HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատախազը ստել է դատարանին և 7-ին գումարել 3` ստացել 9

Հարթունյանների ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբաններն այսօր լրագրողներին ներկայացրին «Նարեկացի» արվեստի միության նախագահ Նարեկ Հարթունյանի և նրա ընտանիքին պատկանող ընկերության վրա հարուցված տարբեր գործերով խախտումները:

Փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, որ պաշտպանական կողմը քրեական գործով բազմաթիվ կոպիտ խախտումներ է արձանագրել: Ըստ փաստաբանի՝ քրեական գործից դուրս են մնացել հենց այն երկու անձինք, ովքեր բոլոր տվյալներով պետք է պատասխանատվություն կրեին, եթե իսկապես տեղի է ունեցել հարկերից չարամտորեն խոսափում: Մինչդեռ հենց այդ երկու անձանց ցուցմունքներով է կառուցված Նարեկ Հարթունյանի և գործով անցնող մյուս երկու անձանց մեղադրանքը: Խոսքը Սևակ Արզարունու (Սևակ Արծրունի) և ընկերության այն ժամանակվա տնօրեն Արտյոմ Մարտիրոսյանի մասին է: Սևակ Արզարունին սեփականատիրոջ կողմից լիազորագիր է ունեցել սեփականատիրոջ իրավունքներն իրականացնելու և բազմաթիվ ֆինանսական փաստաթղթեր է ստորագրել այդ ժամանակահատվածում, իսկ ընկերության տնօրեն Արտյոմ Մարտիրոսյանը բոլոր հաշվետվությունները ստորագրել և ներկայացրել է համապատասխան մարմիններին:

Անդրադառնալով տարբեր գերատեսչությունների աշխատակիցների գործելակերպին՝ Հայկ Ալումյանը նշեց, որ ՊԵԿ-ի նախագահի տեղակալը, լինելով պաշտոնյա և ՀՀ անունից հանդես գալով, հեռուստահաղորդման ժամանակ խախտել է Նարեկ Հարթունյանի անմեղության կանխավարկածը՝ հայտարարեով, որ Նարեկ Հարթունյանը հանցագործ է՝ չնայած այդ մասին վկայող և ուժի մեջ մտած դատարանի վճիռ տակավին չկա: Եվ ուշ թե շուտ, փաստաբանի խոսքով, Հայաստաի Հանրապետությունը միայն սրա համար գոնե պատասխանատվություն է կրելու, և եթե Հայաստանում չստացվի հասնել արդարության, իրենք դիմելու են Եվրադատարան:

Անդրադառնալով մեղադրող դատախազի վարքագծին՝ Անի Թորոսյանն ասաց, որ դեկտեմբերի 30-ին վերաքննիչ քրեական դատարանում, երբ կալանքների վերաբերյալ միջնորդությունն էր քննարկվում, դատախազ Բագրատ Պետրոսյանը խնդրել է հետաձգել նիստը՝ մեկ այլ դատարանում նիստ ունենալու պատճառաբանությամբ: Պաշտպանական կողմի հարցադրմանը, թե որտեղ է կոնկրետ դատախազ Պետրոսյանը նիստի մասնակցում և ինչ գործով, դատախազը հրաժարվել է պատասխանել՝ «պարտավոր չեմ հաշվետու լինել պաշտպանական կողմին» հիմնավորմամբ: Դատարանը դատախազի խնդրանքով հետաձգել է նիստը:

Փաստաբան Անի Թորոսյանը ՀՀ բոլոր դատարաններին հարցում է ուղարկել՝ ճշտելու, թե որտեղ է այդ օրը նիստի եղել դատախազ Պետրոսյանը և բոլոր դատարաններից ստացած պատասխան գրություններով պարզել է, որ Բագրատ Պետրոսյանն այդ օրը որևէ նիստ չի ունեցել ոչ մի դատարանում:

«Մենք ունենք դատախազ, որը դատարանում բացահայտ ստում է»,- ասում է Անի Թորոսյան՝ վկայակոչելով իր ձեռքի տակ ունեցած բոլոր դատարանների պատասխանները: 

Ավելին, երբ Նարեկ Հարթունյանի կողմից բողոք է ներկայացրել դատավարական ժամկետների պահպանմամբ, դատախազ Պետրոսյանը նշել է, որ Նարեկ Հարթունյանը ստացել է որոշումը փետրվարի 3-ին, նաև նշել է, որ Ն. Հարթունյանն ունի 7-օրյա ժամկետ այդ որոշումը բողոքարկելու համար, և եզրակացրել, որ Ն. Հարթունյանի բողոքարկման վերջին ժամկետը փետրվարի 9-ն է: «Չեմ ուզում կասկածել, որ դատախազը չէր կարող 3-ին գումարել 7 և ստանալ 10, և չեմ ուզում այլ մեկնաբանություն անել: Այդ բոլոր գործողություններն ուղղված են միայն ու միայն խոչընդոտելու ու սահմանափակելու մեր պաշտպանյալների իրավունքները»,- ասում է Անի Թորոսյանը:

Անի Թորոսյանը նաև տեղեկացրեց, որ մինչ Նարեկ Հարթունյանին արգելում են իր առողջական խնդիրներից ելնելով մեկնել ՀՀ-ից ԱՄՆ-ը, Սևակ Արզարունին ազատ տեղաշարժվում է և այս պահին գտնվում է Լիբանանում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter