HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանը պատրաստ է Ամանորին

Երևանում այսօր վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը և բացվեց սուրբծննդյան տոնավաճառը։

Այս տարի սուրբծննդյան տոնավաճառը բացվել է Երևանի հիմնադրման 2750-ամյակին նվիրված այգում, որտեղ ներկայացված են հիմնականում հայկական արտադրության խմիչքներ, չրեր, ձեռագործ խաղալիքներ, զարդեր, ինչպես նաև՝ վերամշակված պլաստիկից պատրաստված իրեր։

Տաղավարներից մեկում ներկայացված է դիզայներ Անի Մեսրոպյանի՝ գունավոր կտորներից ձեռագործ խաղալիքները։ Բրենդը կոչվում է «Մեսանի», հիմնադրվել է 2014թ․-ին։ Անին իր երեխային խնամելու հետ մեկտեղ ձեռագործ տիկնիկներ է պատրաստել։ Որոշ ժամանակ անց հոբբին վերածվել է բիզնեսի։

Մեր այցելած մյուս տաղավարը «Դե ժպտա» բարեգործական ՀԿ-ինն է։ Տաղավարում ներկայացված  են Երևանի և Հայաստանի տարբեր մարզերի երեխաների պատրաստած ձեռագործ աշխատանքերն ու տոնածառի խաղալիքները։ Հասարակական կազմակերպության նախագահ Սվետլանա Հովհաննիսյանն ասում է՝ վաճառքից գոյացած ողջ հասույթը ուղղելու են բարեգործական ծրագրի՝ մարզերում հիմնելու են կրթական դասասենյակներ, որտեղ կուսուցանվեն անգլերեն, ռուսերեն և չինարեն։

Աշտարակի Փարպի համայնքի բնակիչ Հայկ Հախվերդյանը պատրաստում է մրգային չիպսեր։ «Fun fruits» ապրանքանիշը գործում է 10 ամիս, սակայն ներկայացուցչի պնդմամբ՝ կարողացել է տարածում գտնել։ Կան տանձի, նարնջի, խնձորի արքայախնձորի, կոկոսի չիպսեր․ «Սա հնարավորություն կտա չիպսի սիրահարներին օգտվել բնական չրերից, այս չիպսերը առանց հավելումների են, առանց շաքարի»,- նշում է Հայկը։

Բնական մրգերից, հատապտուղներից պատրաստված ապրանքանիշով հանդես է գալիս նաև «Հաղարծնի վանական համալիրը»։ Այս տաղավարում ներկայացված են Տավուշի բարիքները․ Տավուշում աճող հատապտուղներից պատրաստված մուրաբաները այցելուների ուշադրությունն են գրավում, քանի որ դրանց մի մասը պատրաստված է առանց շաքարի՝ գետնախնձորի օշարակով։

«Ունենք հետաքրքիր սպիտակ մեղր, լորենու մեղրն է, որը լավագույն վաճառվող ապրանքն է մեզ մոտ, երեխաները շատ են սիրում, քանի որ կոկորդը չի այրում, բույրը շատ լավն է, իսկ առողջարար հատկությունները պահպանվում են։ Հետաքրքիր է նաև նռան և հապալասի մուրաբան»,- ներկայացնում է Հասմիկ Մարգարյանը։

Վանական համալիրի ապրանքանիշերից են նաև խնամքի միջոցները, որոնք պատրաստվում են տարբեր մրգերի կորիզներից։ Վաճառքից ստացած հասույթը տրամադրելու են Տավուշի մարզի անապահով ընտանիքների երեխաներին։

Լալա Մնեյանն ու այլ  տիկնիկագործներ միավորվել են, տաղավարներից մեկում ներկայացնում են հելյունագործ, թաղիքագործ տիկնիկներ։ Լալա Մնեյանը վաճառքի է բերել թաղիքից պատրաստված տոնածառի խաղալիքներ, որոնք հին հայկական զարդանախշերով են ասեղնագործված: «Այստեղ նաև ներկայացնում ենք գնդակների վրա ասեղնագործություն, հնում երեխաների համար գնդակներ էին պատրաստում, որոնց վրա ասեղնագործում էին, երեխաները սրանցով խաղում էին, նույն տեխնիկան եմ օգտագործում և ստացվել է տոնածառի խաղալիք»,- ասում է թաղիքագործը։ Լալա Մնեյանը թաղիքագործությամբ զբաղվում է 12 տարի։ 

Ամանորյա տոնավաճառը բաց կլինի մինչև հունվարի 13-ը։

Մեկնաբանություններ (1)

Ֆլորա Մուրադյան
Բազմատաղանդ է հայ ժողովուրդը՝ ձեռքի, մտքի, ճաշակի եզակի համադրություն։ Չեմ դադարում զարմանալ մեր ժողովրդի մտքի թռիչքի վրա։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter