HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրի մարզի մանկապարտեզների կեսից ավելին ձմռան ամիսներին չեն գործում

Արմավիրի մարզի մանկապարտեզների 65%-ը այս տարվա ձմռան ամիսներին չեն գործում: Դրանց զգալի մասը գյուղական համայնքների մանկապարտեզներն են:  Պատճառն այն է, որ մանկապարտեզները չունեն լոկալ ջեռուցման համակարգեր, կամ՝ ունեն, սակայն ֆինանսական միջոցները բավարար չեն դրանք գործարկելու համար: Համայնքապետերը մեզ հետ զրույցում նշում էին, որ ձմռան ամիսներին ծախսը շատ է, համայնքապետարաններն ի վիճակի չեն պահել մանկապարտեզները: Էլեկտրաէներգիայով տաքացնելը թանկ հաճույք է համայնքապետարանների համար, իսկ եթե ունեն լոկալ ջեռուցում, ի վիճակի չեն վճարել ջեռուցման համար, ուստի նախընտրում են մանկապարտեզների գործունեությունն ուղղակի մի քանի ամիս դադարեցնել:

Ձմռան ամիսներին մանկապարտեզների աշխատակազմերն անցնում են «հարկադիր»  հանգստի և աշխատանքի են վերադառնում տաքերն ընկնելուն պես:

Մարզի Ապագա համայնքի «Միլա-Փաթիլ» անունը կրող մանկապարտեզ է հաճախում 79 երեխա: Ձմռան ամիսներին այս մանկապարտեզը ևս չի գործում: Համայնքի ղեկավար Պետրոս Ավագյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ձմռան ամիսներին մանկապարտեզի չգործելու պատճառը ֆինանսական է:

Պոտրոս Ավագյանի խոսքով՝ մանկապարտեզի չաշխատելու ժամանակ մանկապարտեզի աշխատողները գտնվում են «հարկադիր պարապուրդի մեջ» և չեն վճարվում:

Նշենք, որ աշխատանքային օրենսդրության համաձայն՝ «Եթե ոչ աշխատողի մեղքով պարապուրդի ժամանակ աշխատողին չի առաջարկվում նրա մասնագիտությանը, որակավորմանը համապատասխանող այլ աշխատանք, որը նա կարող էր կատարել առանց իր առողջությանը վնաս պատճառելու, ապա աշխատողին պարապուրդի յուրաքանչյուր ժամվա համար վճարվում է մինչև պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի երկու երրորդի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը»:

Պարզվում է Արմավիրի մարզում գործում է 65 նախակրթական ուսումնական հաստատություն, որից 40-ը չի գործում ջեռուցման ամիսներին՝ ջեռուցման հարցը լուծված չլինելու, իսկ երկուսը՝ Տանձուտ և Բաղրամյան գյուղերի մանկապարտեզները չեն գործում վերանորոգման պատճառներով:

Hetq.am
Infogram

Ձմռանը չգործող մանկապարտեզների զգալի մասը գյուղական համայնքներում են: Մարզի 3 քաղաքներից միայն Էջմիածնում է, որ բոլոր մանկապարտեզները ձմռան ամիսներին աշխատում են: Փոխարենն, ըստ մարզպետարանի տրամադրած տեղեկատվության ջեռուցման սեզոնին չեն գործում Մեծամոր քաղաքի մանկապարտեզները, իսկ մարզկենտրոն Արմավիր քաղաքում գործում է մանկապարտեզների մի մասը:

Համեմատության համար նշենք, որ գործող 40 գյուղական նախադպրոցական ուսումնական հաստատություններից այս տարի ջեռուցման ամիսներին գործում են 11-ը կամ՝ 27.5%-ը:

Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ մարզի համայնքներում մանկապարտեզ է հաճախում 5796 երեխա, սակայն նրանցից 2871-ը ձմռան ամիսներին մանկապարտեզ չեն հաճախում, քանի որ ապրում են «աղքատ» համայնքում և տեղական ինքնակառավարման մարմինները չեն կարողանում ապահովել երեխաների հաճախումը մանկապարտեզ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter