HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեւանում մասնավոր դիակիզարաններ կկառուցվեն՝ չնայած եկեղեցու եւ հասարակության որոշ մասի դժգոհությանը

2020 թվականին Երևանում կբացվի երկու դիակիզարան։ Այդ նպատակով Երեւանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (ՀՈԱԿ) է դիմել երկու մասնավոր ընկերություն: ՀՈԱԿ-ի ղեկավար Արման Իսկանդարյանի խոսքով՝ այս ամենը նորմալ է, քանի որ օրենքը չի արգելում դիակիզարանների գործունեությունը։ «Սա պարզապես մի քայլ է, որով հասարակությանը տրվում է ընտրության հնարավորություն։ Մասնավոր ընկերություններն առաջարկել են, և քանի որ օրենքը նախատեսում է գերեզմանների գործունեություն՝ դրանցում ներառելով նաև դիակիզման ծառայություն, դեմ լինելու խնդիր չկա»,- ասում է նա։

Արման Իսկանդարյանի խոսքով՝ պետական դիակիզարան բացելու ծրագիր առաջիկայում չկա, իսկ բացվելիք մասնավոր դիակիզարանների հասցեները շուտով հայտնի կլինեն: Հաշվի առնելով, որ նախաձեռնողները մասնավոր կազմակերպություններ են՝ ծառայությունն անվճար չի լինի։

«Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  8-րդ հոդվածով սահմանվում է թաղման և դիակիզման կարգը։ Թեեւ օրենքով դիակիզարանների գործունեությունը նախատեսվում էր 2006 թվականից, սակայն այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր չկային տարբեր պատճառներով՝ հասարակության ստվար հատվածի ոչ դրական վերաբերմունքի, եկեղեցու դիմակայության եւ այլն։ Արդյոք փոխվել է իրավիճակն այս տարիների ընթացքում։

Հասարակության շրջանում (20 հոգու) մեր անցկացրած հարցմամբ փորձել ենք պարզել համաքաղաքացիների վերաբերմունքը դիակիզման վերաբերյալ։ 18-25 տարեկանները դրական են ընդունում դիակիզում երեւույթը, քանի որ Երեւանում գերեզմանների ընդլայնման համար տեղ չկա։ Իսկ 25-ից բարձր տարիք ունեցողները համոզված են, որ դիակիզումը դեմ է մեր ավանդույթներին։

Արման Իսկանդարյանը հասարակության բացասական վերաբերմունքը բացատրում է նրանով, որ ժողովուրդն առաջ գնալու, զարգանալու ցանկություն չունի։ «Իրականում վատն ու աղետալին այն է, որ գերեզմանների տարածքը գերազանցում է կանաչապատ տարածքների թիվը»,- ասում է նա։

Մասնավոր ընկերությունները, որոնք պատրաստվում են դիակիզարաններ գործարկել, լիցենզիան ստացել են քաղաքապետարանից։ Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը զարմացած է, որ դիակիզարանների բացումը նման աղմուկ է առաջացրել։ «Առաջարկը մասնավոր սեկտորից էր՝ նման գործունեություն ծավալելու, և ինչպես ցանկացած բան, որը չի հակասում օրենսդրությանը, քաղաքապետարանի համապատասխան բաժինը տրամադրել է լիցենզիա»,- ասում է նա։

Մեր համաքաղաքացիներից շատերը իրենց բացասական կարծիքը պայմանավորում են եկեղեցու դիրքորոշմամբ: Եկեղեցու դիրքորոշումը պարզելու նպատակով խոսեցինք Արևշատի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևորականներից Տեր Հովսեփի հետ: Նա ասաց, որ եկեղեցու դիրքորոշումն արդեն հրապարակվել է:

Ըստ այդմ՝ Հայ Առաքելական Եկեղեցին դեմ է դիակիզմանը՝ հաշվի առնելով «Նոր Կտակարան»-ում նշված հետևյալ միտքը. «Հող էիր, հող կդառնաս»։ Եկեղեցին ընդունում է միայն մեզ ծանոթ թաղման կարգը։ Իսկ «Հին Կտակարան»-ում կրակը կապված է պատժի հետ, ուստի դիակիզումը չի ընդունվում եկեղեցու կողմից։

«Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արման Իսկանդարյանի խոսքով՝ եկեղեցին դեմ է, բայց չի պարտադրում իր դիրքորոշումը. «Եկեղեցին առաջին հերթին քարոզում է հանդուրժողականություն, ինչի բացակայության պատճառով էլ բացասական մթնոլորտ կա»։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Ատոմյանը մեզ հետ ցրույցում նշեց, որ Հայաստանում դիակիզումն ընդունված չէ, և մարդու մահվանից հետո նրան ոչ թե դիակիզում են, այլ թաղում. «Ներկա պահին նման հարցի քննարկումը, կարծում եմ, տեղին չէ, քանի որ մեր սովորույթներին դիակիզումը դեմ է։ Հետագայում թաղումից անցումը դիակիզման ևս ինձ համար ընդունելի չի լինի»։

Նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Ռուստամ Բաքոյանն ասում է. «Օրենքն ընդունվել է 2006 թվականին, բայց դիակիզարաններ չեն բացվել, կարծում եմ, որ արդեն ժամանակն է։ Մարդկանց պետք է ընտրելու հնարավորություն տալ։ Երևանում գերեզմանների տարածքը կազմում է մոտ 500 հա, որը երկու անգամ գերազանցում է մայրաքաղաքի կանաչապատ տարածքները»։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Շաքե Իսայանի կարծիքով՝ չնայած քրիստոնեությունը դեմ է դիակիզմանը, այնուամենայնիվ, մարդիկ պետք է ընտրության հնարավորություն ունենան»։

«Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ից տեղեկացրին, որ շուտով մանրամասներ կհայտարարվեն դիակիզման ծառայության մասին:

 

Էլենիտա Սարգսյան, Թերեզա Հովհաննիսյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 3-րդ կուրս

Մեկնաբանություններ (1)

Yerevan2800
թող լինի ընտրության հնարավորություն, հողային ռեսուրսների խնդիր կա, հատկապես մայրաքաղաքում, ով իրավիճակից տեղյակ է գիտի, չհաշված հարցի մշակութաբանական կողմը՝ առանձին դեպքերում մոնումենտալ արվեստի են հասցնում, երբեմն անգամ իբր գումար չունեն բայց քար են դնում փոխանակ բավարարվեն ցուցանակով, ու գումարած էն որ մարդիկ կան կենդանի ժամանակ ընենց բաներ են անում որ արժանի են վառելու, եկեղեցին թող էս վերջին ասպեյտի մասին մտածի,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter