ներողություն խնդրի իր բոլոր վերեւում կարծիքներ գրած նախկին պաշտպանյալներից, գումարները վերադարձնի ու հրապարակավ ուտի իր փաստաբանական արտոնագիրը:

ԱՐՏԱԿ – Հետաքրքիր է, որ էս փաստաբանիկն արդար դատաքննություն է ակնկալում իր համար…… հետաքրքիր է՝ վճարե՞լ է արդեն «արդար» դատաքննության համար: ժողովուրդ, շատ-շատերն են սրա քաշվածը, ու մի օր էս ամեն ինչը ջրի երես էր ելնելու…

ՍԵՐԳԵՅ – Տեսնես իրան ասե՞լ են, որ ստելն ու դրամաշորթությունը լավ բան չեն ու փաստաբանի համար անհարիր բաներ են: Էս դեպքն իսկական դրամաշորթություն է… խաբեությամբ գումար շորթել…. տենց են անում թուղթ ու գիր անողները, խաղաքարտ նայողները, որ ստի դիմաց փող են վերցնում… լրիվ նույն հանցակազմն է Արթուր Գրիգորյանի մոտ:

Ըստ հայցվորի՝ այս հոդվածի ներքո առկա մեկնաբանություններից յուրաքանչյուրը պարունակում է և՛ զրպարտություն, և՛ վիրավորանք, և հայցվորը յուրաքանչյուր զրպարտության համար պահանջում է 2.000.000 ՀՀ դրան, և յուրաքնչյուր վիրավորանքի դիմաց՝ 1.000.000 ՀՀ դրամ՝ 6 մեկնաբանությունների դիմաց ընդհանուր գումարը կազմում է 18 միլիոն դրամ: Հայցվորն իր հայցապահանջում փոփոխություն էր արել և նշել, որ պատասխանողը կարող է նշված գումարը սպառել՝ ամսական վճարելով 250 հազար ՀՀ դրամ:

Հայցվորը դատարանին ներկայացրեց «Հրապարակ» օրաթերթում այլ անձանց կողմից հրապարակված հոդվածները, որոնք վիրավորում և զրպարտում են հայցվորին և որոնք գտնվում են ՀՀ դատարաններում:

Հայցվորի ներկայացուցիչը նաև դատարանին հայտնեց, որ փաստաբանները հոգեբան չեն և չեն կարող ամեն օր ժամերով լսել իրենց վստահորդների զառանցանքները, ինչպես նաև ավելացրեց, որ փաստաբանները միշտ չէ, որ գործերը շահում են, լինում են նաև պարտություններ, և բնական է, որ բոլոր վստահորդները գոհ չեն կարող մնալ:

Պատասխանողի ներկայացուցիչ Գևորգ Գևորգյանը, ի պատասխան հայցապահանջի, հայտնեց, որ ամբողջովին առարկում է հայցադիմումին: Նա հայտնեց, որ կարևոր է առաջին հերթին պարզել, թե ում կողմից են արվել այդ մեկնաբանությունները, բայց քանի որ հայցվորը իր ելույթում նշեց, որ «Հրապարակ» օրաթերթում արվել են մեկնաբանություններ այլ անձանց կողմից, ապա այսքանով հայցվորը նույնպես հաստատում է, որ այլ անձանց կողմից են արվել, այլ ոչ թե օրաթերթի:

Պատասխանողը նշեց, որ facebook.com, odnoklassniki.ru և բլոգերի նման կայքերում հնարավոր է մեկնաբանություններ թողնել, ինչպես նաև ԶԼՄ-ում. ինտերնետը մեծ դաշտ է տրամադրում ընթերցողին, որպեսզի նա ազատ արտահայտի իր կարծիքը: Օրաթերթը, լինելով ազատ արտահայտվելու միջոց, որևէ իրավունք կամ պարտականություն չունի` արգելելու անձանց իրենց կարծիքը ազատ արտահայտելու:

Գ.Գևորգյանը մեկնաբանությունների վերաբերյալ հայտնեց, որ իրենք պարզապես չեն կարող բոլոր հոդվածների մեկնաբանությունը հետագայում ստուգել, դրա պարտականությունը լրատվամիջոցը չունի, այսինքն` իրենք դիտավորյալ դրանք երկար ժամանակ չեն պահել կայքում, այլ եղել է ոչ միտումնավոր: Անդրադառնալով նոյեմբերի 15-ի ՍԴ որոշմանը, որը դիտավորության առկայությունը պարտադիր է համարում, Գ.Գևորգյանը նշեց, որ մեկնաբանությունները դիտավորությամբ չէ, որ երկար ժամանակ հրապարակված են մնացել կայքում: Այս դեպքում օրաթերթը մեղավոր չէ, եթե նույնիսկ չի վերահսկել, կամ շուտ չի կարդացել դրանք,  սա որպես դիտավորություն չի կարող դիտվել: Այսքանով պատասխանողը հիմնավորեց իր դիրքորոշումը:

Պատասխանող, «Հրապարակ» օրաթերթի տնօրեն և գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն իր ելույթում դատարանին հայտնեց, որ ինտերնետը տալիս է անսահման հնարավորություններ, և վերահսկել կամ սահմանափակել այն հնարավոր չէ: Ըստ խմբագրի՝ օրաթեթրը հնարավորություն է տվել իր ընթերցողին հայտնել իր կարծիքը, ինչպես արվում է այլ կայքերում: Իրենց օրաթերթը թույլ է տալիս իր ընթերցողին հայտնել իր կարծիքը: Այս դեպքում, հայցվորի մասին հոդվածի հրապարկումից հետո ընթերցողը կարդացել է և իր հույզերն է արտահայտել:

Ա.Օհանյանը դատարանին ներկայացրեց լրատվամիջոցներից մեկում Արթուր Գրիգորյանի արված այն հայտարարությունը, որ նրա կյանքի խնդիրն է դարձել օրաթերթը փակելը:

Հայցվոր Արթուր Գրիգորյանի հարցին, թե արդյոք կայքում մեկնաբանություններն անմիջապես հաստատվու՞մ են, թե՞ դրանք նախօրոք ընթերցվում են, հետո նոր հաստատվում, Ա.Օհանյանը հայտնեց, որ հենց այս դատավարությունը իրենց համար դաս եղավ, և արդեն 2011թ.-ի հոկտեմբերից իրենք վերահսկում են մեկնաբանությունները, այն անմիջապես չի հաստատվում, իսկ նախկինում կայքի ծրագիրն այնպես էր մշակված, որ մեկնաբանությունները մեխանիկորեն հաստատվում էին:

Ա.Գրիգորյանի այն հարցին, թե մեկնաբանությունների հաստատելու հետ կապված կայքի դիզայնը արդյո՞ք Ա.Օհանյանն է որոշել, խմբագիրը պատասխանեց` այո: Արթուր Գրիգորյանի հերթական հարցին, թե կարո՞ղ էր, արդյոք, այնպես անել, որ մեկնաբանություններմ անմիջապես չհաստատվեին, Ա.Օհանյանը կրկին դրական պատասխանեց՝ այո:

Այսքանով գործով դատաքննությունն ավարտվեց և վճռի հրապարակման օր նշանակվեց մարտի 7-ը:

Մեկնաբանություններ (3)

Երվանդ Վարոսյան
Եթե կարելի է մի հարց ևս. կասեք ինքներդ որևէ կապ տեսնու՞մ եք անբարեխիղճ փաստաբանների կամ թերթի փակումը նպատակ դարձրած փաստաբանների ու այս նկարի միջև:
Տաթև
Հարգելի Երվանդ, այս նկարը օգտագործել է «Հրապարակ» օրաթերթը վիճարկվող հոդվածում, իսկ մենք օգտագործել ենք «Հրապարակ» օրաթերթի նույն նկարով հրապարակումը:
Երվանդ Վարոսյան
Մի բան չհասկացա, հարգելի հոդվածագիր, ի՞նչ կապ ունի նյութի հետ Ռուբեն Սահակյանի նկարը...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter