HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օձունի «Լալվար» մանկական ճամբարը Վալերի Մեջլումյանի հիմնադրած ընկերության սեփականությունը դառնալուց հետո չի գործել

«Լալվար» մանկական ճամբարը Օձունի «Կենդանարար» հանդամասում կառուցվել է 1960-ական թվականներին՝ Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատի կողմից: Ճամբարում իրենց ամառային հանգիստը խորհրդային տարիներին անցկացնում էին ալավերդցի 500 երեխաներ: Ճամբարն աշխատել է երկու հերթափոխով:

«Լալվար» ճամբարն ու վերջինիս հարող 8,6 հա հողատարածքը Ալավերդու պղնձաձուլական գործարանի հետ 1996 թվականին դարձել է Վալերի Մեջլումյանի հիմնադրած «Արմենիան քափր փրոգրամ» («ԷյՍիՓի») ընկերության սեփականությունը։

«Լալվար» ճամբարը մեծ համբավ է ունեցել հատկապես լեռնամետալուրգիական կոմբինատի վերջին տնօրեն Նորիկ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին՝ 1977-1989թթ.-ին: Նորիկ Սարգսյանը անձամբ էր վերահսկում ճամբարում երեխաների հանգստի կազմակերպումը: Կոմբինատի մշակույթի պալատի նախկին տնօրեն Ավետ Թամազյանի խոսքով՝ սեփականաշնորհելուց հետո՝ 1996-1997թթ.–ին «Լալվար» մանկական ճամբարի մահճակալները տեղափոխվել են Դրմբոնի լեռնահարստացուցիչ համալիրի բանվորական հանրակացարաններ: Դրանից հետո ճամբարը մոռացության է մատնվել։

Մեր հարցմանը, թե հիմա ու՞մ սեփականությունն է «Լալվար» ճամբարը, և ինչո՞ւ այն 24 տարի չի շահագործվել, «Վալլեքս» խմբի ընկերությունների տեղեկատվության և հասարակայնության բաժնից պատասխանել են. «Ձեր հարցմամբ հայցվող տեղեկատվությունը չի վերաբերում «Վալլեքս» խմբի ընկերությունների գործունեությանը և, դրանով պայմանավորված, «Վալլեքս» խմբի հասարակայնության հետ կապերի բաժինը Ձեր հարցումը թողնում է առանց մեկնաբանության»:

1996թ.-ից մինչև 2012թ.-ը «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ն «Լալվար» ճամբարի գույքի և 8,6 հա հողի համար տարեկան 16 500 դրամ է վճարել Օձուն համայնքի բյուջե: «2012թ.-ից հետո 9 տարի 8,6 հա հողի հարկը և տույժերը Վ. Մեջլումյանը մեր համայնքի բյուջեին պարտք է մնացել»,- հայտնեց Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանը:

Մեր հարցման պատասխանում Ա. Տիտանյանը նշել է, որ մինչև 2012թ.-ը Օձունի «Լալվար» ճամբարի սեփականատերն էր «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ն: 2012թ.-ին ընկերությունը գույքահարկի գծով գերավճար ունի՝ 47 775 դրամի չափով, և հողի հարկի մասով պարտք է 41 274 դրամի չափով:

«Ըստ կադաստրի բազայի՝ 2014թ. Օձունի «Լալվար» ճամբարի 8,6 հա հողատարածքի և գույքի սեփականատեր է ճանաչվել «Վալլեքս Կապիտալ» ՓԲԸ -ն»,- հայտնել է Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանը:

«Վալլեքս Կապիտալ» ընկերությունը գրանցված է Արցախում։ Այս ընկերությունն էլ հիմնադրել է Վալերի Մեջլումյանը։ «Լալվար» մանկական ճամբարի ամբողջ տարածքն անտառածածկ է:

Այցելեցինք ճամբարի տարածք։ Տարածքում հատված ծառեր կան։

Ճամբարի շինությունները, սպորտային հրապարակները կիսաքանդ են։ Մանկական ճամբարի շենքերի հարևանությամբ գտնվում են քոթեջներ:

Խորհրդային տարիներին այստեղ իրենց ընտանիքներով հանգստանում էին պղնձաձուլական գործարանին աշխատակիցները։ Հաշվի առնելով, որ Մեջլումյանի ակտիվներն անցել են ՎՏԲ բանկին, պարզ չէ ճամբարի ճակատագիրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter