HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լավագույն տղերքը հեռանում են

Արկադի Արզումանյանը ստույգ չգիտե, թե ինքը Տողում ապրած Արզումանյանների, որ սերնդին է պատկանում, սակայն մանրամասն տեղյակ է Տողի պատմությանն ու հաղթանակներին. «Տողն ուրիշ գյուղ է, հերոս գյուղ է: Տողն իր հերոսությունը ցույց է տվել դեռեւս 10-րդ դարում, երբ քոչվոր Բուղան գրավել է ամբողջ Կովկասը եւ իր 40 հազարանոց զորքով 48 հարձակում կազմակերպել Տողի վրա, սակայն չի կարողացել գրավել մեր գյուղը»: Արկադի Արզումանյանը 72 տարեկան է: Տողից բացակայել է շատ կարճ ժամանակով' ուսումը շարունակելու համար:

1958 թ-ից եղել է Տողի ակումբի ղեկավարը: «Ադրբեջանցիները գյուղի եկեղեցու գմբեթը քանդել էին եւ ակումբ դարձրել: Ամեն երեկո գյուղի երիտասաարդները հավաքվում էին ակումբում: Ես նրանց համար տարբեր միջոցառումներ էի կազմակերպում: Երգը, պարը, թատրոնը, կինոն մեր առօրյա կյանքի անբաժանելի մասն էր: Այսօրվա երիտասարդները հետաքրքրություն չունեն, հոգեւոր-մշակութային կյանքով չեն ապրում, չեն սիրահարվում, ընտանիք չեն կազմում»,- դժգոհում է Արկադի Արզումանյանը:

Խմելու եւ ոռոգման ջրից ոչ պակաս նրան մտահոգում է գյուղում ակումբի վերաբացումը. «Մեր երիտասարդները հանդիպելու, միմյանց հետ զրուցելու տեղ չունեն: Ակումբի վերաբացումը նույնքան կարեւոր է, որքան աշխատատեղերի ստեղծումը: Եթե գյուղի բնակչությունը չավելանա, նոր ընտանիքներ չստեղծվեն, մենք կկորցնենք մեր հողերը»:

Ի տարբերություն Տողի մյուս բնակիչների' Արկադի Արզումանյանն առանձնապես ոգեւորված չէ Տողում վերջերս բացված ջրաշխարհով: «Ես դեմ չեմ, որ Տողում ջրաշխարհ լինի, բայց մեր գյուղի համար ավելի լավ կլիներ մի գործարան բացեին, աշխատատեղեր ստեղծեին: Աշխատանք չունեցող մարդը չի կարող օգտվել էդ ջրաշխարհից: Մեզ դպրոց, հիվանդանոց է անհրաժեշտ: Էդ ջրաշխարհը մեզ համար չէ: Դրա փոխարեն մեր ղեկավարները թող մտածեն արտագաղթը ներգաղթով փոխարինելու մասին»:

Արկադի Արզումանյանի երկու որդիներից այսօր մեկն է ողջ: Նրա ավագ որդին զոհվել է պատերազմում: Երկրորդը' Վիրաբը, 35 տարեկան է, ամուսնացած է, ունի երկու աղջիկ եւ ապրում է ծնողների հետ' Տողում: Նա իր համադասարանցիներից միակն է, որ չի հեռացել Տողից. «Պատերազմից հետո, աշխատանք չլինելու պատճառով ընկերներս մեկնեցին Ռուսաստան: Բոլորն էլ հայրենասեր տղաներ են, մինչեւ կռվի ավարտը Տողում են ապրել, բայց այսօր սոցիալական վիճակը նրանց ստիպել է հեռանալ գյուղից: Եթե գյուղում աշխատանք լինի, համոզված եմ, որ կվերադառնան»:

Վիրաբ Արզումանյանն աշխատում է Տողի դպրոցում' մաթեմատիկա եւ ֆիզիկա է դասավանդում: Ուսուցչի աշխատավարձը նրան էլ չի բավարարում, սակայն ընկերների օրինակին հետեւել չի պատրաստվում: Ընտանիքի կարիքները հոգալու համար զբաղվում է նաեւ անասնապահությամբ եւ հողագործությամբ. «Հանուն էս հողի ես եղբայր, ընկերներ եմ կորցրել: Էս հողը պետք է մշակել, էս հողի վրա պետք է կառուցել: Որքան էլ սոցիալական պայմանները ծանրանան, ես Տողից չեմ հեռանա: Եթե սոցիալական պայմաններին նայենք, ապա պետք է չամուսնանանք, երեխա չունենանք»:

Առանց սոցիալական փոփոխությունների սպասելու Արզումանյանները որոշել են ավելացնել իրենց ընտանիքի անդամների թիվը'շուտով կծնվի նրանց երրորդ երեխան: «Երկու աղջիկ ունեմ, ուզում եմ նաեւ տղա ունենալ: Պատերազմի ընթացքում Տողից շատ տղաներ են զոհվել»,- ասում է Վիրաբը:

Վիրաբի կինը' Վարդուհին, Տողի մանկապարտեզում դաստիարակչուհի է: Նրան չի մտահոգում երեխայի սեռը. «Աստծուն տված պարգեւ է, ինչ ծնվելու է, թող ծնվի: Եթե տղա չլինի, չորրորդը կունենանք»: Արզումանյանների ընտանիքում հատկապես հպարտանում են մեծ թոռնիկով։

Գայանեն 6 տարեկան է: Այս տարի պատրաստվում է դպրոց գնալ եւ արդեն հասցրել է գերազանց գնահատականներով ավարտել Տողի երաժշտական դպրոցի առաջին դասարանը: «Սա իմ պարծանքն է, թե Տողում Մշակույթը զարգանա, Գայանես է զարգացնելու: Սա իսկական իմ թոռն է»,- հպարտությամբ ասում է պապը' Արկադի Արզումանյանը եւ Գայանեին խնդրում Մոցարտից որեւէ բան նվագել' նախապես նշելով, որ աղջիկը տանը միայն իր եւ թանկագին հյուրերի համար է նվագում:

Գյուղի մշակույթի տունը պատերազմի ընթացքում ավերվել է: Սուսաննա Բալայանի ջանքերով գյուղն այսօր փոքրիկ երաժշտական դպրոց ունի' 30 սաներով: Տողում համապատասխան մասնագետներ չկան: Սուսաննա Բալայանը շաբաթը 2 անգամ կարողանում է Ստեփանակերտից Տող մասնագետներ բերել: «Նա ինքն էլ Տողեցի չէ: Մեր գյուղում չի ծնվել, բայց Ղարաբաղի ազատագրման շարժման սկզբից Տողում է եղել մինչեւ պատերազմի ավարտը: Նույնիսկ ռազմական գործողությունների է մասնակցել»,- ասում է Արկադի Արզումանյանը:

Սուսաննա Բալայանին Տողում որպես հյուր չեն ընկալում: Հատկապես մշակութային թեմաններին առնչվող բոլոր խնդիրները տողեցիները քննարկում են նրա հետ: Երբեմն ուղղակի հավաքվում են Արզումանյանների տանը՝ զրուցելու եւ անցյալը հիշելու: Տողեցիները վրդովվում են, երբ խոսք է լինում ազատագրված տարածքները հանձնելու մասին. «Նրանք ովքեր հող հանձնելու մասին են խոսում, բա չե՞ն մտածում, թե ի՞նչ պատասխան պետք է տան զոհվածներին, ինչպե՞ս են կանգնելու նրանց շիրիմների առաջ: Ղարաբաղում գրեթե ամեն տան պատին մի զոհվածի նկար է կախված: Տարածք տալու մասին մտածելու դեպքում, ես ի՞նչ խղճով նայեմ զոհված որդուս նկարին: Տարածքներ տալու մասին խոսողները, թող մեկ-մեկ էլ այդ տարածքները ազատագրողների մասին հիշեն»,-խորհուրդ է տալիս Արկադի Արզումանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter