HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Տիգրան Պետրոսյան. «Շիրակի մարզը 2019թ-ին գրանցել է թռիչքային հաջողություններ մի շարք ոլորտներում»

Ինչպիսի ցուցանիշներ է տարբեր ոլորտներում գրանցել Շիրակի մարզն անցնող տարում, որտեղ է թերացել եւ որ ոլորտներում կա թերությունների շտկման, ներդրումներն ակտիվացնելու պահանջ: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը խոսում է թվերի լեզվով՝ համեմատելով ավարտվող տարին նախորդ տարվա ցուցանիշների հետ:

«Շիրակի մարզը 2019թ-ին լուրջ զարգացումներ է գրանցել տարբեր ոլորտներում,-շեշտում է Տիգրան Պետրոսյանը,-տնտեսություն, ճանապարհաշինություն, քաղաքաշինություն, տուրիզմ: Մինչեւ թվերին անդրադառնալն ուզում եմ շեշտել մի փաստ, որի հիման վրա էլ կարծում եմ գրանցվում են մեր հաջողությունների մեծ մասը, դա մարդկային պոտենցիալն է: Մեր մարզի ամենամեծ հարստությունը մարդիկ են՝ հատկապես երիտասարդները, որ ֆանտաստիկ ներուժ ունեն»:

Տարեվերջյան ասուլիսում մարզպետը նախ անդրադարձել է քաղաքաշինության ոլորտին, որտեղ 2019թ-ին անցած տարվա համեմատ 32 տոկոս ընդհանուր ծավալի աճ է գրանցվել: Եթե 2018թ-ին 20 մլրդ դրամի կատարողական է ունեցել մարզն, ապա այս տարի ապահովել են 26 մլրդ դրամի կատարողական: Բնակապահովման խնդիրը, որ ամենացավոտներիցն է հատկապես Գյումրիում եւ մարզի որոշ գյուղական համայնքներում, այս տարի բավական լուրջ ուշադրության է արժանացել կառավարության կողմից: 2018թ-ին բնակապահովման ոլորտում բյուջեն եղել է 83 մլն դրամ, 2019թ-ին 73 տոկոսով ավելի՝ 144 մլն դրամ, իսկ 2020թ-ին արդեն իսկ հաստատված ծրագրերով մարզին հատկացվելու է 2 մլրդ 14 մլն դրամ՝ աճը կազմելու է 24 տոկոս:

«Մյուս ոլորտը ճանապարհաշինությունն է:  Այս ոլորտում մեր ունեցած ցուցանիշները, նախնական մոտավոր հաշվարկներով, անցած տարվա համեմատ գրանցել է 225 տոկոս աճ: էստեղ կարեւորն այն է,, որ գալիք տարում այս դինամիկան պահպանվելու է: Այս տարի 12,8 մլրդ դրամի ճանապարհաշինական աշխատանքներ են իրականացվել տարբեր ծրագրերով՝ պետական, վարկային, սուբվենցիոն: Հաջորդ տարի ակնալում ենք 20 մլրդ դրամի աշխատանք»,-ասում է Շիրակի մարզպետը:

2019թ-ը կարեւոր տարի էր կրթական օբյեկտների շինարարության առումով: Եթե անցած տարի մարզին այդ նպատակով հատկացվել էր 500 մլն դրամ, ապա այս տարի՝ 1մլրդ 117 մլն դրամ: Հաջորդ տարվա համար արդեն իսկ հայտարարված են երեք դպրոցի կառուցման ծրագրի մասին: Շիրակի մարզում լուրջ զարգացումներ են արձանագրվել նաեւ մասնավոր ներդրումների մասով:

«Մասնավոր ոլորտում մեր ունեցած տվյալներով իրականացվել է 3 մլրդ դրամի կառուցապատման աշխատանքներ: Անցած տարի եղել է 2 մլրդ, իսկ գալիք տարում կանխատեսվում է 4 մլրդ դրամի ներդրում,-ասում է Տիգրան Պետրոսյանը,- օրինակ մաքսայինի Գյումրի տեղափոխումը,  Թումոյի կառուցումը՝ մենք էստեղ եւս շատ մեծ թռիչք ենք ունեցել, եթե նախորդ տարի 1,6 մլրդ դրամի ծախս է արձանագրվել, ապա այս տարի այն կազմել է 8,4 մլրդ դրամ: Հաջորդ տարի, եթե սկսվեն Կապսի ջրամբարի կառուցման աշխատանքներն, ապա կարելի է ասել կտրուկ թռիչք կարձանագրենք ներդրումային ոլորտում: Հաջորդ տարվա համար այս ոլորոտւմ մեր մարզում իրականացվելու են 35 մլրդ դրամի աշխատանքներ, ինչը նշանակում է, որ մարզը շարունակաբար դառնալու է գրավիչ աշխատատեղերի առումով եւ չընդհատվող զրգացումը, ստեղծված բարենպաստ ներդրումային միջավայրը պետք է նպաստեն մեր մարզում կյանքի որակի բարձրացմանը»:

Ինչ վերաբերում է տեքստիլ ոլորտին, ապա խնդիրներ առաջացան միայն Սաստեքսի հետ կապված՝ աշխատակիցների դժգոհություն ստեղծված պայմաններից եւ ցածր աշխատավարձի հետ կապված: Մյուս տնտեսվարողների հետ ոչ միայն պրոբլեմներ չկան, այլեւ գրանցվել են արտադրությունն ընդլայնելու քայլեր:

«Վերջին լուրերը, որ տարածվեցին, թե Սաստեքսը գիշերով տեղափոխել է արտադրական սարքավորումները, լուրի հետ կապված փոխմարզպետը փորձեց ճշտումներ անել: Մեզ հայտնեցին, որ ունեն որոշակի խնդիրներ՝ կապված արտաքին շուկայի հետ, աշխատում են այդ ուղղությամբ եւ բիզնես մոդելը զարգացնելու համար իրենց ժամանակ է պետք:  Սրան զուգահեռ, հաջորդ տարում ունենք ներդրումային ծրագրի խոստում, որը աշխատանքով կապահովի մեծ թվով կանանց եւ վստահ եմ, որ Սաստեքսի պատճառով գործազուրկ դարձած կանանց պոտենցիալն եւս կօգտագործվի»:

Մարզպետի համոզմամբ, բոլոր հաջողությունների հիմքում ընկած է մարզի տնտեսական պոտենցիալի նկատմամբ հավատի վերականգնումը, որին հաջողվեց հասնել 2019թ-ին, որն առավել կամրապնդվի առաջիկա տարիներին՝ հաշվի առնելով իրագործվող ծրագրերն ու տարբեր ներդրումային առաջարկները: Ինչ վերաբերում է տուրիզմի ոլորտին, ապա թռիչքային ցուցանիշներ են այս տարի գրանցվել Գյումրի այցելություների մասով: Սա պետք է զարգացնել եւ տարածել ողջ մարզով:

«Մենք պետք է օգտագործենք մեր ունեցած պոտենցիալը հյուսիսից հարավ, արեւմուտքից արեւելք: Այս կաբինետում հայտնվելուս առաջին իսկ օրվանից աշխատել եմ այդ ուղղությամբ եւ ուրախությամբ կարող եմ նշել հատկապես Անիի տարածաշրջանի հետ կապված իրողություն դարձած մեկ փաստի մասին: Վարչապետի, տարածքային նախարարությա եւ մի շարք պատասխանատու կառույցների հետ հետեւողական աշխատանքի շնորհիվ Նորշեն՝ նախկին Խարկով, բնակավայրի սահմանային ռեժիմը կփոփոխվի եւ հնարավոր կլինի այսուհետ կազմակերպել այնտեղ զբոսաշրջիկների այցեր»:

Խարկով գյուղն ու հարեւան պետությունում գտնվող պատմական Անի մայրաքաղաքը միմյանցից բաժանում է Ախուրյանի կիրճը: Այս բնակավայրից, անգամ անզեն աչքով, հնարավոր է տեսնել պատմական Անիի մայր տաճարն ու մի քանի այլ շինություններ: Մարզպետ Տիգրան Պետրոսյանի փոխանցմամբ, արդեն իսկ կան ներդրումային գաղափարներ այդ հատվածի համար: Ըստ մարզպետի, սա ամանորյա ամենամեծ նվերն էր Շիրակի մարզին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter