HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հիմա կառուցելու ժամանակն է

Արցախյան պատերազմի ընթացքում ԼՂՀ Հադրութի շրջանը 340 զոհ է տվել: Շրջանի տարածքի 30 տոկոսը մի քանի անգամ ավերվել ու այրվել է, սակայն հադրութցիները մեծ զրկանքների գնով կարողացել են վերջնականապես ազատագրվել։

Շրջանն ապրում է առօրյա հոգսերով ու խնդիրներով։ Այստեղ, սակայն, չեն մոռանում, որ պատերազմը դեռ չի ավարտվել: Սոցիալական, ֆինանսական եւ այլ հարցերը հադրութցիների կյանքը բարդացնում են, բայց նրանք չեն ընկճվում: «Հադրութն այսուհետ միայն իր հաղթանակներն է տոնելու, բոլոր դժվարությունները հետեւում են, հիմա կառուցելու ժամանակն է». ասում է 82-ամյա Արտավազդ դային, ով ամեն օր թեյ է խմում Հադրութի կենտրոնում գտնվող հայտնի չինարի ծառի տակ:

Շրջանն ունի 29 համայնք, որոնք ընդգրկում են Հադրութ քաղաքն ու 37 գյուղ' 12,070 բնակչով: Շրջանի առաջնային խնդիրներն են խմելու եւ ոռոգման ջուրը, ներքին հաղորդակցության ճանապարհները, որոշ գյուղեր ունեն հեռախոսակապի եւ հայրենական հեռուստաալիքներ դիտելու խնդիրներ։

Այսօր բնական գազով ապահովված է ընդամենը 2 համայնք' Ազոխն ու Դրախտիկը: Մինչեւ 2007-ի ավարտը գազ կունենան եւս երկուսը' Մեծ Թաղլարն ու Տողը: Բնական գազը Ծակուռի, Հրամաձոր, æիրակոս, Հովեր, Քյուրաթաղ, Ուխտաձոր, Ալբուլաղ, Հախլու, Մելիքաշեն, Այգեստան գյուղերով շրջկենտրոն' Հադրութ, հասցնելու ծրագիր կա։

Վարչակազմի ղեկավար Վալերի Գեւորգյանը վստահ Է, որ այս տարի «Հայաստան» հիմնադրամին կհաջողվի հավաքել «Հադրութի վերածննունդ» ծրագրի համար անհրաժեշտ գումարը եւ շրջանում ջրի, գազի, ճանապարհների խնդիրները լուծվելուց հետո բնակչության կյանքն էապես կփոխվի:

Վալերի Գեւորգյանն առավելապես կարեւորում է աշխատատեղերի ստեղծումը. «Միայն այդ դեպքում է հնարավոր է վերադարձնել Հադրութից հեռացածներին եւ ավելացնել բնակչության թիվը: Ես համոզված եմ, որ կարճ ժամանակահատվածում բնակչության թիվը կկրկնապատկվի»: Այս պահին Հադրութի վարչակազմն աշխատատեղերի ստեղծման վերաբերյալ հստակ ծրագրեր դեռ չունի, սակայն իրատեսական է համարում Մեծ Թաղլար եւ Ձորակ գյուղերի միջեւ ընկած տարածքում գինու գործարանի ստեղծումը: «Ժամանակին այդտեղ կար գինու գործարան, սակայն ադրբեջանցիները հեռանալուց առաջ այրեցին»: Գործարան կառուցելու դեպքում հնարավոր կլինի աշխատանքով ապահովել 40-50 մարդու:

«Հենց գործարանի հարեւանությամբ' Ձորակում, մտադիր ենք վերսկսել խաղողագործությունը: Սովետական տարիներին միայն Մեծ Թաղլարի այգիները տարեկան 25 -30 հազար տոննա խաղող էին հանձնում: Մշակման դեպքում, շրջանում հնարավոր է ոչ միայն գինի արտադրել, այլեւ' կոնյակ»,- ասում է Վալերի Գեւորգյանը:

Այսօր Հադրութի կենտրոնում գործում է գինու փոքրիկ գործարան, որն առայժմ ի վիճակի է ընդունել մինչեւ երկու տոննա խաղող: Արդեն երկու ամիս է գործարանի գինիները' Վարդագույն, Արենի, Վանաձոր վաճառվում են Ղարաբաղի խանութներում:

Հադրութի տնտեսությունը զարգացնելու նպատակով' վարչակազմը բնակիչներին մի քանի տարի առաջ վարկեր է տրամադրել, սակայն այսօր այդ գործընթացը դադարեցվել է. «Բանկերը չեն կարողանում հետ վերցնել տրամադրած վարկերը, իսկ նոր վարկեր չեն տալիս, քանի որ գյուղացին գրավ դնելու ոչինչ չունի: Եթե գյուղացին նույնիսկ համաձայնի գրավ դնել իր տունը, միեւնույն է' բանկն այն հետագայում չի կարող վաճառել: Սա է պատճառը, որ Ղարաբաղում բանկերը հրաժարվում են վարկեր տրամադրել»,- ասում է պարոն Գեւորգյանը:

Հադրութ քաղաքն ունի 3 հազար բնակիչ: Վալերի Գեւորգյանը դժվարանում է ասել, թե շրջկենտրոնի բնակիչներից քանիսն են այսօր գործազուրրկ. «Ավելի հեշտ կլինի ասել, թե քանիսն աշխատանք ունի: Հադրութն այսօր բանվորների կարիք ունի, որոնք կարող են շինարարությունում աշխատել եւ օրական 2-3 հազար դրամ վաստակել: Իհարկե, դա ժամանակավոր աշխատանք է, եւ բնակչությանը չի գրավում: Մարդիկ ցանկանում են կայուն աշխատանտեղ ունենալ»:

Վերջին շրջանում Հադրութն սկսել է հրապուրել գործարարներին։ Արմեն Օհանյանը սկսել է զբաղվել խաղողագործությամբ, իսկ Միքայել Բաղդասարովը գինեգործությամբ: Հադրութի առայժմ միակ գինու գործարանը պատկանում է նրան: «Համոզված եմ, որ կարճ ժամանակում, պարոն Բաղդասարովը կկարողանա Հադրութում զարգացնել գինեգործությունը»,-ասում է վարչակազմի ղեկավարը:

ԼՂՀ-ի մյուս շրջանների համեմատ Հադրութն այսօր ավելի վատ վիճակում է։ Դա այսպես է բացատրվում. «Հադրութի տարածքի 30 տոկոսը պատերազմի ընթացքում քանդել ու այրել են' 14 գյուղ բռնագրավվել է ադրբեջանցիների կողմից»:

Պատերազմից առաջ բնակչության քանակով Հադրութը զիջում էր Ղարաբաղի մյուս շրջաններին, սակայն համարվում էր հարուստ շրջան: «Մեր շրջանը հնարավոր է վերականգնել միայն խաղողագործությունն ու խոշոր անասնապահությունը զարգացնելու դեպքում: Խաղողի այգիներում բնակիչները կարող են աշխատել ամբողջ տարին: Դա իսկապես կայուն աշխատատեղերի ստեղծման հնարավորություն կտա»:

Վարչակազմի ուշադրության կենտրոնում է զոհվածների, ինչպես նաեւ բազմազավակ ընտանիքներին բնակարաններով ապահովելու խնդիրը. «Բոլոր զոհվածների տները վերանորոգել ենք: Ամեն տարի նրանց ընտանիքներին աջակցելու համար տրամադրում ենք 20-30 միլիոն դրամ: Տներով ապահովված են նաեւ շրջանի բոլոր բազմազավակ ընտանիքները»,- ասում է պարոն Գեւորգյանը: ԼՂՀ-ում ընտանիքը բազմազավակ է համարվում, եթե ունի 6 երեխա: Հադրութում ապրում է մոտ 40 բազմազավակ ընտանիք։ Դրանց թիվը գնալով ավելանում է: Բազմազավակ ընտանիքներից շատերը Ադրբեջանից գաղթած փախստականներ են: Հադրութում ապրում է նաեւ 10 երեխա ունեղող բազմազավակ մի ընտանիք, որը տեղափոխվել է Հայաստանից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter