HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թամամյանի «գործով» 3 մարդ դատապարտվել է 12-13 տարվա ազատազրկման

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել սպանության փորձ կատարելու համար Արամ և Արթուր Մարտիրոսյաններին և Հրաչյա Պետրոսյանին առաջադրված մեղադրանքը և դատապարտել ազատազրկման:

Մասնավորապես, դատարանը ապացուցված է համարել մեղադրող դատախազի ներկայացրած ապացույցներն առ այն, որ 2009 թ. նոյեմբերի 5-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Արամ և Արթուր Մարտիրոսյանները և Հրաչյա Պետրոսյանը Գավառ քաղաքում վիճաբանել և ծեծել են Վ. Մուխսիխչոյանին:

Այդ դեպքից մի քանի ժամ անց Մարտիրոսյան եղբայրները և Հ. Պետրոսյանը բազմաթիվ կրակոցներ են արձակել Վ. Մուխսիխչոյանի աներոջը՝ Հակոբ Հովհաննիսյանին պատկանող մեքենայի ուղղությամբ, որում գտնվել են Հակոբ Հովհաննիսյանը իր որդու՝ Հովսեփ Հովհաննիսյանի հետ և վերջինիս ընկեր Սպարտակ Զարգարաղոյանը, ինչի հետևանքով Հովսեփ Հովհաննիսյանն ու Ս. Զարգարաղոյանը ստացել են կյանքին վտանգ սպառնացող բազմաթիվ հրազենային ծանր մարմնական վնասվածքներ:

Արամ Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել ազատազրկման 13 տարի ժամկետով: Արթուր Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով ու 235-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել ազատազրկման 13 տարի ժամկետով, իսկ Հրաչյա Պետրոսյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով ու 235-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել ազատազրկման 12 տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ այս քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել նաև ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանին և ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության ՀԿԳ նախկին ավագ քննիչ Վ. Խանզադյանին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:

Ըստ մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների՝ 2009թ. նոյեմբերի 5-ին Գավառում Հակոբ և Հովսեփ Հովհաննիսյանների, ինչպես նաև Ս. Զարգարաղոյանի նկատմամբ սպանության փորձն իրականացրած Արամ և Արթուր Մարտիրոսյան եղբայրների կողմից հիշյալ առանձնապես ծանր հանցագործությունը կատարելու համար քրեական պատասխանատվությունից զերծ պահելու դիտավորությամբ Հ. Թամամյանը, տեղեկացված լինելով, թե ովքեր են կատարել հանցագործությունը, ինչպես նաև իմանալով, թե որտեղ են թաքցված հանցագործության գործիք հանդիսացող զենքերը, ձեռնպահ է մնացել տեղեկությունները ստուգելու և հանցագործության գործիք հանդիսացող զենքերը հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական աշխատանքները կազմակերպելուց:

ՀՀ ոստիկանությունում գաղտնիության ռեժիմն ապահովելու վերաբերյալ հրահանգի 172-րդ կետի պահանջի խախտմամբ՝ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Հ. Թամամյանը ոչնչացրել է չբացահայտված հանցագործության վերաբերյալ քրեական գործի շրջանակներում վերահսկման դրված և 2009թ. նոյեմբերի 5-ին Գավառում Հակոբ և Հովսեփ Հովհաննիսյանների, ինչպես նաև Ս. Զարգարաղոյանի նկատմամբ սպանության փորձն իրականացրած Արամ և Արթուր Մարտիրոսյան եղբայրների առնչությունը հաստատող տեղեկություններ պարունակող հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման ամփոփագիրը:

«Նրանց վերաբերյալ քրեական գործը դատարան է ուղարկվել 2012թ. հունվարին և Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատաքննությունը շարունակվում է»,- հայտնում է Գլխավոր դատախազությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter