HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարգապահական պատասխանատվություն` զինծառայողների ծնողների ուղարկած սնունդը պատուհանից նետելու համար

Դեկտեմբերի 26-ին տարբեր լրատվամիջոցներ տարածել են տեղեկատվություն այն մասին, որ Արցախի Պաշտպանության բանակի զորամասերից մեկի ստորաբաժանման հրամանատարը երկրորդ հարկի պատուհանից դուրս է նետել ժամկետային զինծառայողների ծնողների ուղարկած սնունդը:

Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը պարզաբանում է տարածել այդ միջադեպի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորեւ:

«Հարկ ենք համարում նշել, որ նախքան տվյալ հրապարակումը, միջադեպի իսկությունը ստուգելու համար անհապաղ նշանակվել էր ծառայողական քննություն, որի արդյունքներով պարզվել են միջադեպի բոլոր հանգամանքները:

Զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու կարգը սահմանված է ՊԲ հրամանատարի կարգադրությամբ: Զինվորական ծառայության անվտանգության ապահովման և զինծառայողների առողջությունը պահպանելու նկատառումներից ելնելով` սահմանված են այն առարկաներն ու պարենը, որոնց առաքումը զորամաս կտրականապես արգելվում է, այդ թվում արգելվում է նաև ծանրոցներում շուտ փչացող սննդամթերքի և ալկոհոլային խմիչքի առկայությունը:

Ստորաբաժանման հրամանատարը, հայտնաբերելով, որ, չնայած նախկինում իր հնչեցրած բազմաթիվ զգուշացումներին, զինծառայողների  ծանրոցներում առկա են ալկոհոլային խմիչք և փչացած սննդամթերք, ցուցաբերել է անհարկի տաքարյունություն և արգելված ապրանքները սահմանված կարգով ոչնչացնելու փոխարեն, դրանք դուրս է նետել պատուհանից:

Հաշվի առնելով ստորաբաժանման հրամանատարի կողմից դրսևորած ոչ պատշաճ վերաբերմունքը տեղ գտած դեպքի կապակցությամբ, վերջինս՝ զորամասի հրամանատարի որոշմամբ, ենթարկվել է կարգապահական պատասխանատվության:

ՊԲ հրամանատարությունը կատարվածի առիթով համապատասխան ցուցումներ է տվել ենթակա օղակի բոլոր հրամանատարներին հետագայում նման դեպքերը բացառելու ուղղությամբ և հայցում է հանրության ներողամտությունը»,- ասված է տարածված մամուլի հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter