HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գենետիկ ներուժը դեռ քնած է

Գործարար Լեւոն Հայրապետյանը դժվարանում է ասել, թե ԼՂՀ հինգ շրջաններից որն է ամենակարեւորը, սակայն պատերազմը նրա համար նոր բացահայտումների առիթ է եղել: «Ես ծնվել եմ Մարտակերտի շրջանի Վանք գյուղում, եւ կարծում էի, որ մեր սարերն ավելի բարձր են, մարտակերտցիներն էլ' ավելի հզոր ու քաջ, սակայն արցախյան պատերազմը ցույց տվեց, որ ամենահզորն ու քաջը հադրութցիներն են: Եւ մենք' բոլոր հայերս, այսօր ուղղակի պարտավոր ենք աջակցել Հադրութի զարգացմանը»:

Լեւոն Հայրապետյանի կարծիքով հայերը նավթի ու գազի փոխարեն, գենետիկ ներուժ ունեն, որը, սակայն, դեռ քնած է: Նա առաջարկում է, «որպեսզի յուրաքանչյուր հայ, ով ապրում է հայրենիքից դուրս, անկախ նրանից' որտեղ ու ինչ գործով է հաջողությունների հասել, գենետիկ հարկ վճարի հայ ժողովրդին», քանի որ համոզված է, որ հայի մեկնարկային կապիտալը սերնդեսերունդ փոխանցվող ներուժն է:

Լեւոն Հայրապետյանը Ռուսաստանում հաջողակ գործարար է, եւ գենետիկ իր հարկն արդեն քանի տարի վճարում է: Հայրենի Վանք գյուղում ստեղծել է փայտամշակման գործարան' ներդնելով ժամանակակից տեխնոլոգիաներ: Գործարանի հարեւանությամբ հյուրանոց է կառուցել, բարեկարգել է դեպի Գանձասար տանող ճանապարհը:

«Ղարաբաղի ու Հայաստանի իշխանությունները շատ ժամանակ են կորցրել: 15 տարի առաջ Իտալիան Եվրոպայի ամենահետամնաց երկիրն էր, սակայն նրանք պայքար սկսեցին կոռուպցիայի դեմ: Մեր ազգի համար կոռուպցիան ճոխություն է, եւ միայն դրա դեմ պայքարելու դեպքում իշխանությունները կսկսեն ապրել ժողովրդի հոգսերով»:

Ու մինչ իշխանությունները կփորձեն կամ չեն փորձի իրական պայքար ծավալել կոռուպցիայի դեմ, Լեւոն Հայրապետյանը Ղարաբաղ է հրավիրել Ռուսաստանում բնակվող մի քանի հայ գործարարների' ներդրումներ կատարելու համար:
«Հադրութի շրջանը հատուկ ուշադրության է արժանի, -ասում է ռուսաստանցի հայ գործարարը,- Ստեփանակերտն ու մյուս շրջաններն ավելի արագ են զարգանում»:
Նրա կարծիքով ԼՂՀ-ում ներդրումներ կատարողներն այսօր պետք է մոռանան շահույթի, ռիսկի ու նման բաների մասին, սկզբում պետք է միայն բարեգործական նպատակներ հետապնդեն£

Լեւոն Հյարապետյանին առավելապես մտահոգում է Հադրութի երիտասարդության խնդիրը. «Նրանց Հադրութում հնարավոր է պահել միայն աշխատատեղեր եւ մշակութային օջախներ ստեղծելով, իսկ դրա համար նախ եւ առաջ պետք է երկրի տնտեսությունը զարգացնել»:

Մարդկանց պետք է օգնել, բայց թե օգնությունը չունի հետեւանք, այն դառնում է ողորմություն£ Ողորմությունը ողորմելի է դարձնում մարդուն: Չի կարելի այդպես վարվել մարդու հետ, հատկապես այն մարդու, ում մեջ հզոր գենետիկ ներուժ է քնած: Մարդուն պետք է հնարավորություն տալ, եւ ինքն անպայման մնացածը կանի: Պետք է օգնել ճանապարհ դուրս գալ, եւ ոչ թե նրա փոխարեն անցնել ճանապարհը:

Վանք գյուղում ստեղծված գործարանի բացման արարողության ժամանակ տված մի հարցազրույցում, Լեւոն Հայրապետյանն ասում էր, թե կարող էր պարբերաբար դրամական օգնություն ցույց տալ իր համագյուղացիներին, սակայն բարոյապես ավելի բարձր է աշխատելու հնարավորություն տալը:

Եւ ընդհանրապես, գործարարի կարծիքով, պետք է մտածել վեհ ու բարձր բաների մասին, որովհետեւ ժողովուրդը պատերազմի ընթացքում վեհության օրինակը տվել է: Հիմա Լեւոն Հայրապետյանը մտադիր է սուվորովյան տիպի ռազմական ուսումնարան բացել Ղարաբաղում, որը կրթված ու հմուտ սպաներ կպատրաստի Ղարաբաղի եւ ինչու չէ նաեւ Հայաստանի բանակի համար: Ինքնածին հրամանատարներին, որոնք արիության ու անձնազոհության բազում օրինակներ են տվել, պետք է փոխարինեն ռազմի արվեստագետներն ու գիտնականները:

Մեկնաբանություններ (2)

Հասմիկ Ա. Ա.
Այո, Լևոն Հայրապետյանն այն բացառիկ բարերարներից էր, ով պատասխանատվություն էր զգում մարդկանց համար,ում օգնել էր, և օգնել ' ոչ թե ձուկ, այլ կարթ տալով: Խաղաղություն Լևոն Հայրապետյանի լուսավոր հոգուն:
ashot nalchajyan
որպես ամբողջ պատերազմով անցած՝հաստատում եմ,միանշանակ Արցախի ամենա-ամենան Հադրութն ու հադրութցիներն են

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter