HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմավիրի մարզի ամեն 5-րդ համայնք չունի խմելու ջուր. հայտնաբերվել են սանիտարական նորմերի խախտումներ

Արմավիրի մարզի 97 համայնքներից 19-ում խմելու ջուր չկա բնակիչներն օգտվում են ջուր վաճառող շրջիկ մեքենաներից, մոտակահամայնքներից, հազվադեպ՝ խմելու համար չնախատեսված և տնտեսական նպատակներով օգտագործվող ջրից, գնում խանութից: Առօրյա կարիքները հոգում են արտեզյան ջրով, իսկ բուժկետերի համար՝ դույլերով և շշերով ջուր հավաքում։

«Հետք»-ն ուսումնասիրել է Արմավիրի մարզում խմելու ջրի որակը։ Միայն վերջին երկու տարիներին 97 համայնքներից 10-ում հայտնաբերվել են ջրի որակին վերաբերող հիգիենիկ նորմերի խախտումներ, և հարուցվել են վարչական վարույթներ։

Բնակիչները հույս չունեն, որ մոտ ժամանակներս կունենան ջրագիծ և խմելու անվտանգ ջուր։ Ասում են՝ իրենց օրգանիզմն արդեն հարմարվել է «տեղի միկրոբներին»:

                                                          

Տարոնիկն այն համայնքներից է, որտեղ չկա խմելու ջուր: Համայնքի ղեկավարի տեղակալ Անդրանիկ Խլղաթյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գյուղն այդ վիճակում է մոտ 15 տարի: Մինչ այդ Տարոնիկն ունեցել է ջրի բաշխման կետ, քլորակայան, սակայն ընդերքի ջրերի նվազման հետևանքով գյուղը զրկվել է խմելու ջրից:

«Խմելու ջուրը ժողովուրդը բերում է անհատական, ով որտեղից պատահի: Մեկը գնում է Էջմիածին տարաներով, այնտեղից է բերում, մյուսը հարևան գյուղերից է բերում, ում որտեղից հարմար է, բերում է: Մարդ էլ կա գյուղի ջուրն է օգտագործում, որը վատը չէ, բայց տրամադրվում է տնտեսական նպատակներով»,- ասում է համայնքի ղեկավարի տեղակալը:

Անդրանիկ Խլղաթյանի խոսքերով՝ Տարոնիկ համայնքը բազմաթիվ չլուծված հարցեր ունի, ուստի համայնքապետարանն ի վիճակի չէ ներդրումներ կատարել այդ ուղղությամբ և խմելու ջրի հարց լուծել:

Տարոնիկի ամբուլատորիան հոսող ջուր չունի: Տնօրեն Ալինա Վելիչենկոն ասում է, որ հավաքարարը տարաներով գյուղի ծորակից է ջուրը բերում: «Մենք ունենք տարա, որտեղ ջուրը հավաքում և օգտագործում ենք ձեռք լվանալու և խմելու նպատակով: Հավաքարարն ամեն օր դույլերով, շշերով գնում, ջուր է բերում, դնում է բուժարանում: Ջուրը արտեզյան է, չի ախտահանվում, ուղիղ հոսքով գալիս է, ամեն ինչ էլ կարող է լինի: Բուժարան է, մեզ հոսող ջուր է պետք»,- պատմում է Ա. Վելիչենկոն:

Նա նշում է, որ գյուղում խմելու ջրի հետ կապված հիվանդություններ չեն արձանագրվել, բնակիչները չեն դժգոհել:

Տարոնիկի միջնակարգ դպրոցի տնօրեն Արշավիր Հակոբյանը պատմում է, որ երեխաները գիտեն` ծորակից եկող ջուրը խմելու համար պիտանի չէ, ուստի չեն խմում:

«Մեր դպրոցի ջուրն օգտագործվում է կենցաղային նպատակով: Երեխաները գիտեն, որ ջուրն օգտագործում են դպրոցը մաքրելու և պարտեզը ջրելու համար, իսկ երեխաներն օգտվում են իրենց տնից բերած ջրից»,- ասում է դպրոցի տնօրենը:

Գյուղի բնակիչները կարծես համակերպվել են տեխնիկական ջուր խմելու մտքի հետ, թեև գիտեն, որ պիտանի չէ, սակայն կատակով ասում են՝ օրգանիզմը սովորել է տեղի միկրոբներին: Նրանք նաև նշեցին, որ գյուղում ով ավտոմեքենա չունի և չի կարողանում հարևան գյուղերից տարաներով ջուր բերել, ստիպված է լինում տեխնիկական ջուր խմել:
                                                                                                                       

Արմավիր մարզի խյմելու ջուրը
Infogram

Երկու տարում 10 վարչական վարույթ` խմելու ջրի որակի վերաբերյալ

Տարոնիկ համայնքում ջրի որակի վերջին հսկողությունն իրականացվել է այս տարի։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) հայտնաբերել է խախտումներ՝ մանրէաբանական և քիմիական ցուցանիշներով, ինչի հիման վրա հարուցել է վարչական վարույթ։

Համայնքի ղեկավարի տեղակալն ասաց, որ գյուղում հովանավորների շնորհիվ անցկացվել է մոտ 6 կմ խմելու ջրի ցանց՝ 3 կմ-ը 2017 և 3 կմ-ը՝ այս տարի: Գյուղի վերջնամասում ունեն արտեզյան հոր, որը միացվել է խմելաջրի ցանցին: Սակայն, այդ ջուրը բնակչությանը տալիս են ոչ թե խմելու, այլ կենցաղային օգտագործման նպատակով:

«Գյուղ ա, այդ ջրով մեկը ավտո է լվանում, մյուսը՝ խալի: Բացի խմելուց ամեն տեղ կարելի է այդ ջուրն օգտագործել: Այդ մարդիկ եկել են, այդ ջրից են նմուշ վերցրել ու եզրակացրել են, որ եթե միացված է խմելու ջրի ցանցին, ուրեմն խմելու նպատակով է մատակարարվում: Լաբորատոր հետազոտություններով պարզել են, որ խմելու համար պիտանի չէ, բայց մենք իրենց ցույց ենք տվել, հիմնավորել ենք, որ խմելու նպատակով չենք տվել բնակչությանը, այլ՝ կենցաղային օգտագործման»,- ասում է Անդրանիկ Խլղաթյանը:

Նշենք, որ Տարոնիկ համայնքի խմելաջրի ցանցի ընդհանուր երկարությունը 14 կմ է, որից միայն 6 կմ-ն է փոխվել:

Համայնքապետի տեղակալ Ա. Խլղաթյանի խոսքերով՝ մի քիչ էլ չափազանցված են այն խոսակցությունները, թե այդ ջուրը խմելու համար պիտանի չէ: Նշում է, որ ամռան ամսիներին երբեմն ինքն էլ է խմում գյուղի ցայտաղբյուրների ջրից, թեև փաստում է, որ ամենօրյա օգտագործման համար գուցե չի թույլատրվում, քանի որ մաքրման, վարակազերծման որևէ աշխատանք չի իրականացվում:

Ընդհանուր առմամբ՝ 2018-2019թթ. ընկած ժամանակահատվածում Արմավիրի մարզի 97 համայնքներից 10-ում ԱԱՏՄ-ն վարչական վարույթներ է հարուցել առողջապահության նախարարի՝ 2002թ․ դեկտեմբերի 25-ի N 876 հրամանով հաստատված՝ «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի խմելու ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն» և 2002թ․ նոյեմբերի 11-ի N 803 հրամանով հաստատված՝ «Խմելու տնտեսական նշանակության ջրմուղների և ջրամատակարարման աղբյուրների սանիտարական պահպանման գոտիներ» սանիտարական կանոններով և նորմերով սահմանված պահանջների պահպանումը պարզելու նպատակով։

Նմուշառվել և լաբորատոր փորձաքննության են ուղարկվել համայնքներում խմելու նպատակով օգտագործվող ջրերը։

Մասնավորապես, 2018թ․ վարչական վարույթներ են հարուցվել 5 համայնքներում` Լենուղի, Ալաշկերտ, Այգեշատ (Արմավիրի տարածաշրջան), Տանձուտ, Արմավիր: Հարուցված վարչական վարույթների շրջանակում՝ 3 համայնքներում` Արմավիր, Այգեշատ, Տանձուտ, խմելու ջրի որակի լաբորատոր հետազոտության արդյունքում շեղումներ չեն հայտնաբերվել, 2 համայնքներում շեղումներ են հայտնաբերվել։

Լենուղի համայնքում խմելու ջրի որակի լաբորատոր հետազոտության արդյունքում հայտնաբերվել են մանրէաբանական և քիմիական, իսկ Ալաշկերտում` մանրէաբանական ցուցանիշներով շեղումներ:

2019թ․ վարչական վարույթներ են հարուցվել Արտաշար, Տարոնիկ, Շենավան, Գետաշեն, Արաքս համայնքներում:

Այդ համայնքներում հարուցված վարչական վարույթների շրջանակում` Արտաշար համայնքում խմելու ջրի որակի հետազոտության ժամանակ շեղումներ չեն հայտնաբերվել, իսկ մնացած 4 համայնքներում` հայտնաբերվել են: Գետաշեն և Արաքս համայնքներում խմելու ջրի մեջ հայտնաբերվել են մանրէաբանական, Տարոնիկ համայնքում` մանրէաբանական և քիմիական, Շենավան համայնքում` քիմիական ցուցանիշներով շեղումներ:

Արմավիրի մարզի 19 համայնքում խմելու ջուրը վաճառվում է շրջիկ մեքենաներով: ԱԱՏՄ-ից «Հետք»-ին հայնտեցին՝ քանի որ այն չի ուսումնասիրվել և չկա «որևէ կազմակերպության կողմից տեղեկատվություն ջրի որակի վերաբերյալ», հետևաբար խախտումների և շեղումների մասին փաստեր ևս չկան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter