HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

24 տարվա ճանապարհը բաժանում եմ 2 կեսի, բայց ոչ հավասար

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

1996-ին, երբ ինձ մահվան դատապարտեցին, նոր ծնվեցին ներկայիս շատ պաշտոնյաներ՝ նախարարներ, պատգամավորներ, ավագանու անդամներ, որոնց տարիքի չափ, ցավոք, անարդարության ականատեսն եմ և սեփական փորձով գիտեմ դատաիրավական, նաև քրեակատարողական համակարգերի էությունը: 24-րդ Նոր տարին եմ դիմավորում բանտում: 24 տարվա ճանապարհը բաժանում եմ 2 կեսի, բայց ոչ հավասար, այլ՝ 14 և 10 տարիների, որոնք ամփոփում եմ Ամանորի նախաշեմին:

21-րդ ծննդյանս օրը և բանտում 1-ին Ամանորը դիմավորեցի մռայլ խցում, որտեղ հենց ժամը 12-ին խցակիցներս կռվի բռնվեցին՝ երևի անհուսությունից, տրամադրության բացակայությունից: Չգիտեմ՝ ուղեղիս, մտքիս առանձնահատկությունն է, թե պաշտպանական ռեակցիա, բայց ես թռա դեպի մեր տուն: Երևանը տոնական լույսերի մեջ էր: Եկա ու հպվեցի 8-րդ հարկի մեր բնակարանի՝ դեպի հյուրասենյակ նայող պատշգամբին…

-Մհե՛ր, վե՛ր կաց, շո՛ւտ արա, խուզարկությո՛ւն ա:

Աչքերս բացեցի, տեսա, որ խցակիցս ուսիցս բռնած, աջ ու ձախ ճոճելով փորձում է ինձ քնից հանել: Հետո խուց մտան բանտի աշխատակիցները: Խուզարկության կեսից նոր գիտակցեցի, որ բանտում եմ, ոչ թե տանը: Առաջին տարիներին հաճախ էի տուն թռչում երազներում: Հավանաբար իսկապես պաշտպանական ռեակցիա էր:

Հետո փաստաբաններ, դատախազներ, տարբեր պաշտոնյաներ ծնողներիս ասում էին, թե, իբր, միայն 3 տարի անց հնարավոր կլինի գործը վերանայել: Ծնողներս էլ ինձ էին հույսով պահում: Հետո երեքը դարձավ հինգ, յոթ, տասը: Անհասկանալի էր՝ որտեղից էին այդ թվերը վերցնում: Մի քանի տարի անց հասկացա, որ այդ ամենը սուտ է՝ արդարության համար ժամկետներ չկան: Վերջապես քնիցս արթնացա և յոթուկես տարի անց Սողոմոնի հետ փախանք դժոխքից: Ազատությանս 11 օրերն ասես իրական երազ լինեին: Բայց 2005-ի Ամանորը նորից բանտում էինք, իսկ մեր հոգիներում ու մտքերում անդառնալի բան էր տեղի ունեցել: Առաջին՝ մենք հասկացել էինք, որ թունելի վերջում լույս չկա, որ այն կլոր է «Նուբարաշեն» բանտի պես: Երկրորդ՝ մենք հստակ գիտեինք դժոխային «թունելից» դուրս գալու ելքը: Անհուսալի, անելանելի վիճակ էր, արդարության, ազատության հասնելու որևէ ճանապարհ չկար, ու 5 տարին դեռ չանցած դարձյալ աննկատ հայտնվեցինք ազատության մեջ: Երևանը նորից տոնական էր: Այս անգամ դրախտը տևեց մի փոքր ավելի՝ 21 օր: 21-րդ օրը բռնվելուց հետո այլևս չցանկանալով ապրել՝ ԱԱԾ շենքում որսորդական դանակով հարվածեցի պարանոցիս:

Բայց Աստված այլ ծրագիր ուներ բանտային 14 տարիներից հետո… 2010-ը նորից դիմավորեցինք բանտում: Ոտքերս ու ձեռքերս շղթայել էին մահճակալին: Ամանորի գիշերը մի ձեռքս արձակեցին, և թղթի կտորների վրա գրեցի «21 օր գերեզմանոցից դուրս» իրական պատմությունը, որը իմ խոսքն էր Ձեզ՝ մարդկանց, արդարության ու ազատության ճիչս: Այն ինձ մոտ բերեց Կին-Աղջկան, ես վերածնվեցի: Հենց 2010-ից սկսած հասարակության հետ կամուրջ ստեղծվեց, գրքերի ու նամակների միջոցով մինչ օրս՝ արդեն 10 տարի շարունակում ենք երկխոսությունը: Հիմա նաև ամեն ամիս բանտում ինձ այցելում են մարդիկ, որոնց մինչ այդ չեմ ճանաչել կամ միայն հեռակա կարգով` համացանցում կատարված գրառումներով, որոնք պարբերաբար ստանում եմ: Այսպես մենք ընկերանում ենք, ավելին` ոմանց հետ հարազատներ դառնում: Ջերմ բարևներս բոլորիդ, կարոտում եմ:

Նման անմիջական շփումը հնարավոր դարձավ միայն 2017 թվականի վերջից, երբ ստիպված եղանք դատական կարգով «Նուբարաշեն» բանտի վարչակազմին պարտավորեցնել վերացնել իմ տեսակցությունների սահմանափակումը, ինչպես դա արվում է ազատազրկման 20 տարին լրացած բոլոր ցմահականների պարագայում: Դատարանն արձանագրեց, որ 1,5 տարի բանտի վարչակազմը ապօրինի կերպով էր սահմանափակել իմ շփումը ընտանիքիս և հասարակության հետ:

Իսկ հիմա իմ սիրելի հյուրերի հետ նախօրոք պայմանավորվում ենք ու հանդիպում բանտի «սրճարանում»… բոլոր հանդիպումներն էլ յուրովի են, անմոռանալի: Առանձնակի տպավորվել է, երբ ընկերս, ում հետ վաղուց եղբայրներ ենք դարձել, եկել էր կնոջ և փոքր տղայի հետ: Չորս տարեկան բալիկը, ցույց տալով տեսակցության սենյակի տարածքը, հարցրեց.

-Բա ինչի՞ ա քո տունը էսքան փոքր…

Հետո «Պախկվոցի» էինք խաղում: Երբ թաքնվելու իմ հերթն էր, բարձրացել էի լուսամուտագոգին: Մտքով չէր անցել, որ 43 տարեկան տղամարդը գրեթե առաստաղի տակ է թաքնվել:

Իմ նոր ու արդեն հին ընկերների հետ զրուցում ենք արվեստից, գիտական և կրոնական հարցերի շուրջ, տնտեսությունից ու քաղաքականությունից էլ զերծ չենք մնում: Նույնիսկ հեռավոր Իսպանիայից, ֆրանսիայից, Գերմանիայից են այցելել, որոնք մեր մասին պատմություններ են կարդացել: Ու եթե նույնիսկ այդ անծանոթ- սիրելի հյուրերս հայերեն չգիտեն, իսկ ես, օրինակ` ֆրանսերեն, բացի թարգմանությունից, կա հոգու լեզու, որը հասկանում ենք առանց բառերի: Գրկախառնվում ենք, չգիտենք հաջորդ անգամ «գնացքը» որտեղ կանգ կառնի, միգուցե արդեն ազատության մեջ… շնորհակալություն, որ աշխարհի երեսին կան իրենց մեջ սեր ունեցող, ակնհայտ ճշմարտությունները տեսնող մարդիկ: Պայքարը շարունակվում է` Սիրով, գիտելիքներով ու հավատով առ Աստված: Թուղթ ու գրչով, մտքի ուժով պայքարը հնարավոր դարձավ Ձեր՝ մարդկանց շնորհիվ: Ոչ լավ, ոչ վատ փոփոխությունները իրենք իրենցով չեն լինում: Շարժիչ ուժը միշտ անհատներն են՝ բարի կամ չար, ազնիվ, արդար կամ հակառակը: Այո՛, անհատներն են պատմություն կերտում, այո՛, անհատներն են փոփոխություններ բերում: Ամեն լավ բանի հիմքում միշտ սերն է, իսկ վատ բանի հիմքում սիրո բացակայությունից ծնված չարն ու նախանձը:  

10 տարի շարունակ Զարուհին ու ես հասարակության համար բաց ենք դարձնում թե՛ դատական, թե՛ բանտային փակ համակարգերը: Պայքարում ենք հանուն նրա, որ դատական համակարգը վերջապես ճանաչի իր սխալները, որոնք մարդկային կյանքեր են արժեցել: Պայքարում ենք հանուն նրա, որ քրեակատարողական համակարգը վերջապես ընդունի՝ պատժի նպատակը մարդկանց բանտերում խոշտանգելն ու սպանելը չէ, այլ աշխատանքով ապահովելը, կրթելու, ստեղծագործելու և այլ վերականգնողական ծրագրերի շնորհիվ առողջ հոգով ու մարմնով քաղաքացիներին հասարակություն վերադարձնելը:

Տարիներ շարունակ Ձեզ եմ ներկայացնում պետության փոքրիկ մոդել հանդիսացող` «Նուբարաշեն» բանտի պատերի ներսում տեղի ունեցող իրադարձությունները` թե՛ լավը, թե՛ վատը:

Արդյունքում ունենք իրազեկված հանրություն: Սակայն համակարգը բաց դարձնելուն ուղղված մեր գործողությունները, կարծես, չեն «ներվում»: Նաև մեր ջանքերով աճեցված «ծառի պտուղները» մեզ դեռ անհասանելի են մնում…

Թող որ այս Նոր տարին նոր դատական համակարգի ձևավորման տարի լինի, և մեր պետությունը լիարժեք շունչ քաշի և յուրաքանչյուրս վստահ լինենք՝ եթե առաջանան միջանձնային կամ քաղաքացի-պետություն իրավահարաբերություններում լինեն խնդիրներ, ապա դատարանում կարող ենք գտնել արդարացի լուծումներ:

Հոգևորի ու նյութականի, բարու և չարի, արդարի ու անարդարի միջև պայքարը շարունակվում է…

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter