HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տնաշեն երեխա

«Գիդաս չեմ, թա հինչ անիմ, 6-ին պիրի՞մ, թա չէ», - մտածում է Ազոխ գյուղի բնակիչ 33-ամյա Նունե Պողոսյանը: 6-ին ասելով' Նունեն նկատի ունի 6-րդ երեխային: 6-րդ երեխան այս ընտանիքում ոչ թե սպասված կամ ցանկալի երեխա է լինելու, այլ' մյուս 5 երեխաներին ապահովելու է տանիքով: Նունեն ունի չորս աղջիկ ու մեկ տղա, ապրում է ծայրահեղ աղքատության մեջ: Ամուսինը' Յուրա Ալավերդյանը, մասնակցել է պատերազմին, մի քանի անգամ վիրավորվել, երկրորդ կարգի հաշմանդամ է: Երկուսն էլ գործազուրկ են: 7 անձից կազմված ընտանիքն ապրում է հինգ երեխայի համար տրվող 20 հազար դրամ նպաստով:

Մինչեւ երեխաների նպաստը ստանալն արդեն խանութում պարտքեր են կուտակված լինում:

Նախքան Ազոխ տեղափոխվելը վարձով ապրել են Ստեփանակերտում: Վարձը ժամանակին չվճարելու համար տան տերը խնդրել է ազատել բնակարանը։ Նունեն ամուսնու ու երեխաների հետ հայտնվել է փողոցում: Ազոխում ապրում են Նունեի ծնողներն ու եղբոր ընտանիքը: Արդեն 8-ը տարի միասին են: «Իմ ախպոր ընտանիքն էլ ա շատ մեծ: Կրես չեն ապրին, քյոմագ անող չոնինք: Ուժե պիտի տյուս կյանք, ամա քինալի տեղ չոնինք»:

Մի քանի հավն ու փոքր հողամասը բավարար չեն անչափաս հինգ երեխային կերակրելու համար: Նունեն բազմիցս դիմել է ԼՂՀ իշխանություններին եւ խնդրել իրեն ապահովել բնակարանով, սակայն պատասխան չի ստացել: ԼՂՀ-ում գործող օրենսդրության համաձայն բազմազավակ են համարվում այն ընտանիքները, որոնք առնվազն 6 երեխա ունեն: Նույն օրենսդրության համաձայն պետությունը պարտավոր է բոլոր բազմազավակ ընտանիքներին ապահովել բնակարաններով: Դա է պատճառը, որ Նունեն որոշել է ունենալ 6-րդ երեխան։ «Էսօր մենք վեչ մինին հարկավեր չենք: էդ օրենք կիրողը, ինքը վեցը կպիրի՞, վեր կիրալ ա». հարցնում է Նունեն։

Երեխաները գյուղի կենտրոնում' աղբյուրի մոտ, գրեթե մերկ վազվզում են: Նա չի հիշում, թե վերջին անգամ ե՞րբ է երեխաների համար հագուստ գնել. «Հինչ տաս են, էն էլ կեց եմ տաս: Հաց կրե՞ս եմ իքոնիմ, վեր շոր իքոնիմ (ինչ տալիս են, այն էլ հագցնում եմ: Հաց կարողանու՞մ եմ գնել, որ հագուստ գնեմ-Վ. Ա.)»:

Վերջին անգամ Նունեն երեխաներին լողացրել է 15 օր առաջ եւ չգիտի, թե նորից ե՞րբ կարող է նման «ճոխություն» թույլ տալ. Ազոխում ջուրը պակաս է, իսկ տոննան հազար դրամով վաճառվող ջրից Նունեն գնելու հնարավորություն եւ ցանկություն չունի, քանի որ չի հասկանում, թե ինչո՞ւ է Աստծո բարիքը վաճառվում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter