HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդիում կարի արտադրամաս է բացվել

Մեկ ամիս առաջ «Կոտտոնի» ՍՊԸ-ն Ալավերդիում բացել է կարի արտադրամաս: «Կոտտոնի» ՍՊԸ-ի 50 տոկոսի բաժնետերը վանաձորցի Կարեն Դասոյանն է: Մյուս 50 տոկոսի բաժնետերը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Յանինա Բերգ Բորիսովնան է: Վերջինս Մոսկվայում գրանցված «Մոդելիսմօ» (ООО ШФ «МОДЕЛИСМО») ընկերության սեփականատեր և գլխավոր տնօրեն Քրիստինա Միտելմանի մայրն է: «Մոդելիսմօ»-ն Ալավերդու կարի արտադրամասի հիմնական պատվիրատուն է: «Կոտտոնի» ՍՊԸ-ն գրանցվել է 2019թ.-ի սեպտեմբերի 30-ին, Վանաձորում: Ընկերության գործադիր տնօրեն Կարեն Դասոյանը 1993թ.-ից բնակվել է Մոսկվայում, մասնագիտությամբ իրավաբան է: 2002թ.-ին անդամակցել է Աշխատավորների ինքնակառավարման ռուսաստանյան կուսակցությանը։ Կուսակցության ղեկավարը ներկայում Լևոն Չախմախչյանն է: Կ. Դասոյանը երկար տարիներ աշխատել է սենատոր Լևոն Չախմախչյանի օգնական: Ռուսաստանում նա 2007թ.-ից զբաղվել է անշարժ գույքի բիզնեսով:

Ալավերդու նորաբաց կարի արտադրամասում կարում են մինչեւ մեկ տարեկան երեխաների հագուստ: Այնտեղ աշխատելու համար «Կոտտոնի» ՍՊԸ-ին դիմել է 700 կին:

«Մենք բերեցինք 7 կարի մեքենա, որ ընտրենք աշխատողներին: Դիմումատուների կարելու հմտությունները ստուգել են պատվիրատու ընկերության մասնագետները: Ալավերդցի կարող բանվորուհիները կատարել են իրենց տված առաջադրանքները, սակայն նրանց բոլորին հնարավոր չի եղել ընդունել աշխատանքի: Ճիշտն ասած՝ շատ զարմացա, որ Ալավերդին այդպիսի որակյալ աշխատուժ ունի: Աստծո հաջողությունով, հնարավորություն լինի կարողանանք մեր արտադրությունը ընդլայնել, մենք աշխատող-մասնագետի պրոբլեմ չենք ունենա»,- ասաց գործադիր տնօրենը: Նա ակնկալում է, որ Ալավերդու արտադրամասի մասնագետներին քիչ ժամանակ է պետք հունի մեջ ընկնելու համար:

«Մենք մտածում ենք, որ այս պայմաններով մոտ 200-250 հազար հատ մանկական հագուստի արտադրանք ենք տալու»,- ասում է Կ. Դասոյանը: 

Արտադրամասում անցած մեկ ամսում 10 000 հագուստ են կարել: Կ. Դասոյանը մեկ ամսվա համար դա վատ ցուցանիշ չհամարեց: Ասաց՝ սպասում է ավելին: Ընկերության արտադրանքը արտահանվելու է: Պատվիրատուն տալիս է հումքը, «Կոտտոնի»-ն՝ կարում, և ամբողջ արտադրանքը հանձնում են պատվիրատուին:

Կ. Դասոյանն ասում է, որ արտադրամասի բոլոր ծախսերն ինքն է կատարել։ «Այնպես չի, որ պատվիրատուից կախված ենք։ Մենք կունենանք մեր պատվիրատուները Եվրոպայից, դեռ հիմա էդ մասով չեմ ուզում չակերտները բացել, դեռ բանակցությունները ընթացքի մեջ են, բայց պատվերներ կան»,- ասաց Կ. Դասոյանը:

Վերջինս առաջիկայում Ալավերդիում բացելու է նաև տեքստիլի արտադրամաս: Այդ նպատակով 37 տեքստիլ մեքենաներ ճանապարհին են, եւ այս ամիս կհասնեն Ալավերդի: Դրանց տեղադրելուց հետո 37 աշխատատեղ ևս կբացվի։

«Հիմա տեքստիլի այս մեքենաները, որ տեղադրեմ, զգամ շատ մարդիկ ցանկություն ունեն տեքստիլ ոլորտում աշխատելու, մյուս տարի շենքի 3-րդ հարկը կվերանորոգենք ու այդտեղ լրիվ տեքստիլ արտադրամաս կդնենք: Երկու հարկում իրար հետ 400 աշխատատեղ կապահովվի: Ժամանակ է պետք հաստատվելու համար»,- ասաց Կ. Դասոյանը: 

Կարի արտադրամասի աշխատողների վարձատրությունը գործարքային է լինելու: Տնօրենի ասելով՝ կարի տարբեր ֆաբրիկաներում աշխատողները տարբեր ձևով են վարձատրվում: «Մենք հիմա կազմում ենք այդ գնացուցակը, տեխնոլոգիական այդ փուլի մեջ ենք»,- ասաց Կ. Դասոյանը: Գործատուի կողմից ի սկզբանե հայտարարվել է, որ արտադրամասում աշխատողների աշխատավարձը պետք է լինի 80-150 հազար դրամ: Մեզ հետ զրույցում Կարեն Դասոյանն աշխատավարձի այդ չափի համար աշխատողներին առաջարկվող նախապայման ներկայացրեց։

«Եթե մեր նախատեսած արտադրանքի քանակները՝ 250 հազար հատ մանկական հագուստ կարեն, էնտեղ արդեն աշխատողները կարող են 80 հազար դրամ աշխատավարձ ստանալ՝ կախված է իրենց արագությունից և որակից»,- բացատրեց զրուցակիցս: Անցած մեկ ամսում կարի արտադրամասը մինուսով է աշխատել:

Աշխատողների առաջին ամսվա աշխատավարձի հստակ չափի մասին մեր հարցին գործադիր տնօրենը պատասխանեց, որ ինքն աշխատավարձը հաշվարկելու փուլում է, ուզում է այնպես անել, որ ոչ աշխատողին նեղացնեն, ոչ էլ իրենք շատ տուժեն: Բացատրեց, որ դրա համար հիմա հստակ չի կարող ասել աշխատավարձի չափը:

«Բայց բոլոր դեպքերում, ինձ թվում է, որ ոչ մի աշխատող նեղացած չի լինի, որովհետև մենք այդ մարդիկ չենք: Եթե բացել ենք արտադրամասը, ուզում ենք աշխատել և մարդկանց նորմալ վճարել: Նոր տարի է առաջները, կաշխատենք, որ նորմալ վճարվի աշխատավարձ: Ինձ թվում է՝ աշխատողները գոհ կլինեն»,- ասաց Դասոյանը: 

Պետության կողմից աջակցության մասին հարցին, Դասոյանը պատմեց, որ ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանի հետ հանդիպել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի հետ, հանդիպումներ են ունեցել նաև Էկոնոմիկայի նախարարությունում։ Կ. Դասոյանի ասելով՝ հանդիպումների ընթացքում քննարկվել են իր արտադրամասի ԱԱՀ-ի վճարումը 3 տարով հետաձգելու և ընկերությանը հումքի ներկրման մաքսատուրքերից ազատելու հարցերը:

«Ինձ ասացին հիմա փաստաթղթերը պատրաստում են, որ ներկայացնեն Կառավարության նիստի»,- ասաց Կ. Դասոյանը: Վերջինս նաև պատմեց, որ կարի արտադրությունն ընդլայնելու նպատակով փորձել է Ալավերդիում շենք գնել: Գործարարին պատասխանել են, որ Ալավերդիում այլեւս պետական տարածք չկա։ «Եթե մեզ առանձին շենք տրամադրեն որպես ֆաբրիկա, մեծ սիրով այն կօգտագործենք, իսկ այդ հին շենքերի սեփականատերերն այնպիսի գին են առաջարկում, որ ավելի լավ է հող վերցնես, նոր շենք կառուցես, քան իրենցից գնես»,- ասում է գործարարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter