HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամանորի ցանկությունների էվոլյուցիա. նամակ Ձմեռ պապիկին

2 տարեկան Նատալին Ձմեռ պապից Կինդեր ձվիկ ու տիկնիկ է խնդրել, ասում է` նամակը իր ու եղբոր փոխարեն հայրիկն է գրում ու փոխանցում Ձմեռ պապիկին: Նրա ու եղբոր կարծիքով` Ձմեռ պապը գալիս է անտառից: Եղբայրը՝ Նովիկը, Ձմեռ պապից ավտոմեքենա է ուզում:

Նորան 7 տարեկան է, իր ու եղբոր՝ Արտակի փոխարեն ինքն է նամակ գրում Ձմեռ պապին: Արտակի կարծիքով` Ձմեռ պապը գիշերը պատուհանից է ներս մտնում, ամանորյա սեղանից մի քանի բան է ուտում, որ սոված չմնա, թողնում է նվերները բարձի կամ տոնածառի տակ ու շարունակում իր ճանապարհը: Նորան պատմում է, որ Ամանորից մի քանի օր առաջ նրանք զարդարում են տունը:

20 տարեկան Լիդա Գաբրիելյանը Ձմեռ պապին նամակ գրել է մեկ անգամ, 7 տարեկանում: Մայրն էր ասել, որ նամակ գրի ու դնի իր գրպանում, որպեսզի նամակը փոխանցի Ձմեռ պապին։ Պատմում է, որ մեկ տարի հետո իր գրած նամակը մոր բաճկոնի գրպանում գտնելուց հետո դադարել է հավատալ Ձմեռ պապի գոյությանը: Չնայած չէր հավատում, բայց մինչև 14 տարեկանը նվերներ ստանում էր Ձմեռ պապից: Հիշում է, որ մինչև Նոր տարի իր, եղբոր ու քրոջ համար նախատեսված նվերները մայրիկի թաքցրած տեղերից գտնում էր:

Նատալի Ավագյանը 43 տարեկան է, երբ փոքր էր, ծնողներն ասում էին, որ կա մի հատուկ վայր, որտեղ հավաքվում են Ձմեռ պապին հասցեագրված բոլոր նամակները, իսկ հետո Ձմեռ պապը հերթով ընթերցում էր բոլորի նամակները ու բերում նվերները։

62-ամյա Նորա Օհանյանը երբևէ Ձմեռ պապին նամակ չի գրել։ «Մեր ժամանակ էդպիսի բաներ չկային, հա, շատ էինք հավատում Ձմեռ պապիկին ու անպայման գիտեինք, որ մի բան բերելու է, բայց նամակ չէինք գրում»: Նրա կարծիքով` առաջ, երբ ինքն էր երեխա, չնայած սուղ հնարավորություններին` Նոր տարին ավելի ուրախ ու ջերմ էր անցնում, հիմա երեխաներն ավելի պահանջկոտ են ու քչով չեն բավարարվում: 

«Էդ ժամանակ Լապլանդիա չգիտեինք, գիտեինք, որ գալիս է հեռավոր Ռուսաստանից»,- հիշում է Նորա Օհանյանը:

Մուշեղ Եսայանը 82 տարեկան է, հիշում է ամանորյա տոնական միջոցառումները, դպրոցի տղաներով անտառից եղևնի էին բերում դպրոց, զարդարում ու եղևնու շուրջ երգում, պարում: Նա էլ երբևէ նամակ չի գրել Ձմեռ պապին, սակայն գրել է իր երեխաների համար: Երբ երեխաները փոքր են եղել, խնդրել են, որ Ձմեռ պապին նամակ գրի, որպեսզի ձյուն գա։ Նամակը գրել է, տարել, նետել են փողոց, հաջորդ առավոտյան արթնացել են, տեսել՝ ձյուն է եկել:

Անյա Սարիսովա, Գայանե Հովսեփյան

Մեկնաբանություններ (1)

Նարինե
Բարև իմ շատ սիրելի Ձմեռ պապ։Ես Դադամյան Նարինեն եմ։Իմ գյուղը մնացել է Ադրբեջանին։Մենք 3 երեխա ենք։Մենք ուզում ենք,որպեսզի դու մեզ համար բերես կամ հեռախոս կամ պլանշետ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter