HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրու քաղաքապետարանը հաջորդ տարվանից թափառող շների հարցը փորձելու է լուծել ստերջացման միջոցով

Ինչպես եւ ինչ տարբերակով է այսուհետ լուծվելու Գյումրի քաղաքի տարբեր թաղամասերում բնակվող անտուն, թափառող կենդանիների հարցը: Փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանն ասում է՝ քաղաքակիրթ ձեւով՝ գնալու ենք ստերջացման ճանապարհով: Մինչեւ այս տարվա սեպտեմբերի 16-ը, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի քրեականացման օրինագիծը ԱԺ-ում ընդունելը, Գյումրու փողոցներում ապրող շներին պարզապես սպանում էին:

Օրենքի նոր փոփոխությամբ կենդանու կյանքի ընդհատումը՝ խեղելու, մասնատելու, կախելու հրազենով կրակելու, թունավորելու միջոցով, նաեւ կենդանիների մարտերի կազմակերպումը, որը կհանգեցնի կենդանու կյանքի խեղման կամ ընդհատման, կպատժվի ազատազրկմամբ 1-ից 3 տարի ժամանակով, կամ անձը կտուգանվի նվազագույն աշխատավարձի 100-500 պատիկի չափով:

Գյումրիում թափառող կենդանիների վնասազերծումը, ստերիլիզացումը, բուժումն ու մնացած պահանջվող միջոցառումներն իրականացնելու նպատակով 2020թ-ի համայնքային բյուջեում նախատեսվել է 22 մլն 184 հազար դրամ: «Մենք երեք անգամ մրցույթ ենք հայտարարել՝ հոկտեմբերի 21-ին, նոյեմբերի 29-ին եւ դեկտեմբերի 9-ին, սակայն որեւէ արձագանք չենք ունեցել,-ասում է փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանը,- կոնկրետ Գյումրուց ոչ մի կազմակերպություն չի հետաքրքրվել, չի դիմել: Ընդամենը մեկ անհատ է մոտեցել, սակայն բացատրել ենք, որ աշխատանքները չափազանց ծավալուն են եւ պահանջվում են մասնագիտացված կազմակերպության փորձ ու հնարավորություններ»:

Հայկ Սուլթանյանի փոխանցմամբ, իրենք ուսումնասիրել են երեւանյան փորձը եւ տեխնիկական պարամետրերն էլ, որ դրել են մրցույթի հիմքում համապատասխանում են չափանիշներին, որով ներկայում աշխատանքներ են տարվում մայրաքաղաքում: Մրցույթին մասնակցության հայտ ներկայացնող ցանկացած կազմակերպություն պարտավոր է ապահովել կլինիկական մասնագիտացված ծառայություն, որպեսզի կարողանա իրականացնել կենդանիների բուժզննում, վիրահատություն, պատվաստում, այն բոլոր գործողությունները, որ ենթադրվում է ստերիլիզացում պահանջի տակ: 

Տեխնիկական մյուս կարեւորագույն պահանջը վերաբերում է շների հավաքմանը: Թափառող կենդանիներին բռնելու համար հարկավոր են ժամանակակից միջոցներ՝ ցանց, կրակող ատրճանակ՝ քնեցնելու համար, ցանց-օղակ եւ այլն: Պետք է կազմակերպությունն ունենա հարմարեցված տրանսպորտային միջոց՝ շներին կացարան տեղափոխելու համար: Հաջորդ պայմանը կացարանում կենդանիների գրանցումն է, հաշվառումը, ինչի համար կատարողը պետք է վարի բռնված կենդանիների հաշվառման գրանցամատյան եւ կիրառի տարբերանշում:

«Մյուս պայմանը կլինիկայում տեխնիկական հանձնաժողովի եզրակացությունից հետո բուժման ոչ ենթակա կենդանիների քնեցումն ու կենդանու դիակի ոչնչացումն է,- ասում է փոխքաղաքապետը,- կազմակերպությունը պետք է ունենա սառնարաններ՝ ստերիլիզացված կենդանիների օրգանները պահելու եւ կենդանիներին բռնելու համար մասնագիտացված աշխատողներ, ամեն ամիս պետք է հաշվետվություն տան կատարված աշխատանքների վերաբերյալ»

Հայտարարված 3 մրցույթների արդյունքից հետո քաղաքապետարանը որոշել է պայմանավորվածություն ձեռք բերել երեւանյան կազմակերպություններից մեկի հետ, որ ներկայում զբաղվում է այդ գործառույթով: Հայկ Սուլթանյանի փոխանցմամբ, իրենց առաջարկել է Գյումրիում գտնել մի կազմակերպությունը, որը կզբաղվի կենդանիներին բռնելով եւ Երեւան տեղափոխելով, իրենք պատրաստ են իրականացնել մյուս ծառայությունները: Որքանո՞վ է իրատեսական կենդանիներին 120 կմ տեղափոխելն ու 3 օր անց բնակության վայր վերադարձնելը նույն ճանապարհով, արդյո՞ք արդյունավետությունը նման համագործակցության դեպքում չի իջնում: Այս հարցերին քաղաքապետարանում պատասխան չունեն, քանի դեռ մտածում են առաջարկի շուրջ եւ սպասում հերթական մրցույթի մասնակիցների հայտերին:

«Դե եթե տեղից այդպես էլ առաջարկ չունենանք, ստիպված պիտի գնանք էդ ճանապարհով,- ասում է Հայկ Սուլթանյանը,- «Զբոսայգիներ եւ պուրակներ» ՀՈԱԿ-ի վրա երեւի կդնենք բռնել, տեղափոխելու հարցը, իրենք նախկինում զբաղվել են շների հարցով, իսկ ստերիլիզացումը կանեն Երեւանում»: «Բիոսոֆիա» ՀԿ նախագահ, բնապահպան Գեւորգ Պետրոսյանի համոզմամբ, մինչեւ որեւէ տեսակի մրցույթ հայտարարելը, նախ պետք էր մանրակրկիտ ուսումնասիրել խնդիրը: 

«Քաղաքապետարանը նախ պետք է իր պարտադիր լիազորություններն իրականացներ, մինչեւ այս գործընթացը սկսելը,- ասում է Գեւորգ Պետրոսյանը,- մենք չունենք տնային կենդանիների պահելու համաքաղաքային կանոններ, չունենք հաշվառում, թե որքան կենդանի է պահվում տներում, չկա նաեւ թափառող կենդանիների հաշվառում: Պետք է կատարվեր ամենամյա հաշվառում, որ երբեք չի արվել: Մինչեւ մրցույթ հայտարարելը պարտադիր պետք է գնահատվի քաղաքի տարածքում անապաստան կենդանիների պոպուլյացիան: Մյուս կարեւոր հարցը. պետք է տարածքներն ապահովել փակ աղբարկղներով, որպեսզի կերը հասանելի չլինի թափառող կենդանիներին եւ այլն»:

Գեւորգ Պետրոսյանն ասում է, որ գործընթացը սկսելուց առաջ քաղաքապետարանը պետք է կազմակերպեր քննարկումներ մասնագետների հետ: Նրա կարծիքով, նախ կենդանիների ապրելու վայրի եւ կերի բազայի հարցը պետք է լուծվի, հետո նոր սկսվի ստերջացման գործընթացը, որպեսզի արված ծախսն էլ արդարացվի՝ ծառայի իր նպատակին: Այս պարագայում քաղաքապետարանը աշխատանքները սկսել է վերջից՝ մտել է մի գործընթացի մեջ, որի հետ կապված նախնական քայլերից ոչ մեկն իրականացված չէ:

«Թափառող շների պրոբլեմը բազմակողմանի է: Պիտի նկատի ունենանք, որ շատ դեպքերում քաղաքում նրանց քանակն ավելանում է նաեւ գյուղերից բերվող, ինչպես նաեւ նույն քաղաքում ապրող անբարեխիղճ շնատերերի կողմից շան ձագերին փողոց նետելով: Երբ դու ունես հաշվառում, թե որքան կենդանի է պահվում տներում, ունես թաղամասերում թափառողների քանակը, ունես հատկապես էգ շների քանակը, հարցն ավելի հեշտ է կարգավորվում: Հիմա դու անում ես ստերջացում, բաց ես թողնում կենդանուն, բայց քանի որ դու չունես հաշվառում, դու չգիտես տանը պահվող էգ կենդանու ձագերի հետ տերը ինչպես է վարվում, ստացվում է աշխատանքիդ անարդյունավետ պատկեր»:

Գյումրիում գործող անասնաբուժական կլինիկաներից մեկի տնօրեն, ընտանի կենդանիների անասնաբույժ Վարդան Բաղդասարյանը քաղաքապետարանի հայտարարած մրցույթի մանրամասներին տեղյակ չէ: Ասում է, որ մոտ 10 ամիս առաջ քաղաքապետարանից ներկայացուցիչ է եկել, մոտ 15 րոպե զրուցել են, հարցեր են տվել ու հեռացել: Թափառող կենդանիների հիմնախնդրին Վարդան Բաղդասարյանը լավատեղյակ է, սակայն որպես մասնագետ չի պատրաստվում մասնակցել մրցույթին:

«Ես ինքս առաձին հայտով երբեք չեմ դիմի, քանի որ հարակից ծառայություններով զբաղվելու դեպքում չեմ կարողանա իրականացնել  բուն պարտականություններս,- ասում է Վարդան Բաղդասարյանը,- ես հետաքրքրված կլինեի այդ գործընթացով, եթե մեկ այլ կազմակերպություն զբաղվեր պահանջվող տեխնիկական հարցերով: Եվրոպայում էլ է ամեն ինչ սկսվել կրակելուց, իսկ հետո մարդիկ հասան նրան, որ ամեն ինչ գնաց ավելի քաղաքակիրթ ուղով: Մեր երկրում այս խնդիրը սկսել են բարձրաձայնել 2013թ-ից, վեց տարի անց ուզում են, որ այն լուծում ստանա ի վերջո, սակայն կարծում եմ, որ պետք է ամեն ինչ համակողմանի վերլուծվի ու հասկանալի լինեն խնդրի իրական ծավալները»:

Վարդան Բաղդասարյանի կարծիքով, ներկա պահին Գյումրիում միայն մեկ կազմակերպություն՝ Dogs of Gyumri-ն, կկարողանա կազմակերպել շների հավաքագրումը: Եթե նրանք մասնակցեն ու շահեն փաթեթը, հնարավոր է ինքը համագործակցի կլինիկ ծառայությունների մատուցման մասով: Թափառող կենդանիների ստերջացման ծրագրի սկիզբը քաղաքապետարանի գալիք տարվա բյուջեում նշված է հունվարի 10-ը, ավարտը՝ 2020թ-ի դեկտեմբերի 28-ը: Մեր տեղեկություններով, քաղաքապետարանը պատրաստվում է հունվարին 4-րդ մրցույթը հայտարարել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter