HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի մասնակցությունը միջազգային առևտրին առնչվող ապօրինի ֆինանսական հոսքերում

2020 թվականի մարտ ամսին Գլոբալ Ֆինանսական Բարեվարքություն անվամբ (անգլերեն` Global Financial Integrity) ամերիկյան հետազոտական կենտրոնը հրապարակել է իր հերթական հաշվետվությունը 135 զարգացող երկրների միջազգային առևտրին վերաբերվող ապօրինի ֆինանսական հոսքերի վերաբերյալ (հաշվետվության անվանումը անգլերեն` Trade-Related Illicit Financial Flows in 135 Developing Countries: 2008-2017):

Ակնարկ հետազոտական կենտրոնի մասին

Գլոբալ Ֆինանսական Բարեվարքություն անվամբ հետազոտական կենտրոնը գտնվում է Վաշինգտոնում, որը ապօրինի ֆինանսական հոսքերի վերաբերյալ հետազոտություններ է իրականացնում: Միաժամանակ պետություններին խորհրդատվություն է տրամադրում` ապօրինի ֆինանսական հոսքերը կանխող օրենսդրություն ձևավորելու հարցերում:

Կազմակերպության վերլուծությունների համաձայն յուրաքանչյուր տարի միլիարդների հասնող առևտրի ծավալների կեղծ հայտարարագրում է իրականացվում (անգլերեն` trade misinvoicing), որով թաքցնում են իրական ֆինանսական հոսքերը: Արդյունքում զարգացող պետությունները հարյուրավոր միլիոնների հարկեր չեն հավաքագրում:

Կազմակերպությունը 2006 թվականին հիմնադրել է Ռեյմոնդ Բեյկերը, ով զբաղվել է գործարարությամբ, այնուհետ սկսել է զբաղվել գիտությամբ և նրա հետազոտության առարկան ֆինանսական հանցագործություններն են, ներառյալ առևտրում առկա ապօրինի ֆինանսական հոսքերը:

Առևտրի կեղծ հայտարարագրում կամ առևտրային խարդախություն

Առևտրի կեղծ հայտարարագրումը (անգլերեն` trade misinvoicing) առևտրի իրական ծավալի միտումնավոր սխալ ներկայացումն է գործարքի մաս կազմող առնվազն մեկ կողմից, որը հիմնականում կատարվում է ծառայության կամ ապրանքի իրական գինը, քանակը, որակը և/կամ ծագման երկիրը ոչ ճիշտ ներկայացնելու միջոցով:

Առևտրի կեղծ հայտարարագրումը միջազգային առևտրային համակարգում ապօրինի ֆինանսական միջոցներ թաքցնելու լավ մշակված մեթոդ է, նաև մաքսային ռեժիմները շրջանցելու և/կամ շահագործելու եղանակ: Օրինակ, ֆինանսական միջոցները և/կամ որևէ արժեք կարող է երկրից ապօրինի դուրս բերվել ներկրվող ապրանքի կամ ծառայության գումարը իրական արժեքից ավելին հայտարարագրելով, իսկ արտահանման դեպքում` տվյալ ապրանքի կամ ծառայության իրական արժեքը իրականից ավելի փոքր գումարով հայտարարագրելով:

Առևտրի կեղծ հայտարարագրման մի շարք պատճառներ կան` սկսած հարկումից խուսափելուց մինչև հանցավոր գործունեության արդյունքում ստացված եկամուտների երկրից դուրս բերում. Դրանք համառոտ ներկայացված են հետևյալ աղյուսակում:

Նշված հետազոտական կենտրոնը ուսումնասիրում է պետությունների կողմից Միացյալ Ազգերի Կազմակերպությանը տրամադրված միջազգային առևտրի վերաբերյալ պաշտոնական տվյալները, դրանք համադրում է միմյանց հետ և բացահայտում անհամապատասխանությունները: Կազմակերպությունը կիրառում է Արժույթի Միջազգային հիմնադրամի կողմից սահմանված երկրների տնտեսությունների դասակարգումը` 148 զարգացող և 36 առաջատար տնտեսություն ունեցող երկրների: Այս հաշվետվության մեջ 13 զարգացող երկրների տվյալներ չեն ներառվել` դրանց թերի լինելու պատճառով:

Գլոբալ Ֆինանսական Բարեվարքություն հետազոտական կենտրոնը համեմատում է առևտրային գործընկեր պետությունների միջազգային առևտրի վերաբերյալ պաշտոնական տվյալները և այս եղանակով վեր հանում տեղ գտած անհամապատասխանությունները: Օրինակ, եթե Հայաստանի պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ 2018 թվականին Ռուսաստան է արտահանվել 50 միլիոն դոլարի գյուղմթերք, իսկ Ռուսաստանի պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանից ներկրվել է 30 միլիոն դոլարի գյուղմթերք, ապա առաջանում է 20 միլիոն դոլարի անհամապատասխանություն, որին նաև անվանում են արժեքի ճեղքվածք (անգլերեն` value gap):

Միջազգային առևտրում արժեքի ճեղքվածք. Ընդհանուր և Հայաստանի վերաբերյալ տվյալներ

Համաձայն Գլոբալ Ֆինանսական Բարեվարքություն հետազոտական կենտրոնի հրապարակած հաշվետվության, 2008-2017թթ ընթացքում 36 առաջատար տնտեսություն ունեցող երկրների և 135 զարգացող տնտեսություն ունեցող երկրների միջև արժեքի ճեղքվածքի ընդհանուր մեծությունը կազմել է 8.7 տրիլիոն ԱՄՆ դոլար: Իսկ 2017 թվականի համար այս ցուցանիշը կազմել է 817.6 միլիարդ ԱՄՆ դոլար (ամբողջական տվյալները այս պահին առկա են մինչև 2017 թվական ներառյալ):

Հայաստանի համար, նշված ժամանակահատվածում միջազգային առևտրում արժեքի ճեղքվածքը 36 առաջատար տնտեսություն ունեցող երկրների հետ կազմել է 1 միլիարդ 776 միլիոն ԱՄՆ դոլար: Իսկ 2017-ին այս ցուցանիշը կազմել է 167 միլիոն ԱՄՆ դոլար:

Երբ 36 առաջատար տնտեսություն ունեցող երկրների հետ առևտրում առկա արժեքի ճեղքվածքի գումարը համեմատում ենք այդ երկրների հետ ընդհանուր առևտրաշրջանառության գումարի հետ, ապա Հայաստանի համար ներկայացված ժամանակահատվածում միջին տարեկան ցուցանիշը կազմում է 19.5%: Այսինքն կարելի է եզրակացնել, որ Հայաստանի և 36 առաջատար տնտեսություն ունեցող երկրների միջև յուրաքանչյուր տարի արձանագրվող առևտրաշրջանառության շուրջ 19.5 տոկոսում կան անհամապատասխանություններ, ինչը հնարավոր ապօրինի ֆինանսական հոսքերի համար աղբյուր կամ միջոց է հանդիսացել: Համեմատության համար Ռուսաստանի այս ցուցանիշը կազմում է շուրջ 21.8%, Վրաստանինը` շուրջ 21.4%, իսկ Ադրբեջանինը` շուրջ 21.6%: Զարգացող երկների մեջ Չիլին և Բրունեյը այս ցուցանիշի գծով ունեն լավագույն արդյունքը` համապատասխանաբար 12% և 11%:

2008-2017թթ ընթացքում Հայաստանի և նրա բոլոր առևտրային գործընկեր պետությունների (և առաջատար, և զարգացող տնտեսություններ) միջև արժեքի ճեղքվածքի ընդհանուր մեծությունը կազմել է 4 միլիարդ 557 միլիոն ԱՄՆ դոլար: Իսկ 2017 թվականի համար այս ցուցանիշը կազմել է 619 միլիոն ԱՄՆ դոլար:

Երբ աշխարհի հետ առևտրում առկա արժեքի ճեղքվածքի նշված գումարը համեմատում ենք Հայաստանի ընդհանուր միջազգային առևտրաշրջանառության գումարի հետ, ապա մեր երկրի համար ներկայացված ժամանակահատվածում միջին տարեկան ցուցանիշը կազմում է 18.5%: Այսինքն կարելի է եզրակացնել, որ Հայաստանի միջազգային առևտրաշրջանառության շուրջ 18.5 տոկոսում կան անհամապատասխանություններ (առևտրում առկա արժեքի ճեղքվածք), ինչը հնարավոր ապօրինի ֆինանսական հոսքերի համար աղբյուր կամ միջոց է հանդիսացել: Համեմատության համար Ռուսաստանի այս ցուցանիշը կազմում է շուրջ 19.3%, Վրաստանինը` շուրջ 19.5%, իսկ Ադրբեջանինը` շուրջ 22.3%:

 

Ծանուցում: Հոդվածը հիմնված է Գլոբալ Ֆինանսական Բարեվարքություն կազմակերպության 2020 թվականի մարտին հրապարակած հաշվետվության վրա (հղումը` այստեղ):

Հովհաննես Ավետիսյանը հանրային ֆինանսների կառավարման փորձագետ է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter