HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Սոպրանո Ռուզան Մանթաշյանի գործակալը SemperOpernball-ին զգուշացնում է, որ վեճը կարող է տեղափոխվել այլ հարթակ

Հայազգի սոպրանո Ռուզան Մանթաշյանի գործակալության՝ Agence Massis Opéraեւ գերմանական SemperOpernball կազմակերպության միջեւ վեճը նոր զարգացումներ է ստանում։

Հունվարի 15-ին կազմակերպության գեղարվեստական ղեկավար Հանս-Յոահիմ Ֆրեյը կրկին հանդես է եկել պարզաբանումներով՝ նախ զրպարտչական եւ անհեթեթ համարելով այն պնդումները, թե Ռուզան Մանթաշյանի մասնակցության չեղարկումը պայմանավորված է նրա ազգային պատկանելությամբ, ապա հավաստիացրել, որ SemperOpernball-ը ռասիստական մոտեցում չունի եւ միշտ եղել է մշակույթի ոլորտում կամուրջներ կառուցող կազմակերպություն։ Իբրեւ ապացույց նա մատնանշել է 2019-ին կազմակերպված համերգը՝ վրացուհի Նինո Մաչաձեի եւ հայ Լիպարիտ Ավետիսյանի մասնակցությամբ։  

Ի պատասխան Semper Opernball-ի 15.01.2020թ. մամուլի հաղորդագրության՝ Ռուզան Մանթաշյանի գործակալ Ռենե Մասիսը՝ Agence Massis Opéra-ից, տարածել է նոր հաղորդագրություն, որում ակնարկում է այս վեճը մամուլի եւ սոցիալական ցանցերի էջերից այլ հարթակ տեղափոխելու մասին։ Ստորեւ՝ Ռենե Մասիսի պատասխանը Semper Opernball-ին։

«Հարգելի՛ պարոն Ֆրեյ,

Դուք համառորեն շարունակում եք ձեր տեսակետն արտահայտել զանգվածային լրատվամիջոցների միջոցով` չցուցաբերելով ճկունություն ու մնալով ձեր կարծիքին:

Հետևաբար` մենք ստիպված ենք դիմելու հաղորդակցության նույն եղանակին` ձեզ պատասխանելու նպատակով:

Ձեր հոդվածում դուք, կարծես թե, միտումնավոր խառնում եք տարբեր խնդիրներ` փաստերը խեղաթյուրելու համար:

Դուք նաև միտումնավոր կերպով փորձում եք խրթին ձևով բացատրել արվեստի ոլորտում ներգրավված կազմակերպությունների աշխատանքի եղանակները:

Ձեր հոդվածի բովանդակության մեջ տարբերակման ենթակա երկու բան կա:

Մի կողմից, խոսքը SemperOpernball-ի մարդկային ու մշակութային արժեհամակարգի մասին է:

Դուք կարևորում եք ձեր նախորդ միջոցառումներին բոլոր ազգերը ներկայացնող կատարողների, այդ թվում` հայերի մասնակցությունը:

Մենք երբեք չենք վիճարկել այս իրողությունը, մենք նույնիսկ բացահայտ կերպով ողջունել ենք այն հունվարի 14-ի մեր մամլո հաղորդագրության մեջ: Ինչպես տեսնում եք, այս առումով մենք չենք վիճարկում ձեր ու SemperOpernball-ի հեղինակությունը:

Մյուս կողմից, առկա է հակասություն, որը ծագել է պարոն Էյվազովի կողմից տիկին Մանթաշյանի հետ «քաղաքական դրդապատճառներով» ելույթ ունենալուց հրաժարվելու հետևանքով, ինչը հանգեցրեց մեր կատարողի հետ ձեռք բերված պայմանավորվածության չեղարկմանը:

Կարելի է մտածել, որ դուք ստիպված եք եղել դա անելու ձեր հրավիրյալ կատարողի անդրդվելի դիրքորոշման պատճառով: Սա ձեր ցանկությունը չէ, սակայն փաստն այն է, որ Ռուզան Մանթաշյանի մասնակցությունը նախագծում չեղարկվել է:

Լավագույն դեպքում դուք առնվազն պետք է ներողություն խնդրեիք տիկին Մանթաշյանից:

Այդ դեպքում մենք կփորձեինք հարթել ստեղծված տհաճ իրավիճակը:

Դուք անգամ հարկ չհամարեցիք անձնական կապ հաստատել:

Փոխարենը, հունվարի 15-ի ձեր մամուլի հաղորդագրության մեջ դուք գոռոզ ու վիրավորական կերպով մերժում եք մեր դիրքորոշումը պաշտպանելու նպատակով մեր կողմից բերվող կոնկրետ փաստարկները:

Նման քայլով արդյո՞ք դուք ցանկանում եք, որ մենք լրացուցիչ քայլ կատարենք ու այս վեճը տեղափոխենք այլ հարթակ»:

Լուսանկարում՝ SemperOpernball-ի գեղարվեստական ղեկավար Հանս-Յոահիմ Ֆրեյը (Prof. Hans-Joachim Frey), www.tag24.de

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter