HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպե՞ս վերադարձնել այն ժամանակը, որը «Facebook»-ն ու «Instagram»-ը խլել են մեզնից

Եկեք ուղիղ նայենք ճշմարտության աչքերի մեջ՝ եթե «Ֆեյսբուքն» ու «Ինստագրամը» լինեին իրական մարդիկ, արդեն վաղուց մեր ուշադրությունից զզված կլինեին։

Համոզված եմ, որ բոլորիս շրջապատում կգտնվեն մարդիկ, ովքեր ամբողջ օրը իրենց հեռախոսների մեջ են՝ անդադար, արդեն ռեֆլեքսորեն պտտում են նորությունների հոսքը։

Հնարավոր է, որ շատերդ չընդունեք, փորձեք ձեզ բացառություն համարել, բայց շատ դեպքերում այդ մարդը հենց դուք եք։

Եղե՞լ է, որ առավոտյան արթնանալուց հետո առաջին բանը, որ արել ես, «Ֆեյսբուքն» ու «Ինստագրամը» բացելն է։

Եղե՞լ է, որ մտածել ես քնելուց առաջ մի քիչ նայես «ֆեյսբուքներում» ինչ կա-չկա (կարծես եթե հիմա չստուգես, շատ կարեւոր բան բաց կթողնես), ու «մի քիչ»-ը դարձել է մի քանի ժամ, աչքերդ էլ սկսել են ցավել։

Իսկ մտածե՞լ ես, որ չես հասցնում ուզածդ գրքերը կարդալ, ֆիլմերը նայել ու ընկերներիդ ավելի հաճախ հանդիպել, hետո հասկացել ես, որ չես արել, որովհետեւ փոխարենը սոցիալական կայքերում կարդացել ես ստատուսներ (կամ նույնիսկ չես կարդացել, այլ թերթել ես), ինչ-որ նկարներ ես նայել, «like» ու «ha-ha»-ներ շռայլել։

Մի ընկեր ունեմ, որ երբ մտնում է «Ֆեյսբուք», կարծես կորցնում է կապը արտաքին աշխարհի հետ, նույնիսկ իր անվանը չի արձագանքում։ Մի քանի օր առաջ էլ գործընկերներիցս մեկն ինձ ասաց, որ եթե առաջ օրվա վերջում ստուգում էր, թե որքան ժամանակ է անցկացրել սոցցանցերի հավելվածներում, ապա հիմա դադարել է՝ այլեւս անիմաստ է, որովհետեւ, միեւնույն է, շատ է։ Վերջերս մի կոնֆերանսի էի մասնակցում ու նկատեցի, թե ինչպես են ներկաներից մի քանի հոգի անվերջ ինչ-որ բաներ անում իրենց «ֆեյսբուքներում», մտածում էի ինչու են որոշել ժամանակ ծախսել ու գալ, եթե հեռախոսներից դուրս չեն գալու։

Եթե հայտնվել ես այս բոլոր իրավիճակներում, ապա պետք չէ ինքդ քեզ մեղադրել. և՛ «Ֆեյսբուքը», և՛ «Ինստագրամը», և՛ գրեթե ցանկացած սոց. կայքի հավելված հատուկ այնպես են աշխատում, որ որքան հնարավոր է շատ ժամանակ անցկացնես դրանցում։

Մեր ուշադրությունը գրավելն ու պահելը մի մեծ թիմի աշխատանք է։ Նրանք ուսումնասիրում են մարդկային հոգեբանության առանձնահատկությունները ու փորձում օգտագործել դրանք։

Չնայած Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սոցցանցերից կախվածությունը դեռ չի ընդգրկել հիվանդությոնների ցանկում` շատ հոգեբաններ այն համարում են մեծ խնդիր եւ 21-րդ դարի մարտահրավեր։

Հնարավոր չէ սոցիալական կայքերը բնութագրել որպես միանշանակ վատ կամ լավ երեւույթ, բայց այն, որ դրանք խլում են մեզնից ավելի շատ ժամանակ, քան հարկավոր է, պետք է ընդունենք բոլորս։ Եթե, իհարկե, դա մեզ խանգարում է։

«Ֆեյսբուքն» ու «Ինստագրամը» իրական մարդիկ չեն, ու ինչքան շատ ուշադրություն ենք դարձնում դրանց, այնքան քիչ է։

Մեր ուշադրությունը մոնետիզացվում է, այն մեծ գումարներ ու իշխանություն է բերում գովազդի միջոցով (եւ ոչ միայն, բայց սա ուրիշ թեմա է), ու այդ ուշադրության համար «Ֆեյսբուքի» ու «Գուգլի» նման մեծ ընկերություններն անդադար մրցում են։

Հիմա հնարավոր չէ պատկերացնել կյանքը առանց սոցիալական կայքերի, եւ, կարծում եմ, պետք էլ չէ՝ ես ամենեւին չեմ հորդորում քեզ մեկընդմիշտ հրաժարվել դրանցից։

Բայց կարծում եմ, որ պետք է հնարավորինս քչացնել սոցցանցերից կախվածություն ձեռք բերելու հնարավորությունը։ Իսկ եթե այդ կախվածությունն արդեն կա, ապա պետք է դրա հաղթահարման ինքնուրույն լուծումներ գտնել։

Այդ լուծումը կա ու շատ հեշտ է, ընդամենը մեկ գործողություն է. ջնջի՛ր քո հեռախոսից «Ֆեյսբուքի» եւ «Ինստագրամի» հավելվածները։

Վերջ, ընդամենը սա է հարկավոր անել։ Ես սա արել եմ մեկ ամիս առաջ՝ ուզում էի հասկանալ, արդյոք կաշխատի, թե՞ ոչ։ Հիմա վստահ ասում եմ քեզ՝ «Ֆեյսբուքի» եւ «Ինստագրամի» հավելվածները (կամ այն սոցիալական կայքի, որը խլում է մեր էներգիան եւ ժամանակը) ջնջելը քո կյանքը ավելի լավը կդարձնի։

Իմ օրինակով կարող եմ նշել հետեւյալ պատճառները.

  • ժամանակի զգացողությունը փոխվում է՝ հիմա ես ունեմ ավելի շատ ժամանակ` ինձ շրջապատող իրականությունում ներկա գտնվելու։ Պատկերացրու, որ քո կյանքում ազատվում է 3 եւ ավելի ժամ։ Իսկ թե ինչպես կտնօրինես այդ ազատ ժամանակը, արդեն քո գործն է։ Ու հավատա, որ հավելվածները ջնջելով` ընկերներիդ կամ մտերիմներիդ հետ կապը չի կտրվի՝ հազարավոր մարդիկ ընդհանրապես չունեն սոց. կայքերի հաշիվներ բայց կապ են պահպանում իրենց ընկերների ու մտերիմների հետ։
  • Անվերջ իրադարձությունների ինֆորմացիոն հոսքի տակ չգտնվելը վերադարձնում է այն դրական էներգիան, որը խլում է հենց այդ նույն հոսքը։ Սա շատ կարեւոր է հոգեկան առողջության, հանգստի եւ ներդաշնակության համար։ Վստահ եղիր, որ նորություններից չես կտրվի, երկրում կատարվող կարեւոր քաղաքական կամ այլ նորությունները քեզ միանշանակ կհասնեն, բայց դու այլեւս չես լինի այդ ինֆորմացիոն հոսքի ճնշման տակ։
  • Ուզես թե չուզես, բայց քեզ անպետք եւ ոչնչով չօգնող ինֆորմացիան կֆիլտրվի, ինչը շատ լավ է։ Այն, որ ես չեմ տեսնում իմ ծանոթի նկարը ինչ-որ քեֆից, չեմ կարդում իմ բարեկամի տեքստը ինչ-որ շատ կարեւոր հարցի շուրջ կամ չեմ տեսնում, թե ինչպես են իրար մեղադրում ինչ-որ քաղաքական գործիչներ, որեւէ կերպ ինձ վրա բացասական չի ազդում, ավելին՝ չի ծանրաբեռնում իմ ուղեղը ավելորդ ինֆորմացիայով։ Կարող է ոմանք մտածեն, որ ես լրագրող եմ եւ պարտավոր եմ իմանալ քաղաքական ամբողջ անցուդարձը, բայց կարեւորը անկարեւորից տարբերելը ինձ համար առաջնահերթություն է։
  • Ստիպված չես լինի ամեն օր կամ նույնիսկ օրը մի քանի անգամ հեռախոսդ լիցքավորել։ Սոցցանցերի՝ մանավանդ «Ֆեյսբուքի» հավելվածի շնորհիվ հեռախոսի մարտկոցը շատ արագ «նստում» է։ Շնորհավոր, այլեւս ոչ։ Հիմա ես հեռախոսս լիցքավորում եմ երկու կամ երեք օրը մեկ։ Ու նաեւ ունեմ բավականին շատ ազատ տարածք հեռախոսիս մեջ։
  • Չնայած որ ինտերնետը հասանելի է ու բավական մատչելի է մեր երկրում` դու կխնայես քո ինտերնետային փաթեթի մեգաբայթները։ Դրանք կարող ես ավելի օգտակար բանի վրա օգտագործել. ես, օրինակ, տարբեր փոդքասթներ եմ լսում, քեզ էլ խորհուրդ եմ տալիս լսել մեր «Հետք» փոդքասթը։

Վերջիվերջո, սոցցանցերի հավելվածները հեռախոսից ջնջելը միանշանակ ավելի շատ դրական կողմեր ունի, քան բացասական։ Որոշ ժամանակ անց կնկատես, որ նույնիսկ համակարգչով ավելի քիչ ես մտնում «Ֆեյսբուք», նաեւ հնարավոր է սկսես ավելի քիչ ստատուսներ գրել ու նկարներով կիսվել։

Իսկ «Ինստագրամ» գրեթե չես մտնի, քանի որ դրա վեբ տարբերակը լավը չէ։ Փոխարենը քո նկարները կարող ես ուղարկել մտերիմներիդ։ Վստահ եմ, որ նրանք այդպես ավելի շատ կգնահատեն նկարդ, քան եթե այն տեսնեն իրենց անվերջ հոսքում։

Հնարավոր է` ոմանք համարեն, որ առաջարկածս լուծումը ժամանակավոր է, որ այն չի աշխատի, ու մարդիկ միեւնույն է ինչ-որ պահից նորից կբեռնեն հավելվածները իրենց հեռախոսներում. սա նորմալ է, յուրաքանչյուրի անձնական որոշումն է։ Ոմանք կհամարեն, որ կորպորացիաների վերածված սոցցանցերից ամբողջովին պետք է հրաժարվել մի շարք շատ լուրջ եւ կարեւոր պատճառներով, եւ միայն հավելված ջնջելը հարցը չի լուծում։ Այս տեսակետը նույնպես ընդունելի է ու հասկանալի է ինձ համար։

Բայց ես կարեւորել եմ իմ գտած լուծումը ձեզ պատմելը եւ հուսով եմ, որ այն շատերիդ կօգնի։

Կհանդիպենք սոցցանցերից դուրս։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter