HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

«Սակրալ մինիմալիզմ». 3 արվեստագետների աշխատանքների ցուցադրություն (լուսանկարներ)

Դեկտեմբերի 6-ին ՀԲԸՄ ցուցասրահում տեղի ունեցավ «Սակրալ մինիմալիզմ» (Sacred Minimalism) անվանումով ցուցահանդեսի բացումը, որտեղ ներկայացված են ժամանակակից երեք արվեստագետների՝ Լիլիթ Բաչաչի (Հայաստան), Յարո Զաբավսկիի (Ռուսաստան) եւ Աշոտ Ն Գրիգորյանի շուրջ 70 գեղանկարչական եւ խեցեգործական աշխատանքները։ 

Ցուցահանդեսի համադրողը Իռեն Բարսեղյանն է, ով իր տեքստում նշում է

«Քսաներորդ դարը նշանավորվեց արվեստի տարբեր ուղղությունների եւ ոճերի բուռն սինթեզով, երբ այդ ուղղությունների կապը դարձավ ավելի ցայտուն։ «Սակրալ մինիմալիզմ» եզրույթը հատուկ է 1960-70 թվականներին տարածում գտած երաժշտական ստեղծագործություններին, որոնք առանձնանում էին իրենց մինիմալիստական գեղագիտությամբ, հոգեւոր եւ միստիկ թեմաներով։ Հենց 20-րդ դարում ձեւավորված աբստրակցիոնիստ նկարիչներն էին իրենց արվեստը նույնացնում երաժշտության վերացական բնույթի հետ։ Ինչպես նույն «սակրալ մինիմալիստ» կոմպոզիտորների, այնպես էլ ցուցադրված երեք արվեստագետների համար հնչյունից բացի նույնքան կարեւոր է լռությունը, որը կարելի է «տեսնել», «լսել» ցուցադրված ստեղծագործություններում։ Անկախ ցուցադրված արվեստագետների ստեղծագործությունների ոճական ու թեմատիկ առանձնահատկություններից, արվեստում առաջ քաշված խնդիրներից՝ նրանց միավորում է մի միասնական գիծ՝ ներդաշնակության ձգտումը»։

Լիլիթ Բաչաչը ծնվել է Երեւանում, սովորել Մանկավարժական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետում։ Մատենադարանի վերկանգնման բաժնում նկարիչ-վերկանգնող է։ Իր արվեստում Լիլիթն անդրադառնում է ներկայի ու բացակայի սիմվոլիկային։ Ամայի բնանկարները, կարծես, Արվո Պյարտի երաժշտական ստեղծագործությունների վիզուալիզացիան լինեն, իսկ մարդու ներկայությունը՝ հաճախ զգալի հենց իր բացակայության մեջ։ 

Յարո Զաբավսկին ծնվել է Մոսկվայում, կրթությունն ստացել Միացյալ Նահանգներում։ Այժմ ապրում եւ ստեղծագործում է Դիլիջանում՝ միաժամանակ դասավանդելով տեղի միջազգային դպրոցում։ Ինչպես ինքը՝ Յարոն է հավատացնում, Հայաստանում ապրելն իր ազդեցությունն է թողել իր աշխատանքի եւ աշխարհի հետ շփվելու եւ արտահայտվելու վրա։ Կարծես երկրաչափ պատկերներից ազատագրված, ծավալ ստացած նոր ֆորմաներ են նրա «քանդակները», որոնց մեջ խտացված է բնությունը, հարազատ դարձած հայկական լեռները։ 

Աշոտ Ն Գրիգորյանը ծնվել է Երեւանում, ավարտել Գեղարվեստի պետական ակադեմիան։ Ստեղծագործությունները ցուցադրվել են Գերմանիայում, Ֆրանսիայում, Էստոնիայում, Կանադայում, Միացյալ նահանգներում։ Նրա աշխատանքների առանցքում հոգեւորի, հավերժության անվերջ ու անշտապ փնտրտուքն է, երազային վերադարձը անցյալ, մանկություն, անվերջ ճանապարհորդություն։ Պատմողականությունից զուրկ վերացական  պատկերներում սկսում են «խոսել» գույնը, նյութը, զուսպ ֆորմաները։ 

Ցուցահանդեսը բաց կլինի մինչ դեկտեմբերի 13-ը (աշխատանքները ներկայացված են վաճառքի)։ Մուտքն ազատ է։

Հետգրություն։ Անդրադարձի տեքստային հատվածները՝ ըստ համադրողի տեքստի։ Գլխավոր լուսանկարում Լիլիթ Բաչաչի «Դիալոգ»-ից հատվածներ (ֆրագմենտներ)։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter