HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ֆայտոնչի Կարոյի սիրած ձիու անունը «Կուկլա» էր

1968թ. արված խունացած լուսանկարի դեղին շերտը չի խանգարում ճանաչել գյումրեցի վերջին ֆայտոնչիներից վարպետ Գրիշին ու Կարոյին: Քիրաջխանի Խաչոյենց գերդաստանի ներկայացուցիչ Խաչիկ Խաչատրյանին պատկանող լուսանկարների կույտից առանձնացնում եմ եւս մի քանիսը` դրանցում պատկերված է ֆայտոնչի Կարոն` Խաչիկի հայրը:

«Հերս միշտ երկու գույնի ձի կլծեր ֆայտոնին»,- շտապում է պարզաբանել Խաչիկը:

Պարզվում է՝ ֆայտոնչիներն էլ ժամանակակից մեքենատերերի նման իրենց նախասիրություններն են ունեցել ու հենց դրանով էլ հեռվից հեռու տարբերվել միմյանցից: Եթե վարպետ Գրիշի ֆայտոնը դեռ հեռվից ճանաչելի էր զանգուլակներով ու ճատկանոցով զարդարված ձիերի տեսքից, ապա կարմիր ու սպիտակ ձիեր նախընտրել է լծել միայն ֆայտոնչի Կարոն: Նրա սիրելին սպիտակ գույնի, բարակոտն «Կուկլա»-ն էր, ձիերից ամենաերկարակյացը:

«Հորս մեռնելուց  ձիու աչքերից արցունքներ կերթային: «Կուկլեն» հորս լծկաններից ամենաառաջինն էր ու մինչեւ վերջ մնաց: 17 տարի հերս ֆայտոնը քշեց, էդքան ժամանակ էլ «Կուկլեն» ծառայել է իրան»,- պատմում է Խաչիկը:

Քիրաջխանի Խաչոյենց գերդաստանի անդամներին Գյումրիում լավ են ճանաչում: Խաչատրյանները Գյումրի տեղափոխվել են Կարսից 1800-ականերին:

«Պապիս ըսել են հենց քիրաջխանի Խաչո: Ջաջուռում քիրաջի` կրի գործարան է եղել, հիմի օր ցեմենտ կօգտագործեն, էն վախտ քիրաջն են օգտագործել պատերի սվաղի համար:  Պապիս քեռուն է պատկանել քիրաջխանեն, պապս էլ ընդեղ աշխատել է, էդտեղից էլ մականունը մնացել է,- պատմում է Խաչիկը,- մերոնք ֆայտոնչի են եղել: Կպատմեն, օր էն ժամանակները Գյումրու հիմիկվա կայարանի մոտ ֆայտոնչիների «բիրժան» էր` հավաքատեղին, կանգնել են տաքսիների պես, մարդիկ գնացքից բեռներով օր իջել են, դժվարություն չեն ունեցել, նստել տուն են գնացել»:

Մեքենաների մուտքը Գյումրի ստիպում է, որպեսզի ֆայտոնչիները մեկը մյուսի հետեւից վայր դնեն կնուտները: Հին սերունդը չէր հաշտվում չորս ակնանի մրցակիցների գոյության փաստի հետ:

Ձիերը վախենում էին մեքենաների աղմուկից ու դարձել էին անկառավարելի, մարդիկ էլ սկսել էին հատուկենտ օգտվել ֆայտոնից. գերադասում էին տաքսիները: 1960թ. Լենինականի քաղխորհրդի նախագահ է նշանակվում Գրիգոր Հասրաթյանն ու որոշում վերականգնել գյումրվա հին ավանդույթներից մեկը` քաղաքին վերադարձնել ֆայտոնն ու ֆայտոնչիներին: Այդ լուրն իմանալով՝ քաղաքում գտնվող հատուկենտ ֆայտոնչիները շտապում են Հասրաթյանի մոտ:

Ձախից ֆայտոնչի Գրիշն է, աջից՝ Կարոն

«Էղել են «Վիսյոլի Վարդանը», Գրիշը, հերս, ֆայտոնչի Վահանը, որ հետո գնաց Երեւան: Սկզբում չորսով էին, հետո արդեն վերջին տարիներին՝ 70-ականներին, մնացել էին երկու ֆայտոնչի՝ Գրիշն ու հերս,- հիշում է Խաչիկը,- որպեսզի ֆայտոնը հանեն, ձիերի համար հերս ընկերոջ հետ Ղազախ է գնացել, ընդեղ ձիարշավարանից երկու ձի է ջոկել հերս` մեկը կարմիր, մյուսը սպիտակ: Ու տարիներ շարունակ ինքը ֆայտոնին տարբեր գույնի ձիեր կլծեր: Էն ըսածս սպիտակն ըշտը «Կուկլեն» էր: Զույգը կարողա փոխվեր, բայց «Կուկլեն» միշտ կար»:

Ֆայտոնչի Կարոն մահացել է 1977թ.` 59 տարեկան հասակում, թոքերի հիվանդությունից: Հոր մահից հետո տղաները որոշում են ֆայտոնը չվաճառել, այլ պահել բակի մի անկյունում՝ ծածկի տակ, որպես հորից մնացած թանկ մի հուշ:

«2-3 տարին մեկ ես ու ախպերս կհանեինք, կլվանայինք, ներկը կթարմացնեինք ու նորից կծածկեինք: Մե օրմ էլ հերթական անգամ ֆայտոնը մաքրելու գործով էինք, հայաթի դարբասները բաց էին մնացել՝ մի 7-8 տարի առաջ էր, անցնող մարդ կար ծանոթ, տեսել էր, եկավ, թե ժողովուրդ ջան, ես չիդեի, օր վարպես Կարոյի ֆայտոնը կա: Ես հարսնիքի քավոր եմ, գուզեմ օր ֆայտոնով էղնի հարսնիքը, հարս ու փեսին ֆայտոնով եկեղեցի տանիմ,- հիշում է Խաչիկը անցած-գնացածը,- մենք էլ ըսեցինք, դեմ չենք, բայց ձի չկա, եթե ձիերի հարցը լուծես, ձի ճարեք-բերեք, խնդիր չկա: Հետո Ղարիբջանյան գյուղից երկու ձի ճարեցին, ֆայտոնը լծեցինք, տվեցինք հարսանքավորին»:

Դրանից հետո մի քանի դեպք էլ է եղել, երբ Կարոյի տղաները ֆայտոնը վարձով տվել են ցանկացողներին:

Կարոյի ֆայտոնը

«Փաստորեն, ընբես գուկա, օր հերս իրա մահից հետո էլ մեզի ինչխոր լավություն էներ` իրա անունով, իրա ֆայտոնով: Էն ժամանակ ինքը կքշեր, օր ընտանիք պահեր, դե վերջը 6 զավակ ուներ: Իրանից հետո էլ ֆայտոն քշող մեր ընտանիքից չեղավ. ոչ ես, ոչ էլ ախպերս էդ գործը չէրինք, ամեն մեկս մի մասնագիտություն ստացավ, անցավ իրա գործին: Բայց արի ու տես, օր շատ տարիներ անց ֆայտոնն իրա գործը տեսավ»,- Խաչիկը տխուր ծիծաղում է:

Ֆայտոնչի Կարոյին նկարահանել են «Շիրակի մեղեդիներ» երաժշտական ֆիլմում, «Եռանկյունի», «Հեղնար աղբյուր» գեղարվեստական ֆիլմերում, Հովհ. Շիրազի մասին պատմող վավերագրության մեջ:

Մարզպետարանի աշխատակից Խաչիկ Խաչատրյանին այդ հրաշալի օրերից որպես հուշ մնացել են հայրական տունը, հոր մասին պատմող խունացած լուսանկարներն ու «նավեսի» տակ կանգնած ֆայտոնը, որ 2-3 տարին մեկ եղբոր հետ մաքրում են, լվանում, ներկը թարմացնում ու պահում, որպես ֆայտոնչի Կարոյից մնացած մի թանկ հուշ:

Առաջին լուսանկարում ֆայտոնչի Կարոն է, իսկ սպիտակ ձին՝ «Կուկլան»

Մեկնաբանություններ (2)

Levik
You would think that the Gyumri municipality would be interested in restoring this phaeton trade merely as a tourist attraction. Naturally, to make it economically viable for potential operators, the city would have to give tax incentives, etc.
Հովհաննես Պապիկյան
Շնորհակալություն թերթին՝ այս հրաշք հուշերն արթնացնելու համար: 1984 թվականին Լենինականում հեռ.հաղորդում էինք նկարահանում: Հաղորդավար Աիդա Ներսիսյանին ֆայտոն նստեցրինք՝ օպերատորը դիմացը, ամբողջ Լենինականը ման եկանք՝ հին թաղամասերով: Ի՜նչ հրաշալի օրեր էին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter